Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի դեմ նոր պատերազմն արդեն անխուսափելի է եւ այս անգամ այն պետք է ընթանա Հայաստանի տարածքում». հայտարարվել է Ադրբեջանի ԱԽ նիստում

Հունվար 20,2021 19:03

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի՝ անընդհատ աճող ախորժակի մասին շատ մտահոգիչ բացահայտումներ արեց: Եթե հայկական երկու պետությունների ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգների մասին գործող իշխանությունը տեղյակ չէ, շատ վատ է, իսկ եթե տեղյակ է ու անտեսում է, բազմապատիկ վատ է:

«Այն տեղեկությունները, որ հիմա կհրապարակեմ, ստացել եմ իմ իրանցի գործընկերներից, որովհետեւ իրանական կողմը եւս խիստ անհանգստացած է  Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացներով: Եվ նրանք շատ լավ են հասկանում, որ  այն, ինչ կատարվեց Հայաստանի եւ Արցախի հետ, շատ արագ տեղափոխվելու է նաեւ իր տարածք: Իսկ երբ ես իրանցիներին հարց եմ տալիս, թե այդքանն իմանալով՝ ինչո՞ւ այս պատերազմում մեզ չօգնեցին, պարզվում է, որ նրանք բազմիցս առաջարկել են աջակցություն: Իսկ թե ինչո՞ւ դա տեղի չի ունեցել, պատասխանատու մարմինները պետք է պատասխան տան: Ըստ բանախոսի, Հայաստանից ամենաշատ հնչած պատասխանը եղել է, թե Իրանը պատժամիջոցների տակ է եւ չենք ուզում  մենք էլ հայտնվել մեր գործընկեր ամերիկացիների պատժամիջոցների տակ: Արդյունքում ունեցանք այն, ինչ ստացանք:

Հիմա Ադրբեջանի անվտանգության խորհրդի տարեվերջյան նիստի մասին, որը կայացել է 2020 թ. դեկտեմբերի 26-ին: Այդ նիստում հնչել է իրենց համար շատ կարեւոր ծրագրեր, որոնք բավական լավ են ընդունվել Իլհամ Ալիեւի կողմից եւ դարձել պետական ռազմավարության մաս:

Առաջինը Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ադրբեջանական ինստիտուտի ղեկավար Ահմադ Շարիբովի հայտարարությունն է հետեւյալի մասին: «Հայաստանի դեմ նոր պատերազմը արդեն անխուսափելի է եւ այս անգամ այդ պատերազմը պետք է ընթանա Հայաստանի տարածքում: Ադրբեջանն իր համար պարտավոր է ստեղծել 20-30 կիլոմետրանոց անվտանգության գոտի, որը կարող է գտնվել միայն Հայաստանի տարածքում»: Կրկնում եմ, այս մտքին դրական է արձագանքել Ալիեւը:

Իսկ Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը նույն նիստի քննարկման ժամանակ երկու առաջարկ է ներկայացրել, որոնք եւս ընդունվել են 2021 թ. ծրագրերում: Առաջինը՝ տեղեկատվական տեռորի ենթարկել հայ հանրությանը Հայաստանում եւ սփյուռքում: Ըստ այդմ, ադրբեջանական սոցիալական հարթակներով ամեն միջոց գործադրել, որպեսզի հայ ժողովրդի, հայկական մեդիա հանրության մեջ հնարավորինս հոգեբանական- տեղեկատվական տեռոր իրականացնել: Տեսնո՞ւմ ենք ֆեյսբուքյան հարթակներում ատելության քարոզչություն տարբեր օգտատերերի կողմից եւ հասարակության պառակտում ու բաժանում: Սոցիալական հարթակներում հաճախ տեսնո՞ւմ ենք «ՀՀ բնակիչներ եւ Արցախի բնակիչներ», թող ներեն ինձ արցախցիները, «հայեր եւ ղարաբաղցիներ» պառակտիչ եւ բաժանարար արտահայտություններ: Սրանք կոնկրետ մտածված ադրբեջանական թեզեր են, որոնք շատ դեպքերում նույնիսկ մեր քաղաքական գործիչներն են օգտագործում: Արդյունքը հանգեցնում է նրան, որ հայ հասարակությունը սկսում է ճամբարների բաժանվել:

Վերջերս նաեւ  մի թեզ է սկսել շրջանառվել սոցիալական հարթակներում, իբրեւ թե Շուռնուխում  ճանապարհի այն հատվածում, որը «մեծահոգաբար նվիրել» ենք, հայ ընտանիքի պատկանող մեքենայի վառելիքը  վերջացել է եւ նրանք տեսնելով, որ ադրբեջանցիներ են մոտենում փախել են: Սակայն այդ զինվորները իբրեւ օգնել են, վառելիք տվել եւ ճանապարհել: Այստեղ կարեւոր թեզը հետեւյալն է. իբր,  ադրբեջանցիները հայաստանցիների նկատմամբ որեւէ թշնամանք չունեն, միշտ որպես հարեւաններ ապրել են բարեկամաբար: Այ, մեր ընդհանուր թշնամին ղարաբաղցիներն են, որոնք  այսքան տարիներ թշնամություն են սերմանում: Այսինքն, նպատակն է՝ հայ-ադրբեջանական բարեկամության խաթարման մեղավոր կարգել արցախցիներին: Սա Ադրբեջանում մշակված խայծ է, որը մեր հանրության մեջ ներարկվում է, ու մեր հայրենակիցներից շատերը այդ խայծը կուլ են տալիս:

Ֆարհադ Մամեդովի ներկայացրած հաջորդ կետը բուֆերային գոտու ձեւավորումն է տարածաշրջանային նոր պատերազմի՝ Իրանի նկատմամբ հարձակման պարագայում: Ու նա նշել է կոնկրետ տարածքներ. Սյունիքն ամբողջությամբ, Վայոց Ձորը՝ մինչեւ Ջերմուկ քաղաք, Ալլճեր, վերեւից՝ դեպի Վարդենիս եւ Մարտունի, հարավում՝ Արարատի մարզից մինչեւ Վեդի քաղաք: Պատկերացնո՞ւմ եք, նրանք այս հատվածը համարում են իրենց համար բուֆերային գոտի:

Եվ վերջին կետը, որ նշել է Ֆարհադ Մամեդովը, Ադրբեջանի ջրային անվտանգության մասին է: Գիտենք, որ Ադրբեջանը ջրային լուրջ խնդիրներ ունի: Նախորդ երկու տարիներին այնտեղ առաջացավ խմելու եւ ոռոգման լուրջ պակաս: Արաքս գետի հոսքը մինչեւ Ադրբեջան հասնելը նվազել է մոտ 60%-ով, Կուր գետինը՝ ավելի քան 40%-ով: Այս պարագայում, քանի որ Ադրբեջանն ստացավ Քարվաճառի ջրային աղբյուրները, նա ձգտում էր ունենալ նաեւ Սարսանգի ջրամբարը, ինչը չստացվեց: Ջրային պաշարների հարցը նրանց համար շարունակում է խնդիր մնալ: Եվ այստեղ առաջարկվող ռազմավարական պլանի մեջ Սեւանա լճի արեւելյան ափը նույնպես պիտի դառնա Ադրբեջանի համար բուֆերային հատված:

Սրանք վախենալու տեղեկություններ են, չնայած, չեմ կարծում, թե մոտ ապագայում իրականություն կդառնան, եթե մենք ունենանք ազգային ռազմավարական օրակարգ եւ կարողանանք ճիշտ ու արդյունավետ դիմակայել թշնամուն: Իսկ դա բավական հեշտ է՝ հաշվի առնելով, որ մենք ունենք ռազմավարական գործընկերներ, դաշնակիցներ, նաեւ դեռեւս պահպանված բնական պատնեշներ, որոնք թույլ չեն տա հնարավոր պատերազմի դեպքում թշնամուն հաջողության հասնել»,- հայտարարեց Նաիրի Հոխիկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031