Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր իշխանությունը զբաղվում է անհեթեթ գործերով». Տիգրան Հեքեքյան

Հունվար 20,2021 15:47

«Մարդկությունն այնպիսին է դարձել աշխարհում, որ երբ նրան բարձր արժեքներով չես կրթում, դառնում է սպառող: Իսկ սպառողին ի՞նչ է պետք, ինչ կտաս, կարեւոր չէ, միայն թե մի բան փախցնի»,- «Հայելի» ակումբում ասաց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը: Նա հիշեց, որ դեռեւս խորհրդային տարիներին, երբ մարդիկ ցածր աշխատավարձ էին ստանում, անպայման ինչ-որ բան «թռցնում» էին, անգամ եթե դա պետք չէր:

Մաեստրոն կարծում է, որ այժմ տեղեկատվություն սպառելու առումով էլ է հասարակությունը դարձել զուտ սպառող. «Տուր ես ուտեմ, մի բան տուր ուտեմ…Այնքան արագ են հավատում բոլոր կողմերից եկող ամեն տեսակ տեղեկատվությանը՝ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Հայաստանից, իշխանամետ, իշխանությանը հակընդդեմ…Ով ինչ ասի, մարդիկ արագ վերցնում, մարսում են, նաեւ փոխանցում…Իհարկե մտածող շերտն այդպիսին չէ, բայց մտածել ցանկացող եւ մտածող շերտից որեւէ մեկն էլ այլ թեմայով չի խոսում, մանավանդ նոյեմբերի 9-ից հետո…»:

Տիգրան Հեքեքյանը այսօրվա հասարակությանը շատ տարօրինակ է որակում. «Երբ մեզ բաժանեցին սեւ ու սպիտակի, ես համ սեւն էի, համ սպիտակը, բոլորի լավը տեսնում էի, բայց հիմա արդեն բոլորը գույնզգույն են: Ամուսինները տան մեջ վախենում են խոսել, որովհետեւ կինը մի բան է մտածում, ամուսինը՝ լրիվ այլ: Գուցե սա հատուկ ծրագիր էր, ո՞վ գիտի»:

Նա նաեւ հույս ունի, որ դեռեւս 4-5 զինվորական է մնացել, որոնց հեշտ չի լինի ասել՝ գնա այս կողմ, գնա այն կողմ. «Չնայած զինվորականը հրաման կատարող է»: Մաեստրոն խոսելով պաշտպանության նախարարության ու արդեն նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասին՝ ընդգծում է. «Մենք այդպես էլ չունեցանք նախարար: Պատերազմի սկզբից մինչեւ վերջ չտեսանք էդ մարդուն, ինքը կա, չկա, ինչ գործառույթ ունի…Մենք երկու մարդ էինք տեսնում՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, մեկ էլ Արցախի նախագահին: Եվ իր ժպիտն այնքան գոտեպնդում էր…Մենք մեղավոր էինք այնքանով, որ իսկապես հավատում էինք: Այս ժողովուրդը հավատալու պրոբլեմ ունի, հավատում էինք, բայց ինչո՞ւ էինք հավատում, ինչո՞ւ չէինք սթափ մտածում…Մենք ուզեցինք խաբվել:

Գուցե դա նրանից էր, որ 1994 թ.-ից հաղթած ժողովուրդ էինք, մտածում էինք, որ միշտ էլ պետք է հաղթենք: Իսկ ի՞նչ է արվել տարիների ընթացքում, որ ոչ թե հաղթած մնանք, այլ գնանք ու գնանք առաջ: Մինչդեռ մենք գնալով քայքայվում էինք, իսկ իրենք գնալով՝ պատրաստվում»:

Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի՝ զրոյական կետից սկսելուն, Տիգրան Հեքեքյանն անգամ անիմաստ է համարում այդ թեմայով խոսելը. «Այնքան պարզ է ամեն ինչ, խոսելու իմաստ չկա…Ցավոք, հասարակությունը բաժանված է երկու մասի՝ նրանք, ովքեր ուղղակի տանել չեն կարողանում իշխանություններին, եւ մարդիկ, որոնք փորձում են արդարացնել կատարվածը, որովհետեւ կատեգորիկ մերժում են նախկիններին: Շատ քիչ մտածողներ կան, որ ասում են եկեք վերջակետ դնենք, ոչ թե նրա համար, որ վատն էին նախկինները, այլ այն պատճառով, որ հիմա առաջ գնալու ժամանակն է:

Իսկ ի՞նչ ենք անում այս օրերին, որ գնանք առաջ…Ոչինչ: Այսօր իշխանությունը զբաղվում է այնպիսի անհեթեթ գործերով, թվում է՝ 2005 թիվն է: Գերիների հարցը չեն քննարկում, որովհետեւ ի վիճակի չեն…Ես մի քանի հարցազրույց եմ ռադիոյով լսել «իմքայլ»-ական երիտասարդ կնոջ ձայն էր, որը ոգեւորված ասում էր՝ տնտեսական զարգացում կլինի, մտածում էի, որ Քրիստոսին որ խաչում էին, ասում էր՝ Տեր Աստված, ներիր նրանց, քանզի չեն հասկանում, թե ինչ են անում…Ինձ թվում է իրենք եւս իրապես չեն հասկանում, որ արդեն կորցրել ենք մեր պսեւդո-անկախությունը: Իսկ Արցախը երկար ժամանակով կլինի ռուսական մի նահանգ, գուցե ռուսական անձնագրեր կբաժանեն նրանց, ովքեր կուզեն, որովհետեւ մարդիկ հոգնել են անընդհատ բնաջնջվելուց: Հայաստանը Արցախը հանձնել է Ռուսաստանին»:

Տիգրան Հեքեքյանի խոսքով, եթե մարդ ստանձնում է մի պաշտոն, որից գլուխ չի հանում, դա էլ յուրատեսակ դավաճանություն է. «Դա նման է նրան, որ մանկատնից վերցնես ու պահես մի երեխայի, հետո գլուխն ուտես, մի օր մի ձեռքը պոկես, մյուս օրը մարմնի մեկ այլ մաս…Բայց ի՞նչ իրավունք ունես…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031