«Յուրի Խաչատուրովն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի» գործով դատարանը որոշում է կայացրել. Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարվել է մասնակի:
Դատարանը որոշել է. «Պարտավորեցնել Ստեփան Գրիգորյանին` դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, մեկ ամսվա ընթացքում, «Ա1+» հեռուստաընկերության տաղավարում հրապարակայնորեն հերքել 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում, վերջինիս պատկանող յութուբյան ալիքով հրապարակված հարցազրույցում զրպարտություն համարվող և հայցվորին վերաբերող հետևյալ փաստացի տվյալները՝ տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու և պատերազմի ժամանակ տեղում չլինելու, իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին՝ հերքման տեսանյութը տեղադրելով նաև Ստեփան Գրիգորյանի ֆեյսբուքյան կայքում, այնպես, որ հերքման տեսանյութը տեղակայման, հաղորդման ժամի առումով չզիջի 2018թ. հուլիսի 30-ին «Ա1+» հեռուստաընկերության կայքում հրապարակված հարցազրույցի տեսանյութին»։
Հիշեցնենք, զրպարտության մասով Յուրի Խաչատուրովի պաշտպանական կողմը Ստեփան Գրիգորյանի երեք հայտարարությունների վրա էր ուշադրություն հրավիրել, որ Յուրի Խաչատուրովն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ լիարժեք չի կատարել իր պաշտոնական պարտավորությունները կամ ուշացումով է դրանք կատարել, երկրորդ` որ այդ պատերազմի ժամանակ հայկական կողմի կորցրած հողերը ոչ թե գրավել են պատերազմի արդյունքում, այլ վաճառվել են թշնամուն եւ երրորդ`որ հայկական բանակը կարող էր ետ բերել այդ տարածքները, բայց Յուրի Խաչատուրովը թույլ չի տվել:
Կարդացեք նաև
Հայցը մնացած մասով, մերժվեց։ Դա վերաբերվում էր երկու միլիոն դրամ բարոյական վնասի փոխհատուցմանը: Յուրի Խաչատուրովի շահերի ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանն այս առումով տարակուսած է, քանի որ ինքն ակնկալիք ուներ, որ հայցն ամբողջությամբ պետք է բավարարվի. «Չեմ ասում ամբողջությամբ`առավելագույն չափով`որքան որ պահանջել էինք, բայց որոշակի չափով, կարծում եմ`պետք էր բավարարել, որովհետեւ դա պահանջ էր, որը լիովին հիմնավորված էր: Այսինքն, թե Քաղաքացիական օրենսգիրքը, թե Վճռաբեկ դատարանի նախադեպերը հիմքերը ներկայացնում են, թե ո՞ր պարագայում պետք է ֆինանսական պահանջը բավարարվի, իսկ այս դեպքում, մենք բոլոր հիմքերն ունեինք: Մասնավորապես, որ զրպարտությունը լայն տարածում էր գտել` հարցազրույցը հեռարձակման սահմանափակում չուներ: Նաեւ`պատասխանող կողմը որեւէ հիմք չէր ներկայացրել, որ ինքը ֆինանսական խնդիրներ ունի եւ հնարավորություն չունի այդքան գումար վճարելու, ոչ էլ խնդրանք`քիչ չափով բավարարելու այդ պահանջը: Ուստի, այս դեպքում, կարծում եմ, պետք էր հայցը բավարարել»:
Aravot.am-ի հարցին`հնարավո՞ր է այս մասով բողոքարկվի դատարանի որոշումը, Անահիտ Սարգսյանն ասաց, որ դեռ իր վստահորդի հետ չի խոսել եւ չի կարող ասել, թե ի՞նչ դիրքորոշում ունի Յուրի Խաչատուրովը, բայց ինքն այն կարծիքին է, որ պետք է բողոքարկել:
Ստեփան Գրիգորյանից հօգուտ Յուրի Խաչատուրովի դատարանը որոշել է բռնագանձել նաեւ 4000 ՀՀ դրամ, որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ