Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք և քաղաքակրթությունը

Հունվար 20,2021 19:25

Անկախություն ստանալու օրվանից և  բոլոր ժամանակների և այսօրվա, ինչպես իշխանություններն, այնպես էլ ընդդիմությունները, նաև հասարակության տարբեր շերտեր հայտարարում էին և են իրենց նվիրվածությունը ժողովրդավարությանն ու ժողովրդավարական արժեքներին։ Մի կողմ թողնենք 1991թ․ մինչև 2018թ․ Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը։ Այդ շրջանի, կամ, ըստ քաղաքական ճաշակի, նույն շրջանի մասին, բայց հատվածաբար շատ է խոսվել։

Այժմ իմ խոսքը հիմնականում ուղղված է այսօրվա Հայաստանի «կառուցողական» ընդդիմությանը («Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացու որոշում»  և նման կուսակցություններին), ինչպես նաև, հատկապես՝  քաղ․ հասարակության ներկայացուցիչներին։

Ժողովրդավարական պետությունը ոչ միայն ընտրություններն են և իշխանությունների տարանջատման սկզբունքները, այլ հասարակության հասունությունն ու անհանդուրժողականությունը, իշխանությունների, այսպես կոչված բարեվարքության խախտումների նկատմամբ։

Նույնպես չեմ ուզում անդրադառնալ այս տարիների ընթացքում Սահմանադրական դատարանի կազմաքանդման գործընթացներին, ավելորդ բանավեճերի մեջ չմտնելու համար, դրանց սահմանադրականության և օրինականության մասին։

Չեմ անդրադառնա նաև արցախյան պատերազմի նվաստացուցիչ պարտությունից հետո վերը թվարկած ուժերի անհասկանալի պահվածքին, այդ մասին շատ է խոսվել։

Այժմ կփորձեմ բերել, իհարկե ոչ ամբողջական ցանկն այն բացահայտ երևույթների, որոնց դեպքում որևէ կայացած ժողովրդավարական երկրում հանրությունը, հատկապես՝ քաղաքացիական հասարակությունը կընդվզեր և կպահանջեր իշխանության հրաժարականը, եթե հանկարծ, նման բացահայտումներից հետո հենց իշխանությունը հրաժարական չտար։

-Հերոս Աբաջյանի կեղծ պապիկ,

-Կեղծ ոստիկան Աշոտի կեղծ տատիկ,

-Ցեղասպանության հուշահամալիր այցելած կեղծ պապիկ,

-Գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ հարուցված քր․ գործի կեղծ «տուշոնկաներ և հուզիչ նամակներ»,

– Վարչապետ-ՀՔԾ պետ-ԱԱԾ տնօրեն հեռախոսազրույցների բացահայտում, որոնցով բացահայտ հանձնարարականներ են տրվում դատավորներին։

-Ազգային Ժողովի շրջափակում,

-Դատարանների շրջափակում,

-Գաղտնի, հետագայում բացահայտված պարգևավճարներ,

-Ծխախոտի մաքսանենգ արտահանված փաստաթղթերի հրապարակում,

Եվ վերջապես․

-Պետության բարձրաստիճան պաշտոնյայի գործակալ լինելու մասին փաստաթղթի հրապարակում։

Ինչպես նկատեցիք՝ ցանկն ամբողջական չէ։

Վերոնշյալ ցանկացած՝ ամենամեղմ փաստն անգամ, եթե բացահայտվեր որևէ քաղաքակիրթ, ժողովրդավարական երկրում, իմանալով որ հասարակությունը այն չի հանդուրժի, իշխանությունը կամովին հրաժարական կտար։ Հակառակ դեպքում, ողջ հասարակությունը փողոց դուրս կգար և կարճ ժամանակում «կսրբեր» իշխանությանը։Օրինակները բազմաթիվ են։

Բայց մեր «առաջադեմները» ոչ միայն չքննադատեցին այդ երևույթները, այլ շարունակեցին աջակցել «ժողովրդի վարչապետին»։ Իսկ վերջին՝ «գործակալ»  բացահայտումից հետո «գառների լռությունն» ուղղակի ապշեցուցիչ է։ Այն չէին հանդուրժի նույնիսկ, ինչպես ընդունված է ասել «Ճ» կարգի երկրները։

2018թ․ դեկտեմբերին Միլանում տեղի էր ունենում ԵԱՀԿ նախարարների հանդիպմանը զուգահեռ քաղ․ հասարակության ֆորումը։ Ընդմիջումներից մեկին մեզ՝ Հայաստանի ներկայացուցիչներիս մոտեցավ Ռուսաստանի ճանաչված իրավապաշտպան Յուրի Ջիբլրաձեն․

-Ավետիք, իմացա՞ր հրապարակվել են ձեր վարչապետի և ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարների խոսակցությունները, որոնցով դատավորներին հանձնարարականներ են տալիս, – ասաց և ցույց տվեց ձայնագրությունները, -տեսա՞ր, իսկ դու անհանգստանում էիր, որ հեղափոխականները ընտրություններում կստանան ավելի քան 60% ձայներ։ Այժմ այլևս նրանց օգտին քվեարկողներ չեն լինի։

Պատասխանեցի․

-Յուրա, սխալվում ես, հակառակը՝ կասեն՝ լավ է արել և վախենամ, որ այժմ ավելի շատ ձայն ստանան։

-Այդ ի՞նչ ես ասում, Ավետիք, մի՞թե ձեր հասարակության մակարդակն այդպիսին է։

-Ցավոք՝ այո․․․

․․․Էհ Յուրա, բա որ բացահայտվում է բարձրաստիճան գործակա՞լ և էլի լռություն։

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031