Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ինչի՞ չէիք հարցնում նախկինում, 7-8 տարի Հայաստանից գերիներ են եղել Ադրբեջանում». Փաշինյանի ուշագրավ արձագանքը

Հունվար 20,2021 19:35

«Վերջին չգիտեմ, բավականին երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում: Հիմա պարզապես պարզ է, որ գերիների թիվը մեծ է: Եթե այդ տրամաբանությամբ նայենք, այդ ողջ  ընթացքում երբեք ավելի մեծ թվով գերիներ չեն վերադարձվել, քան վերադարձվել են նոյեմբերի 9-ից հետո: Ինչո՞ւ այս դահլիճում այդ հարցը երկար տարիներ չի հնչել: Այդ հարցը միշտ եղել է Հայաստանի օրակարգում՝ գերիների վերադարձը: Ինչո՞ւ այդ հարցը չի հնչել, երկար տարիներ ամենատարբեր ֆորմատներով եղել է հայ-ադրբեջանական բանակցություններ: Ինչո՞ւ ե՛ւ մեր կառավարության օրոք, ե՛ւ նախկին, այդ հարցը չի եղել՝ ինչու դուք գնացիք, գերիներին չկարողացաք վերադարձնել, հետեւաբար դուք ինչու հրաժարական չեք տալիս»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց «Լուսավոր Հայաստանից» Գեւորգ Գորգիսյանին:

Գորգիսյանը հարցրել էր՝ մենք ձեզ չենք ասում դավաճան, հող հանձնող, երբ պահանջում էինք հրաժարականը, կասկածներ էինք հայտնում, որ դուք կկարողանաք միջազգային հարթակներում ներկայացնել ու պատշաճ պաշտպանել ՀՀ շահը, հունվարի 11-ին փաստացի ապացույց եղավ, գերիների հարցով որեւէ առաջընթաց չեղավ, դուք ունակ չեք լինելու Հայաստանի շահերը պաշտպանել այլեւս, ինչո՞ւ չեք հեռանում՝ հնարավորություն տալով կարող ուժերին գալ ու շարունակել բանակցությունները՝ հնարավորինս հայանպաստ ուղղությամբ:

Փաշինյանը շարունակեց իր մտքերը, թե ինչո՞ւ նախկինում հարցեր չեն եղել՝ «դուք գնացիք բանակցեցիք, ասոցացման պայմանագիրը չկարողացաք ստորագրել, ինչո՞ւ հրաժարական չեք տալիս». «Պետք է հասկանանք ՝մենք ուզում ենք գերիները վերադառնա՞ն, թե՞ ուզում ենք գերիների չվերադառնալու վրա քաղաքական միավոր շահել»:

Ըստ նրա, դժվար է 5 ճակատով պայքարել գերիների վերադարձի հարցի շուրջ. «Բա ինչի՞ չէիք հարցնում նախկինում, 7-8 տարի Հայաստանից գերիներ են եղել Ադրբեջանում: Իսկ ինչի՞ չեք ասում, որ գերի է եղել, որ 2.5 տարի սոցցանցերում, տարբեր հարթակներում խոսք էր գնում, որ այ այս –այս մարդկանց կառավարությունն ինչու չի վերադարձնում, այդ մարդկանց կառավարությունը վերադարձրել է: Նախկինում երբեք այս ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել: Երբ դուք ասում եք, որ ես, որպես իշխանություն ի վիճակի չեմ սպասարկել Հայաստանի շահը, ես էլ ասում եմ, որ դուք, որպես ընդդիմություն, ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը: Ձեզ թվում է գերիների հարցի լուծո՞ւմ եք անում, դուք ձեր ձեւակերպումներով, էժան միավորներ հավաքելով՝ վտանգի տակ եք դնում գերիների կյանքը, անվտանգությունը, առողջությունը: Պարտադիր չի, որ մենք կոնֆիդենցիալ բանակցությունների ամբողջ բովանդակությունը նստենք այստեղից պատմենք»:

Գորգիսյանը հակադարձեց՝ դուք ստորագրել եք պայմանագիր, որի 8-րդ կետով գերիները պետք է վերադարձվեն, բայց դուք ձեր արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունը չեք կարողանում կյանքի կոչել: Հետո պատգամավորը հիշեցրեց, որ եթե նախկինները ձախողել են Արցախի հարցը, գերիների հարցը, եղավ հեղափոխություն, իսկ հիմա Փաշինյանն իր ձախողումներն ու թերացումները փորձում է ուրիշների ձախողումներով արդարացնել: Փաշինյանը պատասխանեց. «Այսինքն, ձեր պնդումն այն է, որ վերջ, գերիների հարցը փակված է, չի քննարկվում, չե՞ն վերադառնալու: Եթե դուք այդպես եք ասում, դուք առավել եւս շատ վատ դերակատարում ունեք: Մեր 40 եւ ավել գերիները վերադարձել են, չէ՞, դրանից առաջ եղել են օրեր, որ չեն վերադարձել, չէ՞»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031