Երիտասարդ միջազգայնագետի նախաձեռնությունը
Գարիկ Հարությունյանը շուրջ մեկ ամիս առաջ ստեղծել է «Դիվանագետի գրադարան» հարթակը` diplomaticlibrary.blogspot.com, որտեղ քաղաքական-դիվանագիտական բնույթի զանազան գրքեր, հոդվածներ, դասախոսություններ, առցանց կայքերի հղումներ է տեղադրում:
Գարիկը ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2019թ.-ից՝ ԵՊՀ ազգային անվտանգություն մագիստրոսական ծրագրի երկրորդ կուրսի ուսանող է: Թե ինչպես ծնվեց «Դիվանագետի գրադարանը», «Առավոտի» հետ զրույցում նա այսպես է մեկնաբանում. «Համալսարանում սովորող յուրաքանչյուր ուսանող գիտի, որ ուսումնական տարվա սկզբնական շրջանում արդեն սկսում են փնտրել նյութեր, որպեսզի պատրաստվեն միջանկյալ եւ բանավոր քննություններին: Միջանկյալ քննություններն առաջին կիսամյակի պարագայում հոկտեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին են լինում, իսկ երկրորդ կիսամյակում՝ մարտ եւ մայիս ամիսներին: Բնականաբար, մեկ ամսվա ընթացքում ուսանողը դժվար թե կարողանա համատեղել եւ սովորելը, եւ նյութերը փնտրելը (նյութերը թարգմանել տարբեր լեզուներից, համակարգել դրանք եւ այլն): Դիվանագետի գրադարանի նպատակներից մեկը հենց դա է՝ հեշտացնել ուսանողների գործը, հարստացնել հիմնական գրականությունը, հասանելի դարձնել ոլորտին առնչվող ցանկացած տեղեկատվություն»:
Քանի որ ի թիվս այլ տեղեկությունների, անդրադարձ կա նաեւ ժեստերի լեզվին ու դիվանագիտական էթիկային, Գարիկ Հարությունյանին խնդրեցինք մանրամասնել հատկապես այդ երկուսի կարեւորության մասին եւ որոշ օրինակներ բերել:
«Երկուսն էլ կարեւոր տեղ են զբաղեցնում դիվանագիտության բնագավառում: Դիվանագիտական էթիկան դիվանագետի բարոյական վարքագծի, վարվեցողության կանոնների, հոգեւոր սկզբունքների մասին գիտություն է, որով նա ղեկավարվում է իր առաքելության ողջ ընթացքում: Այսօր դիվանագիտական էթիկայի նորմերի ճիշտ իմացությունը դարձել է անհրաժեշտություն եւ առանձնահատուկ իմաստ ստացել միջազգային հաղորդակցության մեջ՝ նպաստելով դիվանագետի եւ պաշտոնատար անձանց ընդհանուր վարքագծի մակարդակի բարձրացմանը:
Ինչ վերաբերում է ժեստերի լեզվին, ապա հարկ է նշել, որ կայքում այս համատեքստում մեծ ուշադրություն է դարձվել մասնավորապես ժեստերի վերծանման կանոններին, մանրամասն անդրադարձ է կատարվել ձեռքսեղմման վերլուծությանը եւ այլ թեմաներին: Մարմնի լեզուն հասկանալու համար մենք պետք է հասկանանք զրուցակցի հուզական վիճակը զրույցի պահին, լսենք նրա ասածները եւ հաշվի առնենք այն հանգամանքները, որոնցում զրույցն ընթանում է: Բերեմ մեկ օրինակ. Ավստրալիայի 23-րդ վարչապետ Բոբ Հոուքը մի անգամ ելույթ էր ունենում քաղաքական գործիչների աշխատավարձը բարձրացնելու օգտին՝ նրանց եկամուտները համեմատելով խոշոր ֆիրմաների եւ ձեռնարկությունների ղեկավարների եկամուտների հետ: Նա պնդում էր, որ ֆիրմաների ղեկավարների եկամուտներն անչափ ավելի մեծ են, իսկ քաղաքական գործիչների՝ իր կողմից առաջարկվող աշխատավարձերի բարձրացումն այնքան էլ մեծ չէ: Ամեն անգամ քաղաքական գործիչների եկամուտները հիշատակելիս Հոուքը ձեռքերը բացելով տարածում էր գրեթե 1 մետրի չափով, իսկ ֆիրմաների ղեկավարների եկամուտների մասին խոսելիս ձեռքերը տարածում էր մոտավորապես 30 սանտիմետրով: Վարչապետի ձեռքերի ափերի միջեւ եղած հեռավորությունը խոսում էր այն մասին, որ նա, չնայած իր բանեցրած խորքային խորամանկություններին, գերազանց հասկանում է, թե քաղաքական գործիչներն ինչպիսի նշանակալի օգուտ կունենան իր առաջարկից»,- նշեց նա:
Իսկ որպես միջազգայնագետ՝ իր կարծիքով մեր երկրի համար հատկապես ինչ առաջնահերթություններ կան:
«Հայաստանը պետք է շարունակի խորացնել իր կապերը ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ: Երկու երկրների միջեւ համագործակցության դաշնակցային օրակարգը ընդգրկում է ռազմաքաղաքական անվտանգության, էներգետիկ եւ ենթակառուցվածքների զարգացման, կրթական, մշակութային եւ այլ ծրագրեր: Հայաստանը պետք է ամրապնդի իր կապերը ԵՄ անդամ երկրների՝ մասնավորապես, Ֆրանսիայի եւ Գերմանիայի հետ: Կարեւորում եմ նաեւ Հայաստանի համագործակցությունը հարեւան 2 երկրների՝ Վրաստանի եւ Իրանի հետ, որոնց հետ մեր հարաբերությունները կարեւոր նշանակություն ունեն տարածաշրջանային անվտանգության եւ զարգացման համար: Կարծում եմ՝ այս ուղղությամբ Հայաստանի առաջնահերթ խնդիրը պետք է լինի զարգացնել համագործակցային հարթակները եւ ակտիվ երկխոսության մեջ լինել միջազգային գործընկերների հետ»,-նշեց երիտասարդ միջազգայնագետը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.01.2021