Կառավարությունն առաջարկում է «Հողային օրենսգրքում» լրացում կատարել ու հաշվառել, գույքագրել գյուղատնտեսական չօգտագործվող հողերը:
Այսօր ԱԺ նիստում նախագիծը ներկայացնելիս էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ասաց, որ ներկայումս գյուղատնտեսական հողերն անարդյունավետ օգտագործելու բազմաթիվ դեպքեր կան, սակայն որեւէ իրավական ակտով սահմանված չեն այդ հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշներ: Ուստի չեն կարողանում արդյունավետ քաղաքականություն վարել չօգտագործվող հողերի առնչությամբ:
Իմքայլական Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ մինչեւ այսօր ո՞նց էիք իմանում, որ հողը չօգտագործվող է, եթե կոնկրետ չափանիշ, ակտ չկա՝ փոխնախարարը պատասխանեց. «Մենք գիտենք, որ Հայաստանում առկա է 444 հազար 800 հա վարելահող, ըստ Վիճվարչության, օգտագործվում է 222 հազարը, հետեւաբար մնացածը չօգտագործվող է: Չկա որեւէ իրավական ակտ, որը սահմանի դա ու այս նախագծով խնդիրը լուծում ենք»:
Խոջոյանն ընդգծեց, որ նախագծով մարդկանց հողի սեփականության իրավունքից չեն զրկելու որեւէ պարագայում:
Կարդացեք նաև
«Լուսավոր Հայաստանից» Սրբուհի Գրիգորյանն ասաց, որ գյուղացին իր հողը չի մշակում «կտրտվածության» պատճառով, որովհետեւ 90-ականների հողի սեփականաշնորհումն այնպես է տեղի ունեցել, որի արդյունքում մի գյուղացին, եթե ունի մի քանի հեկտար հող՝ իրարից որոշակի հեռավորության վրա են: Մի կոմբայնով բոլոր հողակտորները մշակելը ծախսերն է ավելացնում: Երկրորդ խնդիրն այն է, որ ջրի խողովակները թալանվել են, բայց գյուղացին այդ հողատարածքի համար, որպես «ջրովի», բարձր հարկ է վճարում: Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Ցավոտ թիվ պետք է հնչեցնեմ, Հայաստանում հողատեսքերի 60%-ը մինչեւ 1 հա են»: Նա համաձայնեց,որ փոքր հողակտորների դեպքում մշակումն ավելի բարձր է լինում:
Իմքայլական Գեւորգ Պապոյանը իր կանխատեսումները ներկայացրեց, որ առաջիկայում Հայաստանում հողի գները բարձրանալու են: Դա, ըստ նրա, պայմանավորված է լինելու նրանով, որ ճանապարհների ապաշրջափակման հետ կապված Հայաստանից գյուղմթերքի արտահանման հնարավորությունները էականորեն ավելանալու են, ինչը բերելու է մշակվող հողերի պահանջարկի ավելացման եւ հողի գնի բարձրացման:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ