Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը հզորացնում է կարողությունները. տնտեսվարողները, քիչ մաքս վճարելու համար, նոր հնարքների են դիմում. Արմեն Սաֆարյան

Հունվար 20,2021 14:24

Տնտեսվարողների հնարամտությունը սահմաններ չունի եւ հենց այդ պատճառով է, որ Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին դասակարգում է՝ ռիսկային եւ ոչ ռիսկային: Այսօր այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում ասաց ՊԵԿ-ի Հետբացթողումային հսկողության վարչության պետ Արմեն Սաֆարյանը: Նրա խոսքով,  ՊԵԿ-ն անընդհատ հզորացնում է կարողությունները, տնտեսվարողներն էլ փորձում են քիչ մաքս վճարելու համար այլ հնարքների դիմել՝ ապրանքները սխալ կոդի տակ են գրում, ներմուծվող ապրանքների հաշիվ-ապրանքագրերում սխալ տեղեկություններ են ներկայացնում եւ արժեքները նվազեցնում կամ խեղաթյուրում են տվյալները՝ մաքսային հայտարարագրերում ապրանքների ոչ ամբողջական նկարագիրը ներկայացնելով:

Հետբացթողումային հսկողությունը հենց այդպիսի խախտումները հայտնաբերելու համար է: Արմեն Սաֆարյանն ասում է, որ Հետբացթողումային վարչության հիմնական գործառույթը մաքսազերծման փուլում թաքնված ռիսկերի բացահայտումն է եւ չեզոքացումը: Նրա խոսքով, սակայն, կան տնտեսվարողներ, որ գործունեության ողջ ընթացքում ցուցաբերում են թափանցիկ եւ ոչ ռիսկային գործելաոճ եւ նրանց նկատմամբ ՊԵԿ-ը վստահություն է ցուցաբերում, սակայն կան այնպիսիք, որոնք պարբերաբար կրկնում են նույն խախտումները, ինչը խոսում է միտումի մասին: Նրանք մշտապես կոմիտեի խոշորացույցի տակ են լինում:

ՊԵԿ պաշտոնյան ներկայացրեց կատարված աշխատանքները՝ նշելով, որ ներդրվել է կամերալ ուսումնասիրությունների համակարգ, ինչը կարեւոր բարեփոխում է. «Մինչեւ մեր ստուգումները սկսելը տնտեսվարողների հետ երկխոսություն ենք սկսում եւ այդ երկխոսության ընթացքում մեր վերլուծությունների արդյունքում վեր հանած բոլոր ռիսկերը ներկայացնում ենք նրանց եւ փորձում ենք ստանալ պարզաբանումներ»:

Ասաց, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպության, Մաքսային միության պահանջներից է, որ ՊԵԿ-ը շեշտադրումները նախաբացթողումային փուլից տեղափոխի հետբացթողումային փուլ, ինչը ենթադրում է մաքսազերծման բոլոր գործընթացների պարզեցում եւ ժամանակի խնայում:

Արմեն Սաֆարյանի տվյալներով, 2020 թվականին Հետբացթողումային հսկողության վարչությունն իրականացրել է 93 ստուգում, որի արդյունքում արձանագրվել է շուրջ 558 միլիոն դրամի խախտում: Համեմատության համար նշեց, որ 2019 թվականին իրականացվել է 76 մաքսային ստուգում եւ արձանագրվել է 304 միլիոն դրամի խախտում. «Ե՛վ ստուգումների քանակը ե՛ւ արձանագրված գումարները էական աճել են եւ, ըստ էության, սա խոսում է այն բարեփոխումների եւ վերլուծական կարողությունների ավելացման մասին, որոնք մեզ մոտ տեղի են ունեցել: Որքան ավելացնում ենք այդ վերլուծական կարողությունները՝ այնքան շատ ռիսկեր ենք կարողանում վեր հանել»:

Ինչ վերաբերում է օրինախախտ տնտեսվարողներին, պարոն Սաֆարյանն ասաց, որ խախտումները հայտնաբերելու դեպքում, բացի այն, որ նրանք պետք է չվճարած գումարներն ամբողջությամբ վճարեն, սահմանվում է տուգանք եւ որքան հին է խախտումը՝ այնքան ավելի շատ օրական տույժեր են աշխատում, հետեւաբար ավելի մեծ վնասներ են կրում տնտեսվարողները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031