«Նախօրեին Ստեփանակերտում քաղաքային մուտքից մինչեւ գերեզմանատուն տանող ճանապարհին հայկական դրոշները փոխարինվել են ռուսականով»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նա ասաց, որ սրան նախորդել էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի ասուլիսը, որտեղ, ըստ էության, մեզ վերաբերող շատ կարեւոր պնդումներ եղան. «Պարզվեց, որ ռուսական կողմի ընկալմամբ, պատերազմի ամբողջ պատասխանատուն հայկական կողմն է, Հայաստանն է: Պարզվեց նաեւ, որ Ռուսաստանը, որպես արժանապատիվ ռազմավարական գործընկեր, պատրաստ չէ ճանաչել Արցախի կարգավիճակը, Արցախի անկախությունը եւ այդ հարցը փոխանցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հարթություն»:
Բաբաջանյանը գտնում է, որ այստեղ ԱԺ-ն անելիք ունի, պետք է պարզաբանումներ ու հստակություն մտցնի, որովհետեւ անորոշությունը կործանարար է. «Առնվազն բանաձեւով պետք է ԱԺ-ն համայն հայությանը ներկայացնի իր պատկերացումը, թե մենք ինչ ենք ի վերջո պատկերացնում Արցախի կարգավիճակի վերաբերյալ; Մենք շարունակո՞ւմ ենք արդյոք մնալ Արցախի անվտանգության երաշխավոր, թե՞ ոչ: Որեւէ մեկը Հայաստանից չի հայտարարել, որ մենք այդ կարեւոր պարտականությունն այլեւս չենք իրականացնում: Ալիեւն ասում է, որ չկա Արցախի հանրապետություն, ռուսները կարծես համակարծիք են այդ պնդման հետ, Մինսկի խումբը դեռեւս կենդանության նշաններ ցույց չի տալիս, որպեսզի պարզ լինի՝ իրենք ի՞նչ են ծրագրել Արցախի կարգավիճակի ուղղությամբ: Իսկ Հայաստանը առհասարակ որեւէ բան պատրաստո՞ւմ է այս ուղղությամբ, թե՞ ոչ: Ի՞նչ կարգավիճակում են շարունակելու մարդիկ ապրել Արցախում, ի՞նչ անձնագրեր են ունենալու, ո՞վ է ապահովելու սեփականության եւ ներդրումների անձեռնմխելիությունը: Մենք չենք կարող այս կարեւոր հարցերի վերաբերյալ պատասխան չունենալ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ