«Արսեն Թորոսյանի տեղափոխման հետ կապված չեմ ուզում որեւէ մեկնաբանություն անել։ Ճիշտ կլինի այդ հարցն իրեն ուղղել կամ կառավարությանը։ Ինչ վերաբերում է մեր առաջին նիստին, կհայտարարենք այսօր։ Ամենայն հավանականությամբ՝ առաջին նիստը կլինի երկուշաբթի»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարարի պաշտոնից ազատմանը՝ ասաց կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համավարակի հետևանքները մեղմելու կամ վերացնելու ուղղությամբ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը։
Արդյոք Արսեն Թորոսյանը կհրավիրվի՞ հանձնաժողովականների հարցերին պատասխանելու, Արկադի Խաչատրյանը նշեց․ «Պաշտոնատար անձանց ցանկը կսահմանենք աշխատանքը սկսելուն պես։ Կորոշենք, թե ինչ հերթականությամբ ենք աշխատելու։ Շատ հարցեր կան, որոնք նախ կառավարությանը պետք հղենք։ Դրանից հետո նոր կորոշենք պաշտոնատար անձանց հրավիրելու եւ նրանց հղվելիք հարցերը»։
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ առողջապահության նախարար է նշանակվել մասնագիտությամբ իրավաբան Անահիտ Ավանեսյանը, Արկադի Խաչատրյանը հետեւյալ համոզմունքը հայտնեց․ «Համարում եմ, որ նախարարները պետք է լինեն տեխնոկրատ եւ պրոֆեսիոնալ։ Եթե բժշկական կրթություն չունի կամ կառավարման մեծ փորձ, դժվար է համարել տեխնոկրատ։ Բայց տեսնենք, թե ինչպիսի նախարար կլինի նա։ Ծանր տարի է եղել առողջապահական համակարգի համար»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ