Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փաշինյանն այն ղեկավարն է, որը կարող է շարունակել բանակցությունները»․ Հրաչյա Հակոբյան

Հունվար 20,2021 14:53

«Մեր թիմի ներսում մշտապես տեղի են ունենում բուռն քննարկումներ։ Բայց գոնե այս պահի դրությամբ թիմի ներսում կա կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանն այն ղեկավարն է, որը կարող է շարունակել բանակցությունները»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց «Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Նկատառմանն ի պատասխան, որ գերիների հարցը չի լուծվել, Հրաչյա Հակոբյանը նշեց․ «Այդ հարցը դուրս չի եկել օրակարգից։ Չի կարելի պնդել, որ չի լուծվել, որովհետեւ գործընթաց կա։ Ժամկետներ չեմ կարող նշել։ Դա շատ բարդ ու նուրբ թեմա է։ Թույլ տանք կառավարությանն ու պատկան մարմիններին իրականացնել այն»։

Հակոբյանը նաեւ հիշեցրեց Փաշինյանի այն խոսքը, որ պատերազմի առնչությամբ քննություն է իրականացվելու, եւ բոլորը պատասխան են տալու։

Ինչ վերաբերում է ներքաղաքական օրակարգին, Հրաչյա Հակոբյանը տեղեկացրեց, որ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունները շարունակվում են։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Իմ քայլից» կլինե՞ն պատգամավորներ, որոնք կողմ կքվեարկեն վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի օգտին»։ Հրաչյյա Հակոբյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, որ խմբակցությունում կան նման պատգամավորներ։ Եթե անգամ լինեն, ապա շատ քիչ են։ Հիմա ոչինչ չեմ կարող բացառել։ Եթե լինեն՝ մեկ կամ երկու հոգի»։

Լրագրողները նաեւ հարցրին՝ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի վարքագիծը քննության առարկա դարձե՞լ է, էթիկայի հանձնաժողով կստեղծվի՞։ Հրաչյա Հակոբյանը նկատեց՝ մինչեւ Հայկ Սարգսյանին հասնելն ընդդիմության որոշ պատգամավորների վարքը պետք է քննության առարկա դարձնել։ Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանը խորհրդարանում խլել էր լրագրողներից մեկի խոսափողը։

Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի պնդմանը, թե Արցախում կորցրած տարածքները պետք է վերադարձնել ոչ թե պատերազմով, այլ քաղաքականությամբ, Հրաչյա Հակոբյանն ասաց․ «Մի բանում եմ վստահ՝ ինչպիսի մարտավարություն էլ մենք որդեգրենք, պետք է զինվենք, հարստանանք, լինենք հարուստ երկիր»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031