Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի`«Սասնա ծռերին» օժանդակելու գործը նորից կքննվի

Հունվար 20,2021 16:50

2016թ.-ին ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու եւ Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով նիստերը կվերսկսվեն:

Հիշեցնենք, այս գործով դատավորի պաշտոնավարման ժամկետը լրացավ`գործի քննության վերջնական փուլում: Գործով նոր դատավոր է նշանակվել` Դավիթ Հարությունյանը: Վերջինս Պետական պահպանության ծառայության նախկին պետ գեներալ-լեյտենանտ Հրաչյա Հարությունյանի (Կրակեմ Հրաչ) որդին է, որը պաշտոնավարել է նաև 2016 թվականին` Սարի Թաղի իրադարձությունների ժամանակ։

Անդրիաս Ղուկասյանի գործը կքննվի նորից. այսօր դատարանում նա այդպես պնդեց:

Aravot.am-ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանը գործի նորից քննության անհրաժեշտությունը բացատրեց այսպես. «Շատ տուժողներ եւ վկաներ սուտ ցուցմունքներ են տվել հարցաքննության ժամանակ: Հիմա, շատ կարեւոր է նորից հարցաքննել այդ մարդկանց. հնարավոր է համադրել ոստիկանների ցուցմունքները եւ տեսագրություններում նկարահանված իրադարձությունները`շատ հեշտ է բացահայտել ցուցմունքների սուտ լինելու հանգամանքը»:

Հիշեցնենք, որ ըստ տուժողների, քաղաքացիներն էին Սարի Թաղում, ամսի 29-ի իրադարձությունների ժամանակ, քարերով եւ փայտերով, հարձակվել ոստիկանության ներկայացուցիչների վրա: Ըստ հակառակ կողմի`ոստիկաններն էին հարձակվել քաղաքացիների վրա եւ բռնություններ կիրառել:

«Իրականում, սա էական հանգամանք է եւ կարեւոր է իրականության արձանագրումը`ոչ միայն ինձ համար, այլ հանրության համար, որովհետեւ, ինձ ներկայացված մեղադրանքը`իբր ես Սարի թաղում կազմակերպել եմ զանգվածային անկարգություններ, զրպարտություն է ողջ հանրության նկատմամբ, որովհետեւ, մեր քաղաքացիները Սարի թաղում, 2016 թվականի հուլիսի 25-ին անկարգություններ միանշանակ չեն կատարել: Այդ զրպարտությունը բացահայտելը իմ քաղաքական նպատակներից մեկն է եւ ես, բնականաբար, հետեւողական պահանջում եմ, որ բոլոր ապացույցները նորից հետազոտվեն»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Հաջորդ նիստում, հավանաբար, կորոշվի ապացույցների ուսումնասիրության կարգը:

Ինչ վերաբերվում է գործը քննող դատավորին, Անդրիաս Ղուկասյանը մի փոքր տարակուսած է, քանի որ նա պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի ժամանակ պահպանության ծառայության ղեկավարի որդին է. «Դա, իհարկե, վստահություն չի ներշնչում, որ քննությունը լինելու է օբյեկտիվ եւ անաչառ: Սերժ Սարգսյանի համար սկզբունքային է այս գործը եւ ինքը իր բոլոր ռեսուրսները օգտագործել, օգտագործում եւ օգտագործելու է`իմ կատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար: Մոտակա դատական նիստը կբացահայտի այս դատավորի անաչառությունը, քանի որ մտադիր եմ մի շարք միջնորդություններ ներկայացնել, այդ ժամանակ էլ ես կտամ իմ գնահատականը»:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031