Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրի Հոխիկյան. «Իրանի դեմ մեծ պատերազմ է նախապատրաստվում, ինչը կտեսնենք 2021 թվականին»

Հունվար 20,2021 16:55

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն այսօր ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց մեր տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական եւ ռազմական հնարավոր զարգացումների ընթացքը, ինչը լուրջ սպառնալիք եւ մարտահրավեր է նաեւ Հայաստանի եւ Արցախի համար: «Գիտենք, որ Իրանի նկատմամբ մեծ պատերազմ է նախապատրաստվում: Եվ այդ իրողությունը չեն թաքցնում ինչպես համաշխարհային լրատվամիջոցները, այնպես էլ համաշխարհային ուղեղային կենտրոնները: Ընդ որում, իրադարձությունների զարգացմանը սպասում են այսօրվանից հետո, երբ ԱՄՆ-ում տեղի կունենա նախագահի երդմնակալության արարողությունը: Դրանից հետո մենք աստիճանաբար ականատես կլինենք Իրանի դեմ նախապատրաստվող եւ իրականացվող ռազմական գործողություններին, որովհետեւ խոսքը Մերձավոր Արեւելքը Մեծ Մերձավոր Արեւելք դարձնելու գործընթացի մասին է:

Սիրիա, Իրաք, Լիբիա: Հաջորդը Իրանն է ռեսուրսների բաշխման իմաստով: Վերջին տեղեկություններով, որը ստացել եմ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին արդեն Իրան-Արցախյան գրավյալ հատվածի սահմանային տարածքում, խոսքը Արաքսի հովտի մասին է, դեպի Իրան գնացող հատվածում իրանցի 10 սահմանապահ արդեն զոհվել է ահաբեկիչների հետ բախումների արդյունքում: Ահաբեկիչները ավելի շատ փորձում են Իրանի հյուսիսային շրջաններ ներթափանցել Ջրականից (Ջեբրայիլ): Մենք գիտենք նաեւ, որ Արցախի Ջրականի շրջանում, հատկապես այն զորամասում եւ շրջակա շինություններում, որոնք ժամանակին կառուցվել էին հայ զինվորականների ընտանիքների համար, տեղակայվել է մոտ 5000 ահաբեկիչ, որոնք ոչ այնքան Արցախի դեմ ագրեսիա կիրառելու համար են, որքան Իրանի տարածք ներթափանցելու: Հիմա պարբերաբար փորձ է արվում փոքր չափաբաժիններով ներթափանցել մեր հարավային հարեւան երկրի տարածք, բայց իրական վտանգ Իրանի համար կլինի, երբ Ջո Բայդենը արդեն պաշտոնապես ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը:

Եթե մի փոքր լայնացնենք այս թեման, դեմոկրատները թեեւ հայտարարում են, թե իրենք խաղաղության են ձգտում, սակայն նրանք անընդհատ պատերազմների են գնում եւ իրենց զորքերը անընդհատ տեղակայում են Մերձավոր Արեւելքի տարբեր երկրներում: Այսինքն, նրանք ավելի շատ հայտնի են որպես պատերազմի կուսակցություն: Դրա փորձը կա Բարաք Օբամայի իրողություններում: Միացյալ Նահանգները, Իսրայելը, Թուրքիան ռազմական ագրեսիան կկիրառեն, հիմա դժվարանում եմ կոնկրետ օրեր նշել, բայց որ 2021 թվականի ընթացքում դա տեղի կունենա, նաեւ միջազգային շատ փորձագետների համար կասկածից վեր է:

Ընդամենը օրեր առաջ մենք տեսանք Իրանի «Հեղափոխության պահապանների» կորպուսի օդուժի հրամանատար, գեներալ Հաջիզադեի հայտարարությունը, թե «Մենք տարածաշրջանի որոշ երկրներին եղբայրաբար խորհուրդ ենք տալիս, որ եթե պատերազմ սկսվի, մեզ համար Միացյալ Նահանգների բազան ոչնչով չի տարբերվի այդ բազաներին տարածք տրամադրող երկրից»: Խոսքը տվյալ դեպքում հստակ ուղղված էր Թուրքիային: Բայց չմոռանանք, որ Իսրայելի ռազմական բազաներ եւ գաղտնի օդանավակայաններ կան նաեւ Ադրբեջանի հարավային շրջաններում: Եվ մենք անընդհատ ականատես ենք լինում Ադրբեջանի տարածքից իսրայելական ԱԹՍ-ների մուտքին Իրանի տարածք: Ու թեեւ պարբերաբար փորձ է արվում դրանց խանգարել, բայց հաշվի առնելով Իսրայելի ռազմական մեծ ներուժը, չեմ կասկածում, որ իսրայելցիները Ադրբեջանի տարածքից կարողանում են որոշակի ինֆորմացիա ստանալ Իրանից»,-հայտարարեց Նաիրի Հոխիկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031