Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլի ժամանակ ոչ մեկս չի մահացել», «Ոնց որ մենք երեքով գնանք ռեստորանում քեֆ անենք, բայց հաշիվը Նիկոլը փակի»

Հունվար 21,2021 14:30

Լոռեցիները՝ պատերազմի, «Նիկոլի արժանիքների» ու դավաճանների մասին

«Մենակ Նիկոլին ենք հավատում, Նիկոլից մենակ հույս ունենք: Եթե մի հատ ղեկավար կա, որի վրա պիտի հույս դնենք, մեզ ասեք, հույս դնենք: Ով եղել է, իր մասին է մտածել, ոչ թե մեր»,- Լոռու մարզի Գոգարան համայնքի բնակիչներն այսպես անգամ արցախյան պարտությունից, նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արեւով երդվում են: Գոգարանցիների հետ խոսելիս հարցերը ձեւակերպում էինք շատ զգույշ, որովհետեւ մի բացասական տոնայնություն թե նկատվեր Փաշինյանի հասցեին՝ պատրաստ էին ինչպես ասում են՝ «բմբուլներս քամուն տալ»:

Գոգարանի բնակիչ Մաքսիմ Ավագյանի խոսքով՝ «Ալիեւն ասում է՝ այս պարտությունը կրել է Քոչարյանը եւ Սերժը: Հա, հասկանում ենք, թե այստեղ ինչ խաղեր են կատարվում: Նիկոլը մեր Նիկոլն է: Մենք լրիվ իրան ենք համակրում, լրի՜վ: Մենք այս գյուղացիներով ապրում ենք մենակ Նիկոլով»:

Գոգարանցի Դավիթ Հարությունյանն ասաց. «Մենք առաջին անգամ մի ղեկավար ունենք, մի վարչապետ ունենք, որ ժողովրդի մասին է մտածում: Մնացածն իրենց ֆինանսի մասին են մտածել, որ ունենան, ստեղծեն: Ո՞ւմ հույս դնենք, բացի Նիկոլը, ո՞ւմ: Եթե կա մի հատ ղեկավար վստահենք, հույս դնենք: Չկա, չենք տեսնում: Մյուսներն իրենց ունեցածն են պահում»:

Հանդգնեցինք հարցնել՝ ինչի՞ համար եք վստահում Փաշինյանին, ո՞նց՝ գյուղացիները վրա տվեցին. «Խի պետք է Նիկոլը մեր բոլորի տեղը գնար զենք վերուներ, կռվեր, հա՞, Ադրբեջանի դեմ»: Մաքսիմ Ավագյանը շարունակեց՝ մատների վրա թվարկելով Փաշինյանի արժանիքները. «Նիկոլը մարդ չի սպանել, Նիկոլը կաշառք չի վերցրել ոչ մեկից, Նիկոլը չի ապրել՝ սենց ուրիշի վզին դնելով: Նիկոլը մեր բոլորիս կյանքով է ապրել, հասկանո՞ւմ ես: Նիկոլի ժամանակ ոչ մեկս չի մահացել, նենց աշխարհահռչակ մարդիկ, հայեր»:

Գոգարանցիները հարցադրումներ էին անում. «Եթե զինադադար չէր տալիս, վերջը ո՞նց պիտի լիներ, մի հատ կարա՞ք բացատրեք, ո՞նց պետք է անեին: Պիտի սաղին ջարդեին, մսաղացի տակ դնեին, որ ասեինք՝ լավ է, հա՞»:

Մեր դիտարկմանը՝ իրեն չեն ասել՝ ինչո՞ւ զինադադար կնքեցիր, իրեն ասում են՝ ավելի շուտ անեիր գոնե, այդքան զոհ չունենայինք՝ նա պատասխանեց. «Ավելի շուտ քննադատում էին»:

Գոգարանցիներից մեկը, որի որդին վերադարձել էր պատերազմից, ասաց. «Իմ տղեն գիտե՞ք ինչ է ասում, ասում է՝ պա՛պ, եթե Նիկոլը չստորագրեր, մենք ոչ մեկս հետ չէինք գալու: Կուբաթլու է եղել: Ծառայում է Հոկտեմբերյանի չաստում, բայց իրեն պատերազմի վախտ տարել են Կուբաթլու»:

Գոգարանցիներն անդրադարձան արտախորհրդարանական ուժերին, որոնք հարթակներից գոռում են՝ «Նիկոլ, դավաճան». Վարուժան Գրիգորյանի խոսքով՝ «Տականքներն են ասում Նիկոլ, դավաճան: Ցույցն ո՞վ է անում, 5000 դրամանոցները: Ուսանողն ասում է՝ ես իմ ուսանողական վարձի փողը ցույցերից արդեն աշխատել եմ, պատկերացնո՞ւմ ես, թե չէ ասում է՝ ես Նիկոլի կողմից եմ: Մի մարդ է, ժողովրդական մարդ է, այն էլ ուզում են տապալեն»:

Մաքսիմ Ավագյանը նշեց. «Մենք ապրում ենք բոլորս ներկա պայմաններով: Ինչ որ կա՝ դա է, դարի հետ ենք քայլում: Մենք գիտակցելով նախկինի վտանգները, մեր պադյեզդներում որ մարդ էին սպանում……մենք այս դավաճանների շնորհիվ պարտություն կրեցինք: Մեր զինվորները կզացնում էին բոլորին»: Ճշտեցինք՝ դավաճան ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք՝ նա պատասխանեց. «Ո՞նց ում, որ ցույց են անում: Դրանց գլխավոր պապան Ռոբերտ Քոչարյանն է, իմացեք: Եթե չասեմ էլ, լավ գիտես»:

Ավագյանը կիսվեց իր ստացած տեղեկատվությամբ. «Արթուր Աղաբեկյանը՝ գեներալ-լեյտենանտ, Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղից է: Ինքը եկել է, հայտարարել է, որ սա արդեն սուտ եք բան անում, էլի, հետ քաշվեք: Գեներալ-լեյտենանտը: Զինվորներն են պատմում»:

Գոգարանցիները հարցերին պատասխանելիս նախ ճշտում էին՝ քոչարյանակա՞ն եք դուք, ԶԼՄ-ն հո Քոչարյանին չի՞ պատկանում, հետո շարունակում. «Այս համայնքը լրիվ նիկոլական է: Այդ 10 հազար դրամանոցները, որ «Նիվայի» տակ են ընկնում, սարքովի է սաղ: Մենք բոլորս՝ այս համայնքը Նիկոլի կողմն ենք»:

Երբ ասացինք, որ Փաշինյանին քննադատում են, ասում են՝ նախկին իշխանությունները գոնե մանեւրել են ու հողերը չեն տվել, իսկ Փաշինյանը մեր հողերը հանձնել է՝ գոգարանցիները սկսեցին հակադարձել. «Էլ այդ բանը չկրկնես, գլուխը քարով են տվել: Իսկ այդ հողերը վաղուց են տրված եղել, սարքեցին Նիկոլի գլխին: Ոնց որ մենք երեքով գնանք ռեստորանում քեֆ անենք, բայց հաշիվը Նիկոլը փակի, ա՛յ այդպես եղավ Նիկոլի հետ: Ջոկիր չէ,՞ ոնց եղավ, քուրիկ ջան»:

Մեկ այլ բնակիչ իր վարկածն ուներ. «Մենք պատերազմը կրած էինք, պատերազմը չոռը տվին, որ Նիկոլին հանեն»:
Գոգարանցիներից մեկը զարմացած էր՝ Փաշինյանն առաջարկել է արտահերթ ընտրություն անել, ցույց անող կուսակցությունները ինչի՞ չեն համաձայնում:

Գյուղացիների խոսքով՝ «Հայաստանը կործանման եզրին է ու Նիկոլը մենակ կդզի: Ղարաբաղցիները եկան գրավեցին մեր Հայաստանը: Նիկոլը կդզի ու կեղծավոր լրագրողներն էլ պիտի պատասխան տան, լավ իմացեք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031