Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի․ ՄԻՊ

Հունվար 20,2021 17:26

Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ անվանումը լինի, այսուհետ պայմանական՝ որոշման] գործընթացն ուղեկցվում է իրավունքի գերակայության և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

Հետևաբար, այն չունի լեգիտիմություն և պետք է անհապաղ դադարեցվի կամ վերանայվի:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այս հետևությունը հիմնված է հետևյալ առանցքային գործոնների վրա.

1) Հայաստանի Հանրապետության պետական սահմանների որոշման գործընթացը տեղի է ունենում Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո,

2) Ադրբեջանի նախագահը ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է Թուրքիայի նախագահը (օրինակ՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո Բաքվում դեկտեմբերի 10-ի ռազմական միջոցառման ժամանակ երկու նախագահների ելույթները լի են եղել համեմատություններով Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության, Բաքվում հայերի զանգվածային ջարդերի կազմակերպիչներին ու կատարողների փառաբանումով, այդ թվում՝ Կովկասյան իսլամական բանակի անդամներին գովերգելով, նրանց հետ համեմատություններով, Հայաստանն արժեք չունեցող արհեստական պետություն հայտարարելը, իսկ հայերին հրապարակայնորեն շներ անվանելը և այլն),

3) Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ, հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք ու դա անում են Հայաստանում ապրող յուրաքանչյուր մարդու անձնական արժանապատվությունը նվաստացնելու նպատակով (հայերին շների հետ համեմատելը, հայերին կենդանիների հետ համեմատելը և մարդ չհամարելը, հայերին չարիք համարելը, հայ երեխաներին, կանանց ու տարեցներին սպանելու կոչերը և այլն),

4) սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ:

Ի սպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր,

5) տեղի ունեցածի արդյունքում կոպտորեն խախտվել են Հայաստանի Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքները, այդ թվում՝ զրկվել են հողատարածքներից ու տներից, որոնց նկատմամբ նրանց իրավունքները [նաև սեփականության իրավունքը] պետական գրանցման են ենթարկվել Խորհրդային կամ անկախ Հայաստանի պետական մարմինների կողմից:

Լրջորեն վտանգվել են մարդկանց կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության ու Հայաստանի Սահմանադրությամբ երաշխավորված այլ իրավունքներ: Խաթարվել է խաղաղ, բռնությունից զերծ միջավայրում ապրելու ու զարգանալու երեխայի լավագույն շահը,

6) Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերում [օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան խոշորացված համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հենց մայթերի բաժանումով անմիջապես բնակավայրում] տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ:

Այդ նույն վայրերում Հայաստանի խաղաղ բնակիչների կյանքն ու անվտանգությունն ապահովելու համար արդարացիորեն տեղակայվել են նաև Հայաստանի ու Ռուսաստանի սահմանապահ ծառայողներ, այսինքն՝ դարձյալ առկա են զինված մարդիկ:

Այս ամենի արդյունքում առաջացած իրավիճակը հայաստանյան խաղաղ բնակավայրերում խաթարել է մարդկանց կյանքն ու ապրուստը կազմակերպելու անվտանգ կազմակերպումը և լրջորեն վտանգել է մարդկանց անվտանգությունը.

7) Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչները զրկվել են արոտավայրերից ու գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքներից, որոնք նրանց համար ունեին կենսական նշանակություն, տարիներ շարունակ եղել են նրանց ընտանիքների եկամտի միակ աղբյուրը:

Դրանից բացի, մարդիկ ոչ իրավաչափ արարքների արդյունքում զրկվել են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունքից, այդ թվում՝ Հայաստանի պետական իրավասու մարմինների ակտերով հատկացված կամ իրենց սեփականության իրավունքով պատկանող գույքից.

8)վտանգվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը.

9) 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց:

Դրա հետևանքով սահմանների որոշման գործընթացի անթույլատրելի արագությունն ու հատկապես սահմանային բնակիչներին անմիջականորեն առնչվող՝ իրենց կենսական իրավունքների (կյանքի, սեփականության և այլ իրավունքներ) ու այդ իրավունքների պաշտպանության հնարավորությունների վերաբերյալ պատշաճ տեղեկությունների բացակայությունը հանգեցրել է անորոշության ու որևէ հիմնավորում չունեցող անկանխատեսելի իրավիճակների:

Այսինքն՝ սահմանների որոշումը Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, այն տեղի է ունենում Ադրբեջանի կողմից մեր երկրի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների ներքո, հետևաբար՝ հակասում է իրավունքի գերակայության հիմքերին ու չունի որևէ լեգիտիմություն:

Ընդ որում, խոսքը գնում է ինչպես սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքների անմիջական, այնպես էլ անուղղակի ազդեցությամբ Հայաստանի ողջ բնակչության իրավունքների խախտումների կամ դրանց լրջագույն վտանգման մասին:

Նկարագրված մոտեցումներով սահմանների որոշումը ոչ միայն չի նպաստելու տարածաշրջանում ժողովուրդների խաղաղ գոյակցությանը, այլ նաև պարարտ հող է ստեղծելու Ադրբեջանում չդադարող հայատյացության ու թշնամանքի, դրա վտանգավոր դրսևորումների համար:

Ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչվում է մարդուն, պետք է լինի իրավունքի գերակայությունը ու, հետևաբար, մարդու՝ միջազգայնորեն ճանաչված [մեր երկրում` նաև Սահմանադրությամբ երաշխավորված] իրավունքները: Սա ժողովրդավարության հիմնարար սկզբունք է:

Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրվածը ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031