Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հրաժարական տալո՞ւ եք, թե՞ չէ, ե՞րբ». Տիգրան Ուրիխանյանը՝ Փաշինյանին

Հունվար 20,2021 19:15

Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ կառավարության եւ վարչապետի հրաժարականի հարցի մասին խոսեց՝ հարցնելով, թե ի՞նչ են պատրաստվում անել, երբ ընդդիմադիրները պնդում են, որ վարչապետը պետք է հեռանա, վարչապետն ասում է՝ մեղավոր եմ, պատասխանատվությունը կկրեմ ժողովրդի որոշմամբ. «Հիմա ի՞նչ ենք անում, կա՛մ 2018-ի պես ժողովուրդը հավաքվում է ու պահանջում է՝ իշխանություն, հեռացիր ու իշխանությունը աներկբա հեռանում է, կա՛մ նշանակում եք ընտրություններ: Ընտրություններ անցկացնելու ձեւը մեկն է՝ վարչապետի հրաժարական, երկու անգամ չընտրելով»: Ուրիխանյանը հորդորեց ասել՝ եթե արտահերթ ընտրություններ տեղի չեն ունենալու, իր «Ալյանս» կուսակցությունը համաժողով է անելու, պետք է դուրս գան հրապարակ ու հանրահավաքներ անեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ կոնկրետ առաջարկ արել է նախորդ տարեվերջին. «Հանդես եմ եկել այդ առաջարկով մի պայմաններում, երբ ակնհայտ դարձավ բոլորի համար, որ կառավարության եւ վարչապետի հրաժարականի շուրջ հրապարակային պահանջ գեներացնելու փորձը ըստ էության չի ստացվել: Առաջարկը եղել է հետեւյալը՝ համաձայնությամբ իրականացնել արտահերթ ընտրություններ՝ 2021-ի ընթացքում: Ինձ համար զարմանալի կերպով առնվազն ԱԺ ընդդիմության ներկայացուցիչները մերժում են այդ առաջարկը, հետեւաբար իշխող ուժի համար այդքան էլ տրամաբանական չի, որ իշխող ուժն ինքն իր համար անի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե քաղաքական ուժերը, որոնք միեւնույն ժամանակ հայտարարում են, թե իրենք այդպիսի կարծիք չունեն, թե իշխանությունները կկեղծեն ընտրությունները, կեղծիքներ անելու քայլին կդիմի ու ասում են՝ ոչ, չենք ուզում արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նշանակում է, որ իրենք այս գլխից արձանագրում են իրենց պարտությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում»:

Փաշինյանն ասաց, որ այդ օրակարգը պատրաստ են քննարկել բոլոր ուժերի հետ, դա շարունակում է օրակարգում մնալ: Նա կրկնեց, որ երբ մյուս ուժերն ասում են, որ չեն ուզում արտահերթ ընտրություններ, անտրամաբանական է, որ իշխանությունն ասի՝ «չէ որ չէ, ես պետք է անեմ արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: Փաշինյանը հայտարարեց, որ իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը, իսկ երբ մյուս ուժերն ասում են՝ ոչ, դա անհասկանալի է:

Ուրիխանյանն արձագանքեց՝ ե՞րբ. «Եթե խորհրդարանական ընդդիմությունը չի նստում երկխոսության, իշխանությունը չի՞ պատրաստվում պատասխանատվություն կրելու դրսեւորումը սկսել ու առաջին դրսեւորումը անել հենց հրաժարականով: Եթե ոչ ոք ձեզ չի ասում, որ դուք պարտվել եք, երկիրն այն վիճակում չէ, որ քաղաքական իրավիճակը կայուն լինի, հրաժարական տալո՞ւ եք, թե՞ չէ: Չե՞ք գտնում, որ պետք է անեք  դա,որովհետեւ տեղի է ունեցել ահռելի ազգային ու պետական ողբերգություն»:

Փաշինյանը պատասխանեց. «Կա հստակ մի բանաձեւ՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին ու իշխանության վերաբերյալ որոշումներ պետք է կայացնի ժողովուրդը: Եթե ընդդիմադիր խորհրդարանական ուժերը շարունակեն մերժել, մենք համապատասխան դիրքորոշում կձեւավորենք արդեն այդ իրողության նկատմամբ: Ձեր ասած հարցերի լուծման վճռորոշ խոսքը պատկանում է ժողովրդին: Չենք կարող թույլ տալ, որ այս բանաձեւը խախտվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031