Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության ԱԱՀ արտոնությունը չեղարկելով՝ մեծ հարված կհասցվի ցածր եկամուտ ունեցող եւ աղքատ խավերին. ոլորտի փորձագետներ

Հունվար 20,2021 17:10

Անցյալ տարվա դեկտեմբերին վարչապետի որոշմամբ առողջապահության ոլորտում չեղարկվեց ԱԱՀ արտոնությունը: Պետական ֆինանսական կառավարման փորձագետ Արտակ Քյուրումյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկման ժամանակ ասաց, որ այդ որոշմամբ մեծ հարված է հասցվելու ցածր եկամուտ ունեցող եւ աղքատ խավերին: Նրա խոսքով, պետական կառավարման համակարգը բավական թույլ է եւ կարողությունների զարգացման խնդիր ունի:

Հիշեցնենք, որ կառավարության ֆինանսական բլոկի պատասխանատուներն այդ որոշումը պատճառաբանեցին պետբյուջեի անբավարար հարկային մուտքերը լրացնելու հանգամանքով: Իսկ որպես հիմնավորում նշեցին, թե այդ ծառայությունների ԱԱՀ-ով հարկումը հնարավորություն կտա ընդլայնել պետական պատվերով կամ, այլ կերպ ասած՝ անվճար բուժօգնություն ստացողների թիվը:

Արտակ Քյուրումյանը սակայն, կառավարության հիմնավորումները արժանահավատ չի համարում, քանի որ նշյալ փաստաթղթում որեւէ թվային հիմնավորում չկա. «Կառավարությունն իր ֆինանսական հոսքերում ունի որոշակի ճեղք եւ այն փակելու համար ելքեր է որոնում: Փաստաթղթում ձեւակերպում են՝ ինչ է իրենից ներկայացնում ճեղքը, բայց չեն ներկայացնում թվեր՝ ճեղքն ի՞նչ մեծության է, որովհետեւ դրանից կախված կլինի լուծումը, որը պետք է փնտրել: Եթե այդ ճեղքը փակելու համար տարեկան 5 միլիարդ դրամ է պետք՝ լուծումը այլ հարթության մեջ պետք է փնտրել, եթե տարեկան 50 միլիարդ է կազմում՝ մեկ ուրիշ հարթության մեջ, իսկ, եթե տարեկան 500 միլիարդ է պետք՝ բոլորովին այլ տեղ պետք է փնտրել: Եթե չեն ներկայացնում այդ ճեղքի մեծությունը երկու բացատրություն կա՝ իրենք էլ չգիտեն այդ ճեղքի մեծությունը կամ գիտեն, բայց չեն ասում»:

Առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը, որը նույնպես ներկա էր քննարկմանը, առաջարկեց նայել մեդալի մյուս կողմն էլ. «Մարդկային կյանքերն են, առողջությունն է, որը պահանջում է կատարել որոշակի ծախսեր եւ այդ ծախսերի տեսանկյունից, երբ նայում ենք, միգուցե այն նպատակները, որոնք դրել է կառավարությունն իր առջեւ՝ որոշակի խնդիրներ լուծելու, այդ ծախսերի տեսանկյունից կարող են ավելի աղետալի լինել եւ համադրելի չլինեն ակնկալվող եկամուտների հետ»:

Պարոն Խարազյանը վարչապետի որոշումը համարեց «ցանկությունների փաստաթուղթ»:

«Որովհետեւ կան շատ անորոշություններ: Չի նշվում, թե ավելացված արժեքի հարկի ինչ տոկոսաչափ պետք է կիրառվի: Եթե կիրառվի ստանդարտ 20 տոկոս ԱԱՀ-ն, ապա բժշկական ծառայությունների զգալի թանկացում կլինի»,-ասաց փորձագետը՝ հիշեցնելով դեղերի նկատմամբ կիրառված ԱԱՀ-ն, որից ստացված եկամուտները պետք է ուղղվեին առողջապահական ծախսերին, սակայն, ըստ նրա, ոչ մի լումա չուղղվեցին առողջապահական ծրագրերի իրականացմանը. «Ես շատ մեծ կասկածներ ունեմ, որ ավելացված արժեքի հարկի կիրարկումից հետո նման ներարկումներ կլինեն առողջապահական համակարգում: Այդ որոշումը, հատկապես ազդելու է թոշակառուների վրա, որովհետեւ նրանք որեւէ սոցիալական խմբում ընդգրկված չեն»:

Հանրային առողջապահության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանն ասաց, որ բնակչության առողջության առումով 2021 թվական մտել ենք բավականին մտահոգիչ տվյալներով, քանի որ ազգաբնակչության տեսակարար կշռով մեծ մասը չի կարողանում դիմել բուժօգնության՝ գումար չունենալու պատճառով. «Բնակչության 71 տոկոսը չի կարող թույլ տալ անսպասելի՝ 45 հազար դրամը գերազանցող ծախս:
Նրանք աղքատ մարդիկ չեն, մեզ պես մարդիկ են: Մեր առողջապահական համակարգը շուկայականացված է եւ կառավարությունն էլ նպաստում է: Այսինքն՝ մենք անում ենք այն ծրագրերը, որոնք մեզ պետք են: Այդ որոշումը բերելու է մարդկանց մոտ խնդիրների ավելացմանը, որն էլ անդրադառնալու է հիվանդացության, հաշմանդամության, մահացության ցուցանիշների ավելացմանը: Կառավարությունը պետք է հաշվի առնի՝ ինչպես է դա ազդելու մարդկանց առողջության վրա: Տնտեսական աճն ու առողջությունն իրար հետ փոխկապակցված են: Հիվանդ մարդը չի կարող աշխատել, ստեղծել տնտեսական աճ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031