Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկաններն այցելել էին «Պոնչոյին», դուռը փակ է եղել, հետախուզում են հայտարարել

Հունվար 21,2021 14:00

Դերասանի քույրը հայտնել էր, որ եղբայրը հաճախ է բացակայում տնից, նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա: Մինչդեռ, ըստ դատարանի որոշման, նա քաջատեղյակ է եղել, որ իր վերաբերյալ քրեական գործով դատական նիստեր են տեղի ունենում:

Անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Գ. Պողոսյանին էր դիմել մեղադրող Է.Պետրոսյանը, արտիստ Վահագն Սիմոնյանի՝ «Պոնչոյի» նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Դերասանը ներգրավված է 2015թ. օգոստոսի 24-ին տեղի ունեցած միջադեպի համար հարուցված քրեական գործով, երբ ըստ մեղադրանքի, նա Տիգրան Մեծի պողոտայի շենքերից մեկի բակում վիճաբանել է գործով տուժող Ռուբեն Գալստյանի հետ, «էլեկտրահարել է» նրան, պատճառելով մարմնական վնասվածք:

2015թ. սեպտեմբերի 7-ին հարուցվել էր քրեական գործ:

2016թ. ապրիլի 12-ից քրեական գործը Կենտրոնի նստավայրում է, դատավոր Գագիկ Պողոսյանի վարույթում:

Ճանաչված դերասանը դատական նիստերից մեկի ժամանակ հայտնել էր, որ ոտքով է Դավիթաշեն համայնքի տարածքից գալիս Կենտրոնի նստավայր, քանի որ հինգ տարուց ավելի ներգրվված գործով չի աշխատում, հաճախ չի կարող հրավերներ ընդունել, քանի որ իր նկատմամբ քրեական հետապնդում կա, չունի նյութական միջոցներ: «Այս դատավարությունն ազդում է իմ ռեպուտացիայի վրա: Միլիարդավոր մարդիկ են ինձ ճանաչում, ես չեմ ուզում, որպեսզի իմ հանդիսատեսն իմանա, որ մահափորձ է կատարվել արտիստի դեմ՝ իմ դեմ»,-ասել էր նիստերից մեկի ժամանակ Վահագնը:
Մեղադրողը պատճառաբանել էր, որ ամբաստանյալի հեռախոսահամարն անհասանելի է, ամբաստանյալը քաջատեղյակ լինելով, որ նիստերը ընթանում են, չի հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին, բացակայում է բնակարանից:

Ըստ դատարանի որոշման, միաժամանակ գնահատելով ոստիկանության կողմից կազմված արձանագրությունը եւ «ողջամտորեն ենթադրելով», որ ամբաստանյալի գտնվելու վայրն անհայտ է, դատարանը գտել էր, որ հետախուզման կատարումը պետք է հանձնարարվի ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությանը: Մինչ նրան հայտնաբերելը կասեցվել էր քրեական գործի վարույթը:

Հոկտեմբերի 26-ին վարույթը վերսկսվեց, եւ դատարանը որոշում կայացրեց այդ կապակցությամբ: Վահագն Սիմոնյանին Կենտրոնականի ոստիկանները բերման էին ենթարկել. ըստ արձանագրության:

Այս տարվա հունվարի 15-ին հերթական դատական նիստն էր:

Հիշեցնեմ, որ Վահանգնի հետ դեպքի օրը եղել էր նրա քաղաքացիական գործով ներգրավված փաստաբան Գեւորգ Մարտիրոսյանը: Որպես վկա նիստերից մեկով դատակոչված փաստաբանը նկարագրել էր դեպքի օրվա մանրամասները, նաեւ դիմել էր դատարանին՝ իր վստահորդին ճանաչել այս գործով որպես տուժող:

«2015թ. օգոստոսի 24-ին ես Վ. Սիմոնյանի հետ գնացել եմ նրա աներոջ տուն՝ գույքային հարցեր լուծելու: Երեկոյան ժամը 19.45-ին մոտեցել ենք աներոջ շենքին, ուր կանգնած էր մի անձ: Վահագնը ասաց, թե եկել է երեխաներին տեսնելու եւ նաեւ՝ թե ինչ վատ մարդ է աները, որ 6 ամիս է՝ չի թողնում երեխաներին տեսնել: Այդ մարդն, ասես, դարավոր թշնամություն ուներ, հարձակվեց Վահագնի վրա, հայհոյանքներ տվեց Սիմոնյանին, սկսվեց քաշքշուկ: Փորձեցի թույլ չտալ, սակայն առաջին իսկ հարվածից հետո Վահագնը ընկավ:

Տուժողը, որը Վահագնի աներոջ հարեւանն էր, խիստ ագրեսիվ էր, հարձակվում էր Վահագնի վրա, հայհոյում կնոջը, մորը, ընտանիքին:

Իսկ Վահագնը վատ էր զգում, խնդրում էր ջուր: Դեպքի վայրից 10 մետր հեռավորության վրա կար ցայտաղբյուր եւ ես փորձ արեցի, որպեսզի ջուր հասցնեմ Վահագնին, սակայն հետեւեց տուժողի՝ 90 աստիճանի անկյան տակ երկրորդ հարվածը, ինչից Վահագնը ընկավ ցած: Տուժողը հարվածում էր ձեռքերով, ոտքերով եւ Վահագնն արդեն խռխռացնում էր, ուշքի չէր գալիս, իսկ այդ ընթացքում եկել էին տուժողի ընտանիքի անդամները եւ Դավիթ անունով մի անձնավորություն, որը խոչընդոտում էր ու չէր թողնում, որպեսզի ես զանգեմ շտապօգնություն: Մի կերպ, երբ տեսա, որ Վահագնը կենդանության նշաններ է ցույց տալիս, զանգեցի շտապօգնություն: Տուժողը գոռում էր՝ դու մեռար, քո գերեզմանը փորեցիր, դու սպանվեցիր: Իր կամքից անկախ՝ Վահագնը չսպանվեց»:

Վահանգնին, եթե մեղադրանքը հաստատվեր, սպառնում էր չորսից ութ տարվա ազատազրկում, վեց տարի արդեն նա քրեական հետապնդման մեջ է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031