Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հիմա չեմ ուզում ձեզ դիմեմ՝ որպես վարչապետ, ես ուզում եմ տղամարդը տղամարդուն այ այսպես դիմեմ… այսօր Արցախը Հայաստա՞ն է եւ վերջ». Արթուր Դալլաքյանը՝ Փաշինյանին

Հունվար 20,2021 22:55

Զոհերի վերաբերյալ այն թվերը, որոնք հայտարարում են, չեն համապատասխանում իրականությանը: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա ասաց, որ դուրս բերված կա 3439 մարմին, որոնցից դեռեւս նույնականացված չեն 766-ը, ԴՆԹ նույնականացման փուլում են:

Ավինյանն ասաց, որ վերջնական թիվը դեռ չունեն ոչ զոհերի, ոչ անհետ կորածների: Համենայնդեպս, զոհերի թիվը 4000-ը չի անցնելու: Ավինյանը նշեց, որ ՊՆ-ն վերջնական թիվը կհրապարակի:

Արման Բաբաջանյանը հարցրեց՝ մենք մնո՞ւմ ենք Արցախի անվտանգության երաշխավորը, թե՞ այն ռուս խաղաղապահների ազդեցության գոտի է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ոչ մի բան չի փոխվել, ավելացել է ռուս խաղաղապահների գործոնը:

ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանը հարցրեց. «Ժամանակին Ստեփանակերտում շատ կարեւոր հայտարարություն արեցիք՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Հիմա այսօր ՀՀ քաղաքացիներին, սփյուռքի եւ ամենակարեւորը՝ Արցախի մեր հայրենակիցներին հետաքրքրում է՝ այսօր Արցախը Հայաստա՞ն է եւ վերջ»:

Փաշինյանը պատասխանեց. «Կարծում եմ, այդ հայտարարությամբ ես արտահայտել եմ հայկական դիրքորոշումը եւ ընկալումը հայկական հարցին: Ինչպես ասել եմ նաեւ հունվարի 11-ին Մոսկվայում, Ղարաբաղի հետագա կարգավիճակի ճշգրտումը բանակցային կարեւորագույն հարցերից մեկն է եւ ճշգրտումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում եւ ուրախ եմ, որ համանախագահ երկրները կիսում են այդ դիրքորոշումը: ՌԴ արտգործնախարարի վերջին հայտարարությունը նույնպես այդ համատեքստում է»:

Դալլաքյանը արձագանքեց. «Ես հիմա չեմ ուզում ձեզ դիմեմ՝ որպես վարչապետ, ես ուզում եմ տղամարդը տղամարդուն այ այսպես դիմեմ: Պատմությունը միշտ ասել է շատ կարեւոր մի բան, այսօր բոլորս ենք հասկանում, որ դուք, որպես գլխավոր հրամանատար, պարտվող հրամանատար եք: Դա հասկանալի է: Պատմությունն է ասում նման դեպքերում գլխավոր հրամանատարը ինչ պետք է անի, ես չպիտի ասեմ: Ես ուզում եմ իմանալ՝ դուք պատրաստվո՞ւմ եք գնալ Ստեփանակերտ, թե՞ ոչ: Եթե գնալու եք, ընդունո՞ւմ եք, որ դա մեր քաղաքն է իր բոլոր նախկին տարածքներով եւ Արցախը Հայաստա՞ն է: Ես որպես տղամարդ ուզում եմ պատասխանը ստանամ, կոնկրետ՝ Արցախը ձեզ համար Հայաստա՞ն է, թե՞ չէ»:

Փաշինյանը պատասխանեց. «Ես իմ դիրքորոշումը հստակ արտահայտել եմ եւ Ղարաբաղի շարժման ամբողջ տրամաբանությունը եւ նպատակը արտահայտված է ձեր հիշատակած նախադասության մեջ: Ինչպես նախկինում ասել եմ՝ մեր խնդիրն այսօր ՀՀ-ի եւ Արցախի շուրջ կայունություն, անվտանգություն ապահովելն է ու կարվեն բոլոր քայլերը՝ այդ անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031