Լրահոս
Օրվա լրահոսը

Ով է Ադրբեջանում «տան տերը»

Հունվար 21,2021 12:00

Ակիզբը՝ այստեղ:

Թուրք-ադրբեջանական զորավարժություններ՝ Հայաստանի սահմանի մոտ

Փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարսում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն կանցկացնեն, որին ներգրավելու են տանկային ու հրետանային ստորաբաժանումներ, ուղղաթիռներ, հատուկջոկատայինների ստորաբաժանումներ: Այս մասին, ըստ «Ռազմինֆո»-ի՝ հայտնել է թուրքական «Հաբերթյուրք» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ զորավարժություններին նախատեսվում են նաեւ նոր սպառազինության եւ զինտեխնիկայի դաշտային փորձարկումներ: Թուրքական լրատվամիջոցի ձեւակերպմամբ՝ դա կլինի վերջին ժամանակների ամենամեծ զորավարժություններից մեկը:

Թուրքական իշխանամերձ մեկ այլ լրատվամիջոց՝ «Ahaber»-ը, այդ զորավարժությունը ուժի ցուցադրում է համարում Հայաստանին։ 2020թ. օգոստոսին թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններից շաբաթներ անց Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ պատերազմ սկսեց Արցախում:

Հետեւաբար, տրամաբանական հարց է ծագում՝ իսկ հիմա՞ ինչ նպատակ են հետապնդում Թուրքիան ու Ադրբեջանը, երբ Ռուսաստանի ջանքերով Լեռնային Ղարաբաղում դադարեցվել են ռազմական գործողությունները, իսկ կողմերը լծվել են անգամ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման գործընթացին ու քարտեզագրման աշխատանքներ են ծավալում, այն էլ՝ կայծակնային արագությամբ:

Թուրք-ադրբեջանական զորավարժություններն անցկացվելու են Հայաստանի սահմանի մոտ, եւ ըստ ամենայնի թուրք-ադրբեջանական դաշինքը, չնայած Պուտինի անձնական ջանքերին՝ Լեռնային Ղարաբաղում կայունություն հաստատել, ուժի ցուցադրության ժեստ է անում Ռուսաստանին, հասկացնել տալով, թե ամեն ինչ Պուտինի հովանավորությամբ ու երաշխիքներով չի սահմանափակվում, ամեն ինչ կարող է դուրս գալ Պուտինի վերահսկողությունից:

Իհարկե, չի կարելի բացառել նաեւ այն հանգամանքը, որ Թուրքիան բավական դժգոհ է ռուսական ազդեցության աստիճանից Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, եւ որոշակի քայլերի է դրդում Ալիեւին, որպեսզի ապացուցի, թե ով է Ադրբեջանում «տան տերը», ինքը՝ Էրդողանը, այլ ոչ թե՝ Պուտինը:

Մյուս կողմից, պաշտոնական Անկարան Հայաստանին ուղղված որոշ ուղերձներով էլ ձգտում է հասկացնել, թե տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատվել՝ առանց ռուսական մասնակցության:

Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն կրկին հաստատել է Երեւանի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի մտադրությունը եւ նշել, թե դա որ պարագայում տեղի կունենա: Չավուշօղլուն Անկարայում գերմանացի գործընկեր Հայկո Մաասի հետ կայացած մամլո ասուլիսում հիշատակել է Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված հրադադարի ռեժիմը՝ ստեղծված իրավիճակն անվանելով «լավ հնարավորություն». «Եթե հրադադարը երկարաժամկետ լինի, Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար: Մենք Ադրբեջանի հետ միասին կհամակարգենք այդ գործընթացը»:

Նկատենք, որ Թուրքիայի ներքաղաքական հետագա զարգացումները կապվում են ԱՄՆ-ում Բայդենի իշխանավարման հետ, այն առումով, թե ինչպիսի դիրքորոշում կորդեգրի ամերիկյան վարչակազմը տարբեր տարածաշրջաններում Էրդողանի բավական հանդուգն գործունեության առնչությամբ:

Ուշագրավ է, որ հենց այս փուլում Թուրքիայից տեղեկություն տարածվեց Էրդողանի հետագա իշխանավարման թեմայով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զինվորական պուտչիստների «խնամակալության» ներքո է եւ շուտով կհեռացվի նրան վերահսկող կլիկի կողմից, օրերս նշել է ընդդիմադիր «Ապագայի կուսակցության» առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն, որը 2014-2016թթ. Թուրքիայի վարչապետն էր եւ իշխող ԱԶԿ նախագահը (կուսակցությունից հեռացվեց 2019թ. սեպտեմբերին, իսկ դեկտեմբերին հիմնեց «Ապագայի կուսակցությունը»):

Դավութօղլուի խոսքով՝ Թուրքիայի նախագահին զսպում է նաեւ կոալիցիայում նրա կրտսեր գործընկեր եւ ծայրահեղ աջ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելին: «Էրդողանը ներկայումս փետրվարի 28-ի վերապրուկների խնամակալության ներքո է»,- ասել է Դավութօղլուն՝ նկատի ունենալով 1997թ. հեղաշրջումը, որը, ինչպես պնդում են, պատճառաբանված էր Նաջեմենթին Էրբաքանի այդ ժամանակ իշխող «Ռեֆախ» կուսակցության իսլամիստական օրակարգի առաջ խորհրդային զինվորականների վախով: «Ես զգուշացնում եմ: Էրդողանը շուտով կհեռացվի: Էրդողանը խաչմերուկին է, նրա համար անչափ դժվար կլինի ընտրություններում հաղթել»,- հավելել է Դավութօղլուն:

Շարունակական սպառնալիքներ, այս անգամ՝ Շուշիից

Ոգեւորված Թուրքիայի աջակցությունից, իր հերթին Ադրբեջանի նախագահն է պարբերաբար Հայաստանի ուղղությամբ սպառնալիքներ հնչեցնում՝ մնալով անպատիժ եւ սանձազերծած պատերազմի ու Արցախի հայության նկատմամբ գործած պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվություն չկրելով: Անցյալ շաբաթ Իլհամ Ալիեւը կրկին այցելեց Շուշի, կնոջ՝ երկրի փոխնախագահ Մեհրիբան Ալիեւայի եւ դստեր հետ։

Նկատվում էր ցուցադրական դրվագները՝ թեյախմություն, այցելություն Արցախի կառավարության կողմից վերանորոգված մահմեդական մզկիթ, Շուշիի քաղաքապետարանի շենք, քաղաքի խորհրդանիշներից համարվող՝ Ջդրդուզի բարձունք, ինչպես նաեւ ադրբեջանական զինուժի կողմից երկու անգամ ռմբակոծված Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի։ Նկատենք, որ Շուշին Ադրբեջանի կառավարությունը մտադիր է առաջիկայում հռչակել որպես՝ «համայն մահմեդական աշխարհի մշակութային քաղաք»։

Հենց Շուշիից Ադրբեջանի նախագահը Հայաստանի ուղղությամբ սպառնալիքներ հնչեցրեց. «Եթե Հայաստանում ինչ-որ մեկը մտածում է ռեւանշի մասին, կրկին կտեսնի մեր երկաթյա բռունցքը։ Այդ երկաթյա բռունցքը կոտրեց նրանց ողնաշարը եւ ջախջախեց նրանց գլուխները։ Եթե նրանք մեր դեմ որեւէ սադրանք իրականացնեն, մեր պատասխանը կլինի շատ կոշտ, նրանք կփոշմանեն եւ կբախվեն դառը պարտության»: Ապա՝ նա Արցախի իշխանություններին նախազգուշացրել է, թե՝ «չփորձեք մտածել բանակ կառուցելու եւ հողեր վերադարձնելու մասին»։ «Այսօր Լեռնային Ղարաբաղում որոշ տարրեր, որոնք իրենց քաղաքական գործիչներ են համարում, դեռ փորձում են գլուխ բարձրացնել։ Թող չմոռանան, թող մեր համբերության հետ չխաղան, թող չմոռանան 44-օրյա պատերազմի մասին։ Կամ նրանք պատրաստվում են բանակ կառուցել եւ հողեր վերադարձնել։ Թող փորձեն», – հավելել է Ալիեւը։

Կրկին՝ «մենք այստեղ եկել ենք որպես հաղթողներ», «Ադրբեջանը աշխարհին ցույց տվեց իր ուժը, ցույց տվեց եւ ջախջախեց թշնամու գլուխը», «մենք ստիպեցինք թշնամուն ծնկի գալ մեր առաջ եւ ստորագրել կապիտուլյացիայի ակտ», մտքերով, Ալիեւը, տպավորություն է ստեղծվում, որ ցանկանում է շարունակաբար հիշեցնել ինչ-որ բաներ ոչ միայն հայերին, այլեւ տարածաշրջանային այլ խաղացողների ու շահեր հետապնդողների, ինչը իր հերթին վկայում է այն մասին, որ Ալիեւը, չնայած Լեռնային Ղարաբաղում հաստատված հարաբերական անդորրին, չի բացառում տարածաշրջանում այլ գործընթացների ծավալումը:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 20.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031