Լրահոս
Օրվա լրահոսը

«Անկախ այն բանից, թե ով ինչ է հայտարարում, մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն». Արա Այվազյան

Հունվար 20,2021 17:05

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլից» Տաթեւիկ Հայրապետյանը արտգործնախարար Արա Այվազյանին հարցրեց՝ վերջերս ադրբեջանական կողմը մի քանի պնդում է արել, որ ԼՂ հակամարտությունը փաստացի լուծվել է, նաեւ Ալիեւը Շուշիում հանդես եկավ ընդգծված հայատյաց ելույթով եւ ասաց, որ ՀՀ-ում ռեւանշի մասին մտածողները բախվելու են երկաթյա բռունցքի, ի՞նչ մոտեցում ունի մեր ԱԳՆ-ն ու որոնք են մեր առաջնահերթությունները:

Նախարարը պատասխանեց, որ իրենք հայտարարություն տարածել են Ալիեւի՝ Շուշիում արած սադրիչ ու վիրավորող հայտարարություններին ի պատասխան ու նշել, որ դրանք չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. «Պարոն Ալիեւի հայտարարությունները իրարամերժ են, մի կողմից հայտարարում է, որ հակամարտությունը լուծված է, մյուս կողմից նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող սադրիչ հայտարարություններ, ինչը վկայում է, որ հավանաբար հակամարտությունը մտել է մի նոր փուլ, որտեղ կա հայկական կողմի միասնական օրակարգ սահմանելու անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է առաջնահերթություններին, նախեւառաջ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցությունները Մինսկի խմբի ձեւաչափով եւ վարել բանակցությունները այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն: Մեզ համար առաջնային հարց է դեօկուպացիան՝ ապաշրջափակումը եւ դրա հետ կապված հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձը իր բնակավայրերը: Երրորդը՝ միջազգային կառույցների կողմից հումանիտար աջակցության անխափան ապահովումը Արցախին: Եվ չորրորդը վերաբերում է մեր մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանմանը»:

Ինչ վերաբերում է Շուշիի վերաբերյալ հնչեցված արտահայտություններին, նախարարը հայտարարեց. «Շուշին հայկական մշակութային կենտրոն է եւ եւս մեկ անգամ ուզում եմ ասեմ՝ անկախ այն բանից, թե ով ինչ է հայտարարում, մենք չենք համաձայնվելու այն պնդումներին, որ Շուշին կարող է դառնալ թուրքական մշակութային կենտրոն: Վստահ եմ, որ մենք այդ ուղղությամբ ստանալու ենք միջազգային հանրության աջակցությունը»:

Տաթեւիկ Հայրապետյանը հիշեցրեց, որ գերիների հարց ունենք ու ՄԻԵԴ միջանկյալ որոշումից հետո Ադրբեջանը ապակառուցողական է գտնվում ու կյանքի իրավունքից զրկում մարդկանց: Նախարարը պատասխանեց, որ գերիների հարցը, բնականաբար, առաջնահերթություններից է ու դիվանագիտական խողովակներով աշխարհին ի ցույց են դնում, որ Ադրբեջանը պատրաստ չի խաղաղության:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031