Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի դժբախտությունը նրանում է, որ վերածվեց տարբեր համաշխարհային հատուկ ծառայությունների մարտադաշտի. Սմբատ Կարախանյան. «Հրապարակ»

Հունվար 20,2021 11:24

Պետության երկրորդ դեմքի՝ ԱԱԾ եւ Թուրքիայի կրկնագործակալ լինելու մասին Միքայել Մինասյանի հայտարարությանը հետեւեց ԱԱԾ պարզաբանումը, թե Միրզոյանը գործակալ չէ։ Ապա ֆեյսբուքյան բլոգերներից մեկը հայտարարեց․ ա) Սերժ Սարգսյանն  իր հետ գնալիս բազում փաստաթղթեր է տարել, բ) Նիկոլ Փաշինյանը փնտրում, բայց չի գտնում իր անձնական «գործը»։

Եթե ժամանակագրական առումով հետ գնանք, կմտաբերենք, որ 2019 թ․ մայիսի 8-ին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, թե նախկին իշխանությունների հեռանալուց առաջ ԱԱԾ-ից նյութեր են անհետացել, եւ ԱԱԾ-ում ծառայողական քննություն է ընթանում: Հետագայում Փաշինյանը հավելեց, որ դա բացահայտվել է նախորդ տարվա ամռանը, թե ինչ գործերի մասին է խոսքը, ասաց․ «Այն, որ դրանք լայնածավալ շրջանակի են առնչվում, ակնհայտ է, ե՛ւ մարդկանց, ե՛ւ իրադարձությունների: Որոշ դեպքերում պատառիկներ են մնում, եւ դրանց հետեւից գնալով՝ արձանագրում ենք, որ բուն նյութը չկա»։

Ապա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ կորած փաստաթղթերը կվերականգնվեն, ու դրանից հետո նոր գնահատական կտրվի, թե ինչ փաստաթղթեր են դրանք եղել։ Իսկ օգոստոսի 7-ին Վանեցյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է եւ միացվել Մարտի 1-ի գործի նյութերին, քանի որ հիմնականում առնչվում էին այդ գործին։ Հնարավո՞ր էր, որ «ոչ հիմնականում»-ը վերաբերեր այլ տվյալների, օրինակ՝ Արարատ Միրզոյանի գործակալական անցյալին։ Զրուցել ենք Մոսկվայի «Միաբանություն» ակումբի ղեկավար Սմբատ Կարախանյանի հետ, ով լավատեղյակ է այս թեմաներից։

Դուք տեղյակ ե՞ք՝ ի՞նչ ծավալի փաստաթղթեր են անհետացել։

– Մեծ թղթապանակներ են տարվել, ակտեր են կազմվել (ոչնչացման), էդ ակտերը կան ԱԱԾ-ում ու ոչնչացվել են։ Դա փակ տեղեկություն է, զուտ ԱԱԾ ներսում։

Իսկ Արարատ Միրզոյանի հետ կապված սկանդալը ՌԴում ինչոր հուզմունք առաջացրե՞ց։

– Հուզումն ի՞նչ, էն, ինչ կա՝ կա, ինչ չկա՝ չկա։ Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանին․ եկեք սառը դատենք, ամեն դեպքում, եթե մի հարց այդքան հանրայնացվում է, դա զուտ քաղաքական ինչ-որ բան է, որ տեղափոխվել է տեղեկատվական դաշտ, նախ պետք է հստակ ապացույցներ լինեն, կամ էլ Արարատ Միրզոյանը պետք է դատարան դիմի ու պահանջի ապացույցներ։

Դե, Մինասյանն առաջարկեց դատաձեռագրաբանական փորձաքննություն անել։

– Դե, կան այդ տեխնիկական հնարավորությունները․ ե՛ւ ստուգելու, ե՛ւ կեղծելու, էդ բոլոր ծրագրային բաները կան, բոլորին էլ հայտնի են։ Նորություն չէ, որ կարելի է ե՛ւ ձեռագրերը հարմարեցնել, այսինքն՝ ստեղծել նման ձեռագիր, մեկ այլ ծրագրով էլ որոշել՝ այդ ձեռագիրը հարմարեցվա՞ծ է, թե՞ չէ, ստեղծվա՞ծ է համակարգչային ծրագրով էդ գրությունը, թե՞ չէ։ Մասնագետները դա շատ լավ գիտեն։ Ամեն դեպքում, բնական է, եթե ինքն անձամբ ցանկություն ունի էդ հարցը մինչեւ վերջ տանելու, գնում է դատարան, էդ երկու ծրագրերն էլ կան։ Ամեն դեպքում, ռուսական ծառայությունների մոտ կան զուգահեռ տվյալներ։ Բայց բնական է՝ ռուսական ծառայությունները շատ ավելի լուրջ են աշխատում ու ավելի հիմնավոր։ Նույն ձեւով աշխատում են նաեւ արեւմտյան ծառայությունները, որոնցով Հայաստանը հեղեղված է։ Ու Հայաստանի դժբախտությունը նրանում է, որ էս ընթացքում վերածվեց տարբեր համաշխարհային խոշոր եւ միջին հատուկ ծառայությունների մարտադաշտի կամ դիմակայությունների դաշտի։ Սրանից էր պետք խուսափել, բայց Հայաստանը գնաց այն ճանապարհով, որ սկսվեց էդ ծառայությունների քարուքանդը։ Էն դեպքում, որ Հայաստանի նման երկրի համար ԱԱԾ-ն պետք է սրբության սրբոց լիներ, ու պետք է այստեղ լինեին ամենահստակ կանոններն ու ամենաուժեղ աշխատանքները։ Բայց թե՛ պատերազմական վիճակը, թե՛ հետո ստեղծված վիճակը ցույց է տալիս, որ դրանից շատ-շատ հեռու ենք։ Անհասկանալի է, էդ մարդիկ չե՞ն հասկանում, թե ինչ է կատարվում, իսկ էն, որ լրտեսական ցանցերով հեղեղված է, ավելորդ է դրա մասին խոսելը։

Բայց նո՞ր է հեղեղված, թե՞ նախկինից։

– Նոր չէ, որովհետեւ բոլոր այն տվյալները, որ պատերազմից առաջ եւ պատերազմի առաջին օրերին՝ էն, ինչ բոլորը տեսան ու հասկացան, սկսած հակաօդային պաշտպանության հետ կապված, թե՛ պահեստների, թե՛ առաջին, երկրորդ, երրորդ գծերի․․․ ոնց էին գործում ադրբեջանաթուրքական խմբավորումները։ Միանգամից ու ինչքան հստակ գիտեին, թե ուր հարվածեին․ հասկանալի է, որ այս ամենը առանց լրտեսական ցանցերի չէր կարող լինել։ Պարզ է, որ աշխատել էին, ու ոչ միայն վերջին 3 տարվա ընթացքում, այլեւ վերջին 10 տարվա ընթացքում խայտառակ իրավիճակ է եղել։ Թղթեր են հանել, հեռախոսով խոսացել են, առանց հասկանալու, թե ինչ են խոսում, հասկանալով, որ խոսակցությունները գաղտնալսվում են ոչ միայն իրենց ծառայությունների կողմից, այլեւ այլ լրտեսական ցանցերի։ Գուցե հատուկ չեն արել, փաստաթղթերն օգտագործվել են բիզնես նպատակներով, գուցե Վաղոյի՞ հետ են խոսել, մեկի՞ն են «գրեֆ» արել։ Ո՛չ հատուկ, բայց չեն հասկացել, թե վերջին կետում այդ ինֆորմացիան ում է հասել։ Եվ շատ դեպքերում կյանքը ցույց է տալիս, որ դա եղել են թուրքական հատուկ ծառայությունները։

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031