Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերիք է ասեք՝ Շուռնուխ, Շուռնուխ, դո՛ւք եք որոշել, որ Շուռնուխի ճանապարհից այն կողմ Ադրբեջանն է, բա որ կողմ էիք քվեարկում՝ չէի՞ք մտածում». Փաշինյանը՝ Իվետա Տոնոյանին

Հունվար 20,2021 20:55

«Պարտված պետություն, հազարավոր զոհեր, Արցախից ՀՀ տեղափոխված շուրջ 40 հազար ընտանիքներ, տնտեսական կոլապս, շուրջ 7,5 տոկոս ՀՆԱ անկում, համավարակի դեմ պայքարի գործընթացի ձախողում, դրա արդյունքում հազարավոր զոհեր, նաեւ ՀՀ-ում ձեւավորված միմյանց հանդեպ թշնամանքի մթնոլորտ»,- ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանը այսպես ամփոփեց գործող կառավարության ձախողումները՝ հայտարարելով, որ այս իշխանությունը չի կարող լինել մեր անվտանգության երաշխավորը:

Տոնոյանը հարցրեց՝ արդյոք Տիգրանաշենին չի՞ սպառնում նույն ճակատագիրը, որը բաժին հասավ Շուռնուխ եւ Որոտան համայնքներին, տալի՞ս է իշխանությունն այդ երաշխիքները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Երբեմն տպավորություն է ստեղծվում, որ ասվում են բաներ, որոնց բովանդակության նպատակը պետք է լուրջ հասկանալ: Ժամանակին ՀՀ-ում կային քաղաքական գործիչներ ժամանակին, որոնք ասում էին՝ Ալիեւի տեղը լինեմ՝ ես հիմա կհարձակվեմ, որովհետեւ շատ հարմար ժամանակ է, կարելի է այստեղից մտնել, այստեղից դուրս գալ…Ասում են հրապարակային՝ մամուլի ասուլիսի ընթացքում: Էլի ասում եք՝ Շուռնուխ: Շուռնուխի ճակատագիրը որոշել եք դուք՝ 2010-ին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվեարկելով, դո՛ւք, ձեր խմբակցությունը: Այն ժամանակ, որ ընդունում էիք այդ օրենքը, դրա մասին չէի՞ք մտածում: Ընդհանուր առմամբ, կարող եմ արձանագրել, որ հակամարտությունը Ղարաբաղի լուծված չէ եւ կան բազմաթիվ հարցեր, որոնք լուծված չեն: Մենք ունենք այդպիսի օրակարգ, քննարկում ենք: Բա ինչի՞ այս ամբիոնից չեք հարցնում՝ Արծվաշեն գյուղի հետ ի՞նչ է լինելու: Մոռացե՞լ են բոլորը: Հերիք է ասեք՝ Շուռնուխ, Շուռնուխ, դուք եք որոշել, որ Շուռնուխի ճանապարհից այն կողմ Ադրբեջանն է, բա որ կողմ էիք քվեարկում՝ չէի՞ք մտածում: Գրեիք՝ Շուռնուխից այն կողմ ԼՂՀ-ն է»:

Փաշինյանը մեղադրեց ընդդիմությանը, որ Ադրբեջանի խոսույթից են սնվում: Տոնոյանը չհամաձայնեց. «Հասկանալի է, որ մանիպուլյացիաների միջոցով հնարավոր է տրամադրությունները շեղել, բայց դուք պետք է լավ իմանայիք, որ ձեր նշած օրենքով որեւէ կերպ չեն ամրագրվել պետական սահմանները»: Տոնոյանը հայտարարեց՝ «դուք սպառել եք ձեզ եւ պետք է հեռանաք»: Փաշինյանն էլ պատասխանեց. «Լավ, սպառել ենք՝ սպառել ենք, բայց դո՞ւ եք որոշում, թե ով է սպառել: Դուք չեք որոշում, մենք էլ չենք որոշում, թող որոշի ժողովուրդը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031