Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդհատ աշխատելը եղել է առաջին նախապայմանը. Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում ՀՀ  մասնակիցները վաստակել են այնքան ոսկե մեդալ, որքան նախորդ 10 տարիներին. «Հայկական ժամանակ»

Հունվար 20,2021 10:07

2021 թ. հունվարի 8-15-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 17-րդ օլիմպիադայում Հայաստանի մասնակիցների գրանցած արդյունքն աննախադեպ էր՝ աշակերտները վաստակել են այնքան ոսկե մեդալ, որքան եղել էր վերջին 10 տարիներին ընդհանուր առմամբ: Հիշեցնենք, որ այս օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից, իսկ Հայաստանից ներկայացված 21 մասնակիցներից 17-ն արժանացել են մեդալների՝ 10-ը ոսկե մեդալի, 5-ը՝ արծաթե և 2-ը՝ բրոնզե:

Խոսեցինք Երեւանի պետական համալսարանին կից Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի հետ: Օլիմպիադայի մասնակիցների մեծ մասը նրա ղեկավարած դպրոցից են։

Պարո՛ն Նավասարդյանինչո՞վ են պայմանավորված այս աննախադեպ արդյունքները:

– Թիմը կազմված էր միջազգային բազմաթիվ մրցույթներին մասնակցած աշակերտներից, ովքեր միշտ ցուցաբերել են լավագույն բարձր արդյունքները: Կարեւոր է նաեւ թիմերի ղեկավարների ամենօրյա քրտնաջան եւ հետեւողական աշխատանքը. ցանկացած իրավիճակում անընդհատ աշխատելը եղել է առաջին նախապայմանը եւ հաջողության գրավականը:

Պարո՛ն Նավասարդյան, Ժաուտիկովյան օլիմպիադայի՝ այս տարվա առցանց եղանակով անցկացնելը արդյոք օբյեկտիվության խնդիր չի՞ առաջացնում:

– Կարելի է ասել՝ ոչ: Օնլայն օլիմպիադաների անցկացումը ամբողջ աշխարհում այսօր դարձել է արդիական: Նույն միջազգային ձևաչափով մենք էլ օլիմպիադաների մարզային եւ հանրապետական փուլեր ենք անցկացրել: Այս տարի մեր դպրոցի 2 թիմերը Ժաուտիկովյան օլիմպիադային մասնակցել են երկու տարբեր դասարաններում. դա պարտադիր պայման է. յուրաքանչյուր թիմ մի ղեկավարի հետ պետք է գտնվի մեկ դասարանում: Դասարաններում տեղադրված են եղել տեսախցիկներն այնպես, որ ոչ մեկը կադրից դուրս չլինի: Այդ ընթացքում ոչ ոք դասարանից դուրս գալ չի կարող: Այս առումով անաչառությունը լրիվ պահպանված է լինում:

Ո՞ր լեզվով են կազմված լինում առաջադրանքները, ինչպե՞ս է կազմակերպվում առաջադրանքները թարգմանելու գործընթացը:

– Օլիմպիադան սկսելուց երկու ժամ առաջ առաջադրանքները ուղարկվում են ռուսերեն ու անգլերեն, թիմի ղեկավարները անհրաժեշտության դեպքում թարգմանում են տեսախցիկների հսկողության տակ եւ հետ ուղարկում: Ընդ որում, այդ ընթացքում թարգմանիչը ոչ մի տեղ գնալու, հեռախոս օգտագործելու հնարավորություն չունի: Արդեն թարգմանված տարբերակները օլիմպիադան անմիջապես սկսվելուց առաջ են ուղարկում: Օլիմպիադան տեւում է չորսուկես ժամ: Աշխատանքի ավարտից հետո երեխաները գրավորները փոխանցում են ղեկավարին, ով սքանավորոմ է անում եւ ուղարկում Ալմաթի:  Դրա համար եւս տրված է հստակ ժամանակ. պետք է հասցնեն ժամանակին սքանավորել եւ ուղարկել: Դրան հաջորդում է բողոքարկման փուլը:

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031