Գուցե եւ շատերը համաձայն չլինեն եղեռն տերմինի հետ, սակայն միանգամից նշեմ, որ այն, ինչ 2020 թվականի աշնանը տեղի ունեցավ Արցախում եւ Հայաստանի որոշ բնակավայրերում, դա բացարձակապես դասական եղեռն էր եւ մեծ ցանկության դեպքում անգամ, այն այլ կերպ չի կարելի որակել: Նյութը շատ ընդգրկուն է, ուստի կխոսենք միայն տեղի ունեցածի հիմնական եւ բնութագրիչ բաղադրիչների մասին: Այն, որ Ադրբեջանը, ինչպես նաեւ Թուրքիան մեծ ինտենսիվությամբ նախապատրաստվում էին եւ սպասվում էր Արցախա-ադրբեջանական պատերազմի վերսկսում (ժամկետն էր անհայտ), դա գաղտնիք չէր, սակայն այն ծավալները եւ նրանց կողմից օգտագործվելիք զինտեխնիկան նման լայնածավալ աշխարհագրություն կունենար (ավելացրած նաեւ հազարավոր սիրիական վարձկանների ներքաշումը այդ պատերազմում), որոշակի իմաստով անսպասելի էր եւ կարելի է ասել, որ այն ինչ-որ իմաստով անակնկալի բերեց հայկական կողմին:
Պատերազմի հենց առաջին օրերից շատերին պարզ դարձավ, որ այն շատ ավելի նմանվում է 1915 թվականի Հայոց մեծ եղեռնի շարունակությանը կամ Հայոց նոր եղեռնի սանձազերծմանը, քան պատերազմական գործողությունների սովորական վերսկսմանը: Այդ օրերին աշխարհի ոչ մի երկիր գործնականում չմիջամտեց այդ պատերազմին, փոխարենը նրանք ընդամենը ոչինչ չասող հայտարարություններ էին սփռում, որոնք լիովին արհամարհվում էին երկու հրեշների կողմից, քանզի նրանք ոչ թե սովորական պատերազմ էին վարում, այլեւ նրանց կողմից վճռականորեն իրականացվող քայլերն ավելի շատ նման էին ցեղասպանության իրականացման ծրագրի: Որ նրանց կողմից այս պատերազմը վաղ թե ուշ վերսկսվելու էր, դա ակնհայտ էր, սակայն այն, որ դա կարող էր կրել նման լայնամասշտաբ բնույթ եւ կփորձեին այն իրականացնել ցեղասպանական մակարդակով, ինչ-որ իմաստով անսպասելի էր: Իհարկե, այստեղ բազմաթիվ եւ բազմապիսի հարցեր են առաջանում, սակայն կփորձենք պատասխանել երկու հիմնական հարցի. ինչո՞ւ էին փորձում պատերազմը տանել ցեղասպանության մակարդակով եւ ինչքանո՞վ էին վստահ, որ հայկական կողմն այնքան թույլ կպահի իրեն, որ իրենց կհաջողվի իրականացնել հերթական ցեղասպանությունը:
Չգիտեմ՝ ինչ տեղեկատվության վրա էին նրանք հիմնվում, սակայն մեծ հաշվով նրանք ճիշտ դուրս եկան եւ նրանց նպատակն իրականացավ: Փորձենք հասկանալ, թե ի՞նչ եղավ ու ինչո՞ւ այդպես եղավ: Հավանաբար նրանք վերլուծել եւ խորությամբ հասկացել էին 1915թ. Հայոց մեծ եղեռնի դասերը, ինչը մենք պատշաճ ձեւով չէինք արել, որը փաստեց հենց 2020թ. պատերազմի ընթացքը: Առանց մանրամասների, զուտ բովանդակային ձեւով փորձենք հակիրճ ներկայացնել այն գլխավոր եւ որոշիչ նմանությունը, որը կար 1915 եւ 2020թթ. ցեղասպանությունների միջեւ: Դա հայերի միջեւ՝ միմյանց նկատմամբ անտարբերությունն էր, այլ խոսքով ասած՝ միմյանց նկատմամբ դավաճանությունը, որի բացատրությունը կարելի է տալ հետեւյալ կերպ:
Հիշենք, թե ինչ էր կատարվում 1915 թվականի եղեռնի ժամանակ: Նրանք հայերին բաժան-բաժան էին արել՝ ասենք մի քանի հարյուր հոգուց բաղկացած խմբերի եւ ամեն նման խմբի «հարցերը լուծելը» հանձնվել էր մոտ 10-20 զինված ձիավոր ասկյարների: Այդ ձիավորներն ամենավերջին անմարդկային ձեւով էին վարվում հայերի հետ: Հայերին մի շարքով շարում էին, որպեսզի ամեն ինչ հստակ տեսանելի լիներ, քայլում էին այդ շարքի առջեւով եւ սպանում ու անարգում նրանց:
Կարդացեք նաև
Դիմում էին ընդհուպ ամենադաժան քայլերի. եթե շարքում կանգնած էր լինում հղի կին, նրանք ոչ ավելի, ոչ պակաս, անխղճորեն թրով պատռում էին նրա փորը, իսկ նրա կողքին գտնվող ամուսինը, եղբայրը կամ ուրիշներն ընդամենը գառան խեղճացած հայացքով նայում էին այդ տեսարանին՝ առանց ծպտուն հանելու, իսկ նրանց հայացքում լոկ մի աղերս էր նշմարվում. հանկարծ մեզ էլ չսպանեք…
Ինչո՞ւ հարյուրների հասնող ձեր խմբով չէիք հարձակվում այդ մի քանի ձիավորների վրա եւ փորձում խլել նրանց զենքերը, թեկուզ մի քանի հոգի էլ սպանվեիք: Նման պարագայում, դուք հաստատ կխլեիք նրանց զենքերն ու ձիերը եւ իրավիճակը որոշակի իմաստով կանցներ ձեր հսկողության տակ: Նրանք թվաքանակով էապես զիջում էին ձեզ եւ նման քայլերի դիմելու պարագայում, այն անպայման կհաջողվեր ձեզ……Եթե փորձենք զուգահեռներ անցկացնել 2020թ. Արցախյան պատերազմի հետ, ապա պատկերը բովանդակային իմաստով համարյա նույնն է:
Իհարկե, Հայաստանի եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունների կողմից եղան առանցքային նշանակության ստրատեգիական եւ մարտավարական էական սխալներ, սակայն եթե բուն պատերազմը վարողները զգոն լինեին եւ հասկանային այդ ամենն ու հասկանային, որ պատերազմը մնացել է զուտ իրենց ուսերին ու ամեն ինչ որոշողն իրենք են, ապա նրանք պետք է փորձեին պատերազմը տանել այլ մարտավարությամբ, քանզի էքստրեմալ իրավիճակներում երբ առաջնորդը զոհվում է, գործընթացները կանգ չեն առնում եւ առաջնորդի դերը ստանձնում են իրենք:
Պատերազմի որոշակի պահից սկսած անկառավարելի ու որոշակի քաոսային իրավիճակ էր տիրում հայկական կողմում եւ փոխանակ վերակազմակերպվելու, մեջքները ուղղելու եւ ավելի մեծ ավյունով կռվելու, նրանց մեջ սկսեց խոսել 1915թ. հայի արյան գենը, գլուխ բարձրացրեց դավաճանությունը ու նրանք սկսեցին փախչել՝ լքել դիրքերը, ամբողջ պատերազմը հիմնականում թողնելով 18-20 տարեկան մեր առյուծ զինվորների եւ որոշակի քանակով հայրենասեր պայմանագրային զինծառայողների ու մի շարք կամավորների ուսերին: Նման պարագայում անհնար էր դիմակայել ահռելի քանակով թուրքական, ադրբեջանական ժամանակակից զինտեխնիկայի ու հազարավոր վարձկան ահաբեկիչների հուժկու գրոհներին:
Հենց այդ ժամանակից էլ սկսած, ջարդվեց մեր պաշտպանության ու բանակի ողնաշարը, սկսվեց մեր պարտությունների շարանը եւ տարածքների հանձնումը: Փաստացի, ոչ մի ռեալ քայլ չարվեց այդ ողբերգական վիճակը շտկելու ուղղությամբ, որն էլ բերեց հայկական կողմի ամոթալի եւ աններելի կապիտուլացիային:
Դրանով մենք անարգեցինք նաեւ իրենց կյանքը հերոսաբար զոհած այն հայորդիների հիշատակը, որոնց շնորհիվ 30 եւ ավելի տարիներ մեր հսկողության տակ էր համարյա ողջ Արցախը: Դա մի խարան է, որը հազարամյակներով չի ջնջվելու մեր ուսերից ու մեր հիշողությունից…
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
20.01.2021