Արվեստաբան Սերգեյ Առաքելյանը զարմացած է
Պատերազմի առաջին օրերից արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը «Առավոտին» է տրամադրում մեր մշակույթի մեծանուն գործիչների հետ պատահած պատմություններ, որոնք տասնամյակների վաղեմություն ունեն եւ առնչվել են ադրբեջանցիների հետ հարաբերություններին։
Արվեստաբանն այս անգամ էլ նշեց, որ իր տագնապը դարձյալ վերաբերում է դրանց կողմից մինչ օրս հայ երաժշտության շարունակական կողոպուտին։ Ներկայացնենք արվեստաբանի խոսքն առանց միջամտության. «Այս պատմության մեջ իրենց մեղքի բաժինն ունեն մեր երաժշտագետները, որոնք քաջատեղյակ լինելով այդ թալանին, լռել են եւ փաստորեն օգնել ադրբեջանցի երգագողերին։ Հասկանալի է՝ վախեցել են «անխախտ բարեկամություն» քարոզող կոմունիստական գաղափարախոսությունից։ Բայց կա նաեւ առավել աններելի մի բան. մեր երաժշտագետների անտեղյակությունն ու անտարբերությունը։
Ակամայից մտածում ես՝ ինչպե՞ս կվարվեին ազերիները, եթե հակառակ պատկերը լիներ։ Հիշենք, թե ի՜նչ վայնասուն բարձրացրին նրանք, ինչ շանթ ու կրակ թափեցին վաղամեռիկ տաղանդավոր երգչուհի Վարդուհի Վարդանյանի գլխին, հանիրավի մեղադրելով նրան «իրենց ազգային» երգը կատարելու համար։ Այն դեպում, երբ երգչուհին հրաշալի մեկնաբանել էր հայկական քաջածանոթ մի պարեղանակ իր իմպրովիզներով։ Ընդ որում, պարեղանակը ժամանակին, մինչ օրս էլ, իր մնայուն տեղն ունի մեր բոլոր ժողգործիքների եւ պարային անսամբլների ծրագրերում։
Կարդացեք նաև
Հիմա դառնամ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռաշիդ Բեյբութովին, որը ժամանակին հանրահայտ դարձավ Ուզեիր Հաջիբեկովի «Արշին մալ- ալան» ֆիլմի գլխավոր հերոսի՝ Ասկյարի կերպարը մարմնավորելուց հետո։
Բեյբութովին հայկական երգը հարազատ էր դեռեւս 1930-ականների վերջերից, երբ նա Հայաստանի պետական ջազ նվագախմբի մեներգիչ էր եւ հանդիսանում էր նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմի Այվազյանի մի շարք երգերի առաջին կատարողը։ Նա մասնակցեց նաեւ 1939թ. Մոսկվայում կայացած Հայ գրականության եւ արվեստի առաջին տասնօրյակին։
Ընդամենը մի քանի տարի առաջ ռուսաստանյան հեռուստաալիքներից մեկով «Ժողովրդական երգարվեստ» խորագրով ցուցադրվեց հաղորդում՝ նվիրված Ռաշիդ Բեյբութովին։ Ադրբեջանցի երգիչը ճեմում էր ժողովրդական շքեղ նվագարանների (թառ, քամանչա, դուդուկ, քանոն, սրինգ, շվի եւ այլն) ցուցասրահում՝ երգելով ադրբեջանական ժողովրդական երգեր, այդ թվում՝ Կոմիտասի «Ալագյազ» եւ Աշուղ Շերամի «Ալվան վարդեր» ստեղծագործությունները։ Դատապարտելին այն է, որ Ռաշիդը դրանք ներկայացնում էր որպես ադրբեջանական ժողովրդական երգեր։ Զայրույթից ու վիրավորանքից ուզում էի փշրել հեռուստաէկրանը։ Միակ բանը, որ ինձ ետ էր պահում ու ստիպում լսել երգչին, անկեղծ ասած, դա կոմիտասյան երգեցողության ավանդույթներին նրա հարազատ մնալն էր, ինչը Ռաշիդը սովորել էր իր դասախոսից՝ անվանի մանկավարժ, նշանավոր երգչուհի, Ալմաստի լավագույն դերերգիչներից մեկից՝ վաստակավոր արտիստ Թամարա Շահնազարյանից, Երեւանի կոնսերվատորիայի նրա դասարանում սովորելու տարիներին։
Տասնամյակներ են սահել, սակայն միտքս հաշտ չէ այն իրողության հետ, թե ինչպես կարող էր իրեն հայ երգի բարեկամ հռչակած ու մեր երգարվեստի պատմությանը քաջատեղյակ Ռաշիդը յուրացնել ուրիշի հարստությունը։ Ախր ես նրան շատ լավ եմ ճանաչել։ Ախր դա եւ նման արարքները զազրելի են եւ պարզապես ազգային խայտառակություն»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.01.2021