Լրահոս
Օրվա լրահոսը

«Սյունիքում եւ առհասարակ հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված` մենք որեւէ խնդիր չունենք, որեւէ միջադեպ չենք ունեցել, հուսով եմ՝ ապագայում չենք էլ ունենալու». Ավինյան

Հունվար 20,2021 18:05

Օրերս «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը խոսել էր պատգամավորների ու կառավարության անդամների սխալ բառապաշարի մասին:

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նա հարցրեց՝ Ադրբեջանը հայատյաց քաղաքականություն է վարում, կառավարությունը իրավական գործընթաց է սկսել այս ամենի դեմ, բայց իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն իրենց հանրային խոսքում երբեմն այնպիսի բառապաշար են օգտագործում, մտքեր, գաղափարներ, որոնք հակասում են կառավարության իսկ նախաձեռնած իրավական գործընթացներին: Նրա խոսքով՝ միջազգային հանցագործություններ կատարածի հետ բարեկամություն սկսել անհնար է, նույնն է ինչ ցեղասպանություն կատարած ղեկավարների հետ ՀՀ-ն նստեր ու բանակցեր առեւտուր անելու շուրջ, ո՞րն է պատճառը, որ չեն տիրապետում խնդրին, որ ճիշտ խոսեն:

Question and answer session of the RA National Assembly and RA Government took place at the RA National Assembly

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ այս օրերին քարոզչություն է գնում, թե կառավարությունը անգործության է մատնված, մինչդեռ բոլոր անհրաժեշտ գործիքակազմը կիրառվում է. «Ինչ վերաբերում է ձեր նշած խնդրին, որ առանձին հայտարարություններ կարող են խանգարել նշված գործընթացի հաջող ելքին, երեւի կոնկրետացնեք, ո՞ր հայտարարության մասին է խոսքը եւ ի՞նչ նկատի ունեք՝ բարեկամական հարաբերություններ հաստատել ասելով, որովհետեւ, եթե նկատի ունենանք տրանսպորտային հաղորդակցության մասով բանակցությունները, դա չեմ կարծում, որ այդ որակման տակ է ընկնում»:

Տարոն Սիմոնյանն արձագանքեց՝ հիշեցնելով, որ կառավարության ներկայացուցիչներն են խոսել համակեցության մասին, մինչդեռ թշնամի պետությունը հայատյացություն է քարոզում:

«Լուսավոր Հայաստանից» Սրբուհի Գրիգորյանը հարցրեց՝ 80-ականներին Գորիս-Կապան ճանապարհին մարդկանց առեւանգման դեպք է եղել, հիմա երաշխիք կա՞, որ նման դեպքերը չեն կրկնվելու ու ընդհանրապես ի՞նչ երաշխիք կարող են տալ քաղաքացիներին Սյունիքից մինչեւ Տավուշ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Շատ են քննարկվել մեր սահմանապահ զորքերի եւ ադրբեջանական սահմանապահ զորքերի տեղակայման հարցերը եւ անվտանգային հարցերը, որոնք առաջ են եկել այս փոփոխությունների հետ կապված: Այս պահի դրությամբ ուզում եմ ձեզ վստահեցնել, որ ճանապարհային հատվածի մասին, որի մասին խոսեցիք, ունենք հստակ պայմանավորվածություններ ե՛ւ ադրբեջանական, ե՛ւ ռուսական կողմի հետ: Մինչ օրս այդ ճանապարհահատվածով անցնող ավտոմեքենաների եւ առհասարակ տրանսպորտի հետ կապված որեւէ միջադեպ չենք ունեցել: Այս ժամանակավոր տեղակայումը սահմանապահ զորքերի, կարելի է ասել, որոշ չափով ավարտվել է: Հաջորդ փուլում անցնելու ենք բովանդակային բանակցությունների՝ սահմանազատման եւ սահմանների գծման ուղղությամբ»:

Ավինյանը վստահ հայտարարեց. «Սյունիքում եւ առհասարակ հայ-ադրբեջանական սահմանագծի հետ կապված մենք որեւէ խնդիր չունենք, որեւէ միջադեպ չենք ունեցել, հուսով եմ, որ ապագայում չենք էլ ունենալու»:

Հարցին՝ ի՞նչ անելու կառավարությունը, որ արտագաղթի նոր ալիք չբռնկվի՝ փոխվարչապետը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ կառավարության մյուս նիստին կընդունեն տնտեսական հակաճգնաժամային նոր փաթեթ, որը ենթադրելու է նոր գործիքակազմ՝ հետկորոնավիրուսային եւ հետպատերազմյան խնդիրների լուծման համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031