«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց՝ պատերազմի օրերին «Հայաստան համահայկական հիմնադրամին» փոխանցվել էր շուրջ 170 մլն դոլար, ի՞նչ ուղղություններով են ծախսվել այդ գումարները, որքա՞ն մասն է փոխանցվել կառավարությանը. «Ինչպես նաեւ նվիրաբերվել են տեսադիտարկման սարքեր, զրահաբաճկոններ, այսօր այդ ապրանքներն ազատ վաճառքում են: Հասարակության մի մասին մոտ կա այլ ընկալում: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկել, ուսումնասիրություններ եղե՞լ են, թե ինչպե՞ս են հայտնվել այդ ապրանքները, կա՞ն բացահայտումներ, պատասխանատվության ենթարկվե՞լ են, թե՞ ոչ»:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց միայն հիմնադրամի փողերի հարցին` 52,7 մլրդ դրամ է փոխանցվել հիմնադրամի հանգանակած միջոցներից. «Թե կոնկրետ ինչի համար է օգտագործվել, հաշվետվության տեսքով ներկայացվել է հիմնադրամին»: Նա ասաց, որ պատերազմի հետ կապված այնպիսի ծախսեր են կատարել, որոնք բյուջեով չէին նախատեսել:
Պատգամավորը նորից հարցրեց՝ առաջիկայում նախատեսվո՞ւմ է նոր միջոցներ վերցնել հիմնադրամից, նախարարի պատասխանը բազմանշանակ էր. «Պետական բյուջեն, ենթադրվում է, որ պետության այն միակ միջոցն է, գործիքն է, որի օգնությամբ պետք է իրականացվեն պետության առաջ ծառացած խնդիրների լուծումները: Մնացածը հարակից են եւ ստեղծված են օժանդակելու պետական բյուջեին»:
ԲՀԿ-ական Հրանտ Մադաթյանը վարչապետին հարցրեց. «Դուք ձեր ելույթներում ասել եք, որ եղել են դավաճաններ, դավաճանական քայլեր, հայրենիքը ծախածներ եւ թերացած պատասխանատուներ: Լինելով ՀՀ քաղաքացի՝ պատերազմի մասնակից, ընկերներ կորցրած՝ ի դեմս լեգենդար «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եւ նրա որդու՝ Ռաֆոյի, ես պահանջատեր եմ ինձ զգում, պարոն վարչապետ: Ուզում եմ իմանալ՝ ինչո՞ւ մինչեւ հիմա չկան այդ դավաճանների անունները, այդ հայրենիքը ծախածների անունները, այդ պոստերում թերացած մարդկանց անունները եւ ինչո՞ւ մինչեւ հիմա նրանք պատասխանատվության առաջ կանգնած չեն: Արդեն մոտ երկու ամիս է անցել նոյեմբերի 9-ից, կարծես մեր երկրում ոչ մի բան չի եղել»:
Կարդացեք նաև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես մի խնդրանք ունեմ՝ երբ հղում է արվում իմ նախկինում արված հայտարարություններին, կխնդրեմ, որ դրանք ուղղակի մեջբերվեն, որպեսզի ճիշտ հարց ունենանք ու ստանաք ճիշտ պատասխաններ: Երբեմն, ֆոնային ձեւակերպումներ են արվում….Կարող եմ ասել, որ պատերազմի հետ կապված, ինչպես հայտարարել են իրավապահ մարմինները, 1300 -ի կարգի քրեական գործ կա եւ ընթանում է նախաքննություն: Այո, գուցե տեմպերը…այդ հարցը կա, գոյություն ունի: Իհարկե, պետք է այնպես անենք, որ հարցերը ստանան պատասխաններ: Ինչ վերաբերում է մարտի դաշտում ընկած մեր եղբայրներին, իմ եւ բոլորի խոնարհումը ընկած հերոսներին, այդ թվում՝ Ռուստամ Գասպարյանին եւ նրա որդուն»:
Մադաթյանը հստակ օր ու ժամ ասաց. «Դավաճանների մասին խոսել եք հոկտեմբերի 8-ին, իսկ հայրենիքը ծախածների մասին խոսել եք նոյեմբերի 10-ին՝ 00:18 րոպեին: Շատ լավ կլիներ, որ մեր հասարակությունն էլ տեղյակ լիներ հայրենիքը ծախածների ու դավաճանների մասին: Ես ուզում եմ իմանալ՝ ովքե՞ր դավաճանեցին ու հայրենիքը ծախեցին, որ մենք մեր ընկերներին, հերոս տղերքին կորցրեցինք»:
Փաշինյանը պատասխանեց. «Շատ լավ: Իմ արած հայտարարությունների վերաբերյալ կան, կամ այդ պահին արդեն եղել են քրեական գործեր եւ էլի հույս ունեմ, ոչ թե հույս ունեմ, այլ՝ համոզված եմ, որ քրգործերը կտան կոնկրետ հարցերի պատասխաններ: Այո, հայտարարությունների մեջ կարող են լինել նաեւ քաղաքական գնահատականներ ու այդ գնահատականները նույնպես հետաքննվելու անհրաժեշտություն ունեն, հետաքննվում են, գուցե դրանցով տեղի են ունենում, կամ տեղի կունենան դատավարություններ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ