Մայրաքաղաքում ողջ գիշեր շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացին ներգրավվել են «ԵԱՍՄ» 51 հատուկ տեխնիկա և շուրջ 300 աշխատակից:
«12 վարչական շրջանում արդեն 19-րդ ժամն է, ինչ ընթանում են աշխատանքները, և մինչև լուսադեմ մենք շարունակելու ենք մաքրել քաղաքը, որպեսզի քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կարողանանք ապահովել: Հետո անցնելու ենք երկրորդական փողոցներին, ինչպես նաև մայթերի մշակմանը»,– նշում է «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը:
Ամառային անվադողերով ավտոմեքենաները դժվարություններ են առաջացնում ձնամաքրող տեխնիկայի և մեքենաների երթևեկության համար։ Բացի այդ, աշխատանքներին խոչընդոտում են նաև փողոցներում երկկողմանի կայանած մեքենաները:
«Դժվարանցանելի ճանապարհներ, ինչքան տեսնում ենք, չկան, բայց ամեն դեպքում դժվարություն կա: Կոչ ենք անում վարորդներին, դա նաև պահանջ է, որպեսզի պարտադիր երթևեկեն ձմեռային անվադողերով, որպեսզի վթարները համեմատաբար քիչ լինեն», – նշում է ՃՈ առաջին սպայական գումարտակի երկրորդ սպայական դասակի տեսուչ Նաիրի Գաբրիելյանը:
Կարդացեք նաև
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն այս պահին սպասարկում է 10 վարչական շրջան: Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներն իրականացնում է կապալառու ընկերությունը:
«Մենք դեռևս համալրում ենք հիմնարկի հատուկ տեխնիկան, ուստի Ավան և Նոր Նորք վարչական շրջանները սպասարկում է մրցույթը հաղթած կապալառու ընկերությունը: Հուսով եմ, որ մենք այս տարի կհամալրենք մեր պարկը և ամբողջ 12 վարչական շրջանները կմաքրի համայնքային կառույցը»,– ընդգծում է Արմեն Գրիգորյանը:
Երևանի քաղաքապետարան