Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարը բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանում հավանության արժանացած միջնորդությունները, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների դեմ

Հունվար 20,2021 15:09

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին:

Նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, կարևորել 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկուստեք հարաբերությունների որակական նոր փուլ մտնելն ու Հայաստանում դեսպանատուն բացելու Նիդերլանդների որոշումը։ Ռուստամ Բադասյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կիրացվի արդարադատության ոլորտում առկա ներուժը։

Հայաստանի արդարադատության նախարարը նաև բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանում վերջերս հավանության արժանացած միջնորդությունները, որոնցով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների դեմ՝ Արցախում կատարված ռազմական հանցագործությունների համար: Այս համատեքստում Ռուստամ Բադասյանն ընդգծել է․ «Նիդերլանդները ցույց տվեց, թե ինչպես է իրականում գործում ժողովրդավարությունը, երբ վտանգվում են մարդկային կյանքը, մարդու իրավունքները»։

Դեսպան Սխերմերսը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, նշել, որ մեծ ուրախությամբ է ստանձնել Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնելու առաջարկն ու առանձնացրել այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ համագործակցելու հեռանկար կա՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավարության ամրապնդում։

Նախարար Բադասյանը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզը, արդեն իսկ գրանցած ձեռքբերումներն ու կարևորել այդ նպատակով միջոցառումներ իրականացնելու համար Եվրամիության կողմից Հայաստանի կառավարությանը հատկացված 9 մլն եվրո աջակցությունը։

Անդրադառնալով 2020 թվականին Նիդերլանդների Թագավորություն կատարած այցին ու դրա արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին՝ նախարար Բադասյանը դրանցից հատկանշական է համարել Եվրաջասթի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրման բանակցությունների, ՀՀ ոստիկանության և Եվրապոլի միջև համագործակցության իրավական շրջանակ նախատեսող փաստաթղթի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պրոբացիայի և քրեակատարողական ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։

Կողմերն արդյունավետ փոխգործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել։

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031