Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Գրիգորյան. Մեզ ձեն էին տվել, որ Արցախը պահեինք, բայց սենց ստացվավ. «Հրապարակ»

Հունվար 20,2021 10:47

30-ամյա Նարեկ Գրիգորյանը պատգամավոր է դարձել պատերազմից հետո․ Վարազդատ Կարապետյանը վայր դրեց մանդատը՝ անցնելով այլ աշխատանքի եւ բացելով Գրիգորյանի ճանապարհը։ Նա չի ցանկանում, որ այս իշխանությունը հեռանա, ասում է, որ իրենք ամենաժողովրդավարն են, ունեն ժողովրդի վստահությունը, մինչդեռ քոչարյանական ժամանակներում իրենց ընտանիքն անգամ հացի փող չուներ՝ այնքան էին ճնշում։ Մեր զրույցը Գեղարքունիքի Նորատուս համայնքից պատգամավոր դարձած Գրիգորյանի հետ։

Ի՞նչն է Ձեզ պահում այս իշխանության հետ, եթե կարող եք նաեւ որպես անկախ պատգամավոր հանդես գալ, ինչպես, օրինակ, Սյունիքից ընտրված ձեր գործընկերուհին։

– Դա ամեն մեկի կարծիքն է։ Ես, որ մանդատ եմ ստացել, դիրքերում եմ եղել, զանգեցին, ասեցին, որ հերթականը ես եմ, պիտի մանդատ վերցնեմ։ Ես իմ ջոկատով այդ պահին դիրքերում էի։

Որքանով տեղյակ եմ, Դուք խուսափել եք զինծառայությունից։

– Առողջական խնդիրների պատճառով չեմ ծառայել։

Բայց, փաստորեն, կռվել սիրում եք, կարողանում եք։

– Դե, կռվել սիրելս ո՞ր մեկն ա, պարտադրված պատերազմ էր, ես էլ իմ հայրենիքն եմ գնացել պաշտպանելու։ Եկա խորհրդարան, որովհետեւ կարծում եմ՝ լիքը բաներ կա փոխելու։ Ինչ վերաբերում է խմբակցությունից դուրս գալուն, իմ համար դա դավաճանություն կլինի։ Ես 2008 թվականից այս թիմի հետ եկել եմ։ 2008-ին ես 17 տարեկան էի, փետրվարի 23-ից սկսած՝ ես հորս, ընտանիքիս հետ մասնակցել եմ քաղաքական պայքարին, սկզբում ՀԱԿ-ի համար էի Նորատուսում համակարգում նախընտրական շտաբը, իսկ 2015-ին արդեն ՔՊ հիմնադիր անդամ դարձա։ Մենք երկար ճանապարհ ենք անցել, ու ես վստահ եմ, որ այս թիմը հաջողություններ է ունենալու եւ զարգացնելու է ՀՀ-ն, որովհետեւ այս թիմում լիքը հայրենասեր մարդիկ են։

Դե, արդեն տեսնում ենք ձեր «հաջողությունները», դա դաժան պատերազմն էր, Արցախի մոտ 80 տոկոսը թշնամուն հանձնելը, 5 հազար երիտասարդի զոհվելը։

– Դա ասում է նախկին իշխանությունը։ Պարզ չի՞, որ նախկին իշխանությունը պետք է քննադատի ներկա իշխանությանը, քանի որ հեղափոխությունով ժողովուրդը նրանց մերժել է։

Բայց դա ի՞նչ կապ ունի իմ ասածի հետ, Արցախը հանձնել եք, զոհեր կան, այս իշխանությունն անգամ գերիների հարցը չի կարողանում լուծել։

– Մենք պատերազմել ենք, ինչքան ուժ ունենք, պատերազմել ենք մեր ժամկետային 18-20 տարեկան տղաների շնորհիվ։ Նամանավանդ նոյեմբերի 6-9-ը շատ դաժան էր, ես ընդեղ եմ եղել, տեսել եմ․․․
Այսինքն, «հանձնել» հասկացողություն ես, որպես այդպիսին, չեմ կարծում։

 Ձեր ընտրողները Ձեզ ձայն էին տվել, որ Արցախը տայիք, ու հիմա գո՞հ են։

– Ձեն էին տվել, որ Արցախը կարանայինք պահեինք, բայց սենց ստացվավ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031