Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակված ու ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդների այլևս չեն բուժելու․ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում հունվարի 15-ից դադարեցրել են կոնորավիրուսով հիվանդների բուժումը, իսկ այսօրվանից դադարեցրեցին նաև Գյումրի բժշկական կենտրոնում։
Պատճառաբանությունն այն է, որ վարակվածների թիվը նվազել է։
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանի փաստմամբ, այսօրվա տվյալներով՝ տնային պայմաններում բուժվում են 122 հիվանդ, իսկ Գյումրի բժշկական կենտրոնի տրիաժ բաժանմունքում գտնվում են 8 հոգի։
Գյումրի բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Այսօրվանից նախարարի համանով Գյումրի բժշկական կենտրոնի, այսպես ասած, կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բաժանմունքը փակվեց։ Մեզ մոտ բուժում էինք ծանր հիվանդների, գիտեք, որ թեթև հիվանդները գտնվում էին հսկողության տակ՝ ինֆեկցիոն հիվանդանոցում, որը փակվել էր ամիս 15-ից նախարարի հրամանով։
Կարդացեք նաև
Այսօրվանից հիվանդների տեղափոխումը կազմակերպեցինք երևանյան կլինիկաներ՝ համապատասխան տրիաժ ծառայության միջոցով, որը Երևանում էր, Մասիսում կար կլինիկա, որտեղ հիվանդ ենք տեղափոխել։ Դրանից հետո մենք նոր հիվանդներ չենք ընդունում։ Եթե տրիաժ են դիմում՝ դրականի կասկածանքով, տրիաժ ծառայությունը որոշում է որտեղ տեղափոխել։ Տեղափոխումն իրականացնում են իրենք, մեր հետ կապ չունի։ Նաև պոլիկլինիկաներ են այդ գործողությունն անում։ Վերջիններս թեստավորում են, դրականի թեթև դեպքերը տանն են բուժվում, ծանր դեպքերը տրիաժ ծառայության միջոցով իրականացնում են տեղափոխում»։
Գյումրի բժշկական կենտրոնում բաժանմունքը բացվեց երկրորդ ալիքի ժամանակ, քանի որ երևանյան հիվանդանոցները չէին հասցնում հիվանդներին ընդունել։ Առաջին ալիքի ժամանակ իրենք չունեին բաժանմունք, ու ծանր հիվանդները նորից տեղափոխվում էին մայրաքաղաք։
«Ցավոք սրտի, մենք այդ ժամանակ ունեցանք դեպքեր, երբ տրիաժ ծառայությունում մնում էին հիվանդներ, որոնք դրական պատասխաններ ունեին, բայց Երևանի կլինիկաներում տեղ չլինելու պատճառով, մնացել են։ Հետագայում մեր մոտ բաժանմունք բացվեց, երբ որ երկրորդ ալիքի ժամանակ ավելի շատ եղան հիվանդները։ Մարզում փակվեցին, բոլոր հիվանդները ուղղորդվում են Երևան»,-ասաց Արմեն Իսահակյանը։
Մեր հարցին, բայց դեռ կան չէ՞ հիվանդներ մեր մարզում, Արմեն Իսահակյանն ասաց․ « Շատ քիչ քանակ կար, մեր մոտ քանակը իջել էր։ Մոտ 10 հիվանդ էին բուժվում, երբ որ մենք սկսեցինք տեղափոխումները։ Ինձ թվում է՝ չի կարող այնպես լինել, որ մարզում հիվանդներ չլինեն, բայց քանի որ քիչ էին հիվանդները, երևի 10 հիվանդին նպատակահարմար են գտնում Երևանում բուժելու։ Հետագայում, եթե կարիք լինի, հիվանդների թիվն ավելանա, խոսքը երրորդ ալիքի մասին է, այդ ժամանակ նորից երևի կբացվի։
Ասեմ, մենք որևէ փոփոխություն չենք անելու այդ բաժանմունքում, կան թթվածնային բոլոր կետերը, գիտեք, որ մենք նաև թթվածնային կայան ենք կառավարության կողմից անվճար ստացել՝ մեծ արժողությամբ։ Այնպես որ, մենք պատրաստ ենք նորից շատ հիվանդ ընդունելու, եթե հարկ լինի։ Այս պահին դրությամբ հիվանդները քիչ են, նախարարության որոշմամբ՝ նրանք ուղղորդվում են Երևան»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ