Այսօր ԱԺ նիստում պետք է քվեարկության դրվեին երեկ քննարկված մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնց թվում կար սահմանադրական օրենք, որն ընդունելու համար անհրաժեշտ էր պատգամավորների թվի ընդհանուր ձայների առնվազն 3/5-ը: ԱԺ նիստում գրանցվել էր 98 պատգամավոր: Քվորում կար, բայց քանի որ սահմանադրական օրենքները չէին կարող անցկացնել, Մակունցը վարման կարգով ձայն խնդրեց ու հայտարարեց. «Քանի որ մեր որոշ պատգամավորներ ճանապարհային խցանումների պատճառով դեռ չեն հասցրել բոլորը ներկա գտնվել խորհրդարանում, ես առաջարկում եմ 20 րոպե ընդմիջում վերցնել»:
Ընդմիջումից հետո քվեարկության դրվեց «Կրթության մասին» օրենքն ու ընդունվեց 84 կողմով:
Կառավարութան կողմից ներկայացված Վարչական իրավախախտումների վերաբերյալ նախագիծն ընդունվեց 82 կողմով:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքն ընդունվեց 82 կողմ, 3 ձեռնպահ ձայներով: Ընդդիմադիր խմբակցությունները կառավարության նախագծերի քվեարկության ժամանակ չէին քվեարկում առհասարակ, բայց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին դեմ քվեարկեցին: Նախագիծն, այնուամենայնիվ, ընդունվեց 81 կողմով:
Կարդացեք նաև
«Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթին ընդդիմությունը նույնպես դեմ քվեարկեց: 83 կողմ, 28 դեմ եւ 4 ձեռնպահ ձայներով այն ընդունվեց:
«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրեց. «Այս օրենքը վերաբերում է մի քանի հազար մեր համաքաղաքացիներին ու ուզում եմ հիշեցնել, որ նախագիծը իրենց հնարավորություն է տալիս, որ եթե ունեն ինքնակամ շինություններ, կարող են այս տարի մինչեւ հունվարի 31-ը դիմել իրենց համայնքներին: Դրական որոշման դեպքում նախկին կադաստրային արժեքով կվճարեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ