«Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող» ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ, անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց ապացույցներ, թե ինչ ձեւաչափով եւ ինչպես է ՊԵԿ արդեն նախկին նախագահ Դավիթ Անանյանին հրավիրել հանձնաժողովի նիստին՝ պարզաբանումներ տալու ՀՀ ներկրված ջահերի խմբաքանակի մասին, ինչի առնչությամբ հանձնաժողովը խնդիրներ էր տեսել։
Բագրատյանը նշեց․ «Մի քանի միլիարդ դրամի մասին է խոսքը, որը վերաբերում է մեկանգամյա ներկրմանը։ 2000-ից ավելի ջահեր են ներկրվել։ Ուզում էինք հասկանալ, թե ինչ նպատակով են օգտագործվելու։ Ապացույց չունեցանք, որովհետեւ ՊԵԿ-ը չներկայացավ՝ պարզաբանումներ տալու։ Պարոն Անանյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, թե ես ստել եմ, թե հրավեր չի հղվել իրեն, ես էլ ասում եմ, որ հրավիրել եմ, արձագանք չի եղել, այդ թվում քարտուղարուհուն եմ տեղեկացրել։ Միայն ՊԵԿ-ը կարող էր պարզաբանում ներկայացնել մաքսային սահմանը հատած ապրանքների վերաբերյալ»։
Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան էջում գրել էր՝ Բագրատյանը ստում է, ասելով, թե հրավիրել է իրեն քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ