Լրահոս
Օրվա լրահոսը

Աղաբաբյանը հայտարարեց, որ վերջին պատերազմը բեմադրված էր, պայմաններ էին ստեղծել՝ պարտվելու համար, Փաշինյանը հակադարձեց՝ ԲՀԿ-ի ջոկատը տեղ հասա՞վ, թե՞ մնաց ռեպորտաժ

Հունվար 20,2021 20:15

ԲՀԿ-ական Արայիկ Աղաբաբյանը այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ արցախյան բոլոր պատերազմներին ինքը մասնակցել է, բայց վերջին 44-օրյա պատերազմից ուրիշ տպավորություն է ստացել. «Այն  ինձ համար շատ անհասկանալի, կամ հենց շատ լավ էլ հասկանալի բեմադրություն էր: Շատ լավ ստեղծված, կազմակերպված անկազմակերպվածություն էր, ստեղծվել էին բարենպաստ պայմաններ՝ պարտվելու համար: Ամեն ինչի հիմնավորումները ես ունեմ՝ ականատեսի աչքերով, մարդկանց հետ զրուցելով, զինվորներ եւ այլն: Սակայն ոչ ոք իրավունք չունի մեղադրելու զինվորին եւ ոչ էլ կամավորին, ոչ էլ սպային: Նրանք, ինչպես ամբողջ ազգը, տրամադրված էին հաղթել: Ոչ էլ տրամադրված եմ  այս խայտառակ արդյունքը վերագրել իշխանությունների միայն ոչ պրոֆեսիոնալիզմին, տկարությանը, գործին չտիրապետելուն, ոչ կոմպետենտությանը»:

Աղաբաբյանը հայտարարեց, որ այս իշխանության գալուց ի վեր համոզված է եղել, որ եկել են՝ Արցախը հանձնելու, ազգային արժեքները ոչնչացնելու, ամեն հայկականը վերացնելու համար. «Եթե նախկիններին մեղադրում են շատ հարցերում, ապա հիմնական մեղքն իրենց շնորհիվ ձեզ իշխանության փոխանցումն է: Եվ մինչ այսօր նրանց գալու վտանգը շեշտելով՝ իշխանությունը պահել եք: Կայացած երկրներում բավական է կառավարությունը իր ծրագրային դրույթների մասով որեւէ բացթողում անի, միանգամից հրաժարական կտա: Ուրիշ ի՞նչ պետք է անեիք, որ դուք այսօր փորձում եք կառչած մնալ ձեր աթոռներին: Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է ձեզ պահում, կա՞ն արդյոք դեռեւս հասարակությունից գաղտնի պահած նոր բանավոր պայմանավորվածություններ, որ դեռ պետք է իրականացնեք»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ինձ համար մի բան պարզ չէ՝ երբ որ ձեզ համար առաջին իսկ պահից պարզ էր, թե մենք գալիս ենք իշխանության՝ վատ նպատակներով, ինչո՞ւ էր ձեր խմբակցությունը եւ կուսակցությունը պաշտպանում այդ պրոցեսը: Եվ ինչո՞ւ էր ձեր կուսակցությունը մաս կազմում կառավարությանը: Դուք ասում եք ունեք հիմնավորումներ: Լավ ձեւակերպում է: Մամուլի ասուլիս արեք, հիմնավորումները հրապարակեք: Չեք ուզում անեք ասուլիս, քրեական գործեր կան, գնացեք բացատրություններ եւ ցուցմունքներ տվեք: Եթե նախաքննության մարմիններին չեք վստահում, հրապարակեք ձեր ցուցմունքները, հետո գնացեք տվեք: Երկրորդը՝ երբ խոսում եք, մի անգամ առիթ ունեցել էիք խոսել դավաճանության մասին, ես պարզ հարց տվեցի՝ հեռուստատեսություններով թմբկահարվող կամավորական ջոկատը, որը ձեր կուսակցությունը ստեղծեց, այդ ջոկատն ի վերջո տեղ հասա՞վ, թե՞ չհասավ, գնա՞ց մասնակցելու մարտական գործողություններին: Ո՛չ: Ո՛չ: Այդպես էլ մնաց հեռուստատեսային ռեպորտաժ, հեռուստատեսային գովազդ: Ունե՞ք հիմնավորումներ՝ բացեք: Ասում եք՝ սցենար էր, դավադրություն էր, շատ լավ, եկեք պարզենք ովքեր են դավադրության հեղինակները եւ պատասխանատվության կանչենք»:

Աղաբաբյանը պատասխանեց, որ թյուրիմացություն է եղել. «Այն, ինչ հրապարակվեց, մի նկար էր, մի ջոկատ էր, ես էլ դիմացը կանգնած ու ձեր մեկնաբանությունը, պարո՛ն վարչապետ: Դա ջոկատ չի եղել, դա խորհրդակցության նման հոտնկայս ժողով էր, բայց հաջորդ օրը 150 հոգանոց դուրս էր գնացել: Անձամբ ես եմ կազմավորել մեկ վաշտ, ֆիքսված է ՊՆ-ում, Քանաքեռի զորամասում զինվել են, Նուբարաշենում: Մարդիկ ճանապարհից հետ են վերադարձել ամսի 9-ի երեկոյան՝ բանավոր պայմանավորվածությունը տարածելուց հետո»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031