Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմը եւ «դուխի գործոնը»

Հունվար 20,2021 10:00

Մեր պետության կրած պարտությունից եւ ազգային նվաստացումից հետո «հաճելի» եւ «ոգեւորիչ» բաներ խոսելը նշանակում է՝ դասեր չքաղել կատարվածից եւ գնալ հետագա պարտությունների ճանապարհով:

Նախեւառաջ, պետք է ընդունել, որ այն, ինչ տեղի է ունեցել, պարտություն էր եւ նվաստացում, ինչը մեր այսօրվա իշխանությունը չի ընդունում, որովհետեւ, եթե ընդունի, հարց կծագի՝ բա այդ դեպքում ինչո՞ւ եք դեռեւս նստած ձեր աթոռներին:

Իսկ երկրորդ քայլը պետք է լինի՝ ընդունել դառը ճշմարտությունները՝ ճշմարտություններ, որոնք, մասնավորապես, ինձ համար տհաճ է արտաբերել:

Մինչեւ 2020 թվականը, մինչեւ կորոնավիրուսը եւ պատերազմը, շատերն աշխարհում (այդ թվում՝ ես) համոզված էինք, որ ժողովրդավարությունը, ազատական արժեքները դավանող երկրները բոլոր պարագաներում առավելություններ ունեն բռնապետական, մարդու իրավունքները ճնշող պետությունների հանդեպ: Մեր այդ համոզմունքը հիմնված է այն «կանխավարկածի» վրա, որ մարդը, անհատը՝ իր ներաշխարհով, իր արժեքային համակարգով, իր հմտություններով բոլոր հարցերում ամենակարեւոր գործոնն է: Բայց այսօր իմ հավատն առնվազն սասանվել է, եւ պատճառը տեխնոլոգիաների զարգացումն է:

Բերեմ մի պարզ օրինակ. տաքսու վարորդն, անշուշտ, ունի իր ներաշխարհը, բայց ձեզ՝ որպես ուղեւորի, չի հետաքրքրում, թե ինչ ծխախոտ է նա ծխում, ինչ երաժշտություն է լսում եւ ինչ քաղաքական հայացքներ ունի՝ ձեզ պետք է, որ նա արագ եւ անվտանգ հասցնի ձեզ տնից աշխատավայր: Եվ եթե համակարգչով ղեկավարվող մեքենան առանց վարորդի ձեզ տեղ հասցնի ավելի անվտանգ, ավելի արագ եւ ավելի էժան, դուք, բնականաբար, կգերադասեք այդ տիպի փոխադրումը:

Եթե արդյունավետության առումով ներաշխարհը, հայացքները, ազատ կամքը՝ այն ամենը, ինչին մենք՝ ազատականներս, հավատում ենք, պակաս կարեւոր են, քան տեխնոլոգիաները, ուրեմն եկեք եւս մեկ անգամ մտածենք, թե ինչպիսի աշխարհում ենք մենք ապրում:

Հիմա այդ դատողությունները տեղափոխենք ռազմական ոլորտի վրա. մի՞թե նույն օրինաչափությունը չի գործում: Գուցե հենց այդ օրինաչափության պատճառով ոտից գլուխ կոռումպացված բռնապետ Էրդողանը իր համար բարենպաստ արդյունքների է հասնում տարածաշրջանում (նաեւ Արցախում), եւ այսպես կոչված «քաղաքակիրթ աշխարհը», որը ղեկավարվում է ազատական գաղափարներով, դրան ոչինչ չի կարող հակադրել:

Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, համոզված էր, որ եթե պատերազմ սկսվի, ապա մարդկանց, անհատների, ժողովրդի «դուխի» միջոցով հնարավոր է հաղթել եւ նոր տարածքներ գրավել՝ չնայած մասնագետները, այդ թվում ԶՈւ շտաբի պետը, նրան զգուշացնում էին, որ դա այդպես չէ: Այդ համոզմունքով պայմանավորված նա, ըստ էության, տապալեց բանակցությունները եւ անմիտ, խելահեղ հայտարարություններ էր անում: Ավելին՝ անգամ պատերազմի ընթացքում նրան թվում էր, թե ինչ-որ հրաշքով, «թասիբի եռալու» շնորհիվ հնարավոր է «բեկում մտցնել» եւ հաղթել:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ այս՝ վերջին պատերազմը առավելապես տեխնոլոգիական էր, եւ աշխարհի հետ «դուխով խոսելու» համար պետք է ունենալ տեխնոլոգիաներ, որոնք եռակի, քառակի կգերազանցեն Թուրքիայի ունեցած տեխնոլոգիաները (եթե բոլոր մնացած քաղաքական գործոնները հաշվի չառնենք): Իսկ ամենակարեւորը՝ պետք է հաշվի առնել, որ հաջորդ պատերազմը (որն, իմ կարծիքով, անխուսափելի է) կլինի ավելի տեխնոլոգիական: Դրան պատրաստվելու համար մեզ պետք են սթափ՝ իրենց քթից եւ «մեսիական» ամբիցիաներից այն կողմ տեսնող լիդերներ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ruben says:

    Երբ դուք ասում եք “մեր պետությանը», նկատի ունեք 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայկական ՍՍՀ Գերագույն խորհուրդի հռչակա՞ծ Հայաստանի հանրապետությունը (Ընդհանուր տարածքը 29,743 կմ²):
    Եթե Հայաստանի Հանրապետությունը անկախ պետություն է, ապա պետական սահմանները պետք է պահպանեին ՀՀ սահմանապահ զորքերը, այլ ոչ թե օտարերկրյա պետական ծառայությունները:
    Եթե Հայաստանի Հանրապետությունը կռվում էր Ադրբեջանի Հանրապետության դեմ, ապա Արցախը (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը/Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը) պետք է լիներ Հայաստանի Հանրապետության մաս:
    Ինչպե՞ս անվանել այս «պատերազմը»՝. «Ազգային ազատագրական զինված պայքար», «զինված բախու՞մ», «զինված ընդհարու՞մ», «ներքին զինված բախու՞մ», «բա՞րձր ինտենսիվության զինված բախում», «զինված սադրա՞նք (դիտավորյալ զինված ընդհարում՝ մասշտաբային պատասխան հակազդեցության առաջացման նպատակով)»…
    Այն, ինչ տեղի է ունեցել, համարել կառավարության ու նրա անդամների՞ պարտությունը եւ նվաստացումը, թե՞ հանրապետության այն քաղաքացիների, ովքեր զենքը ձեռքին կռվում էին առաջնագծում:
    1990-ին Լեւոն տեր-Պետրոսյանի բաժանած «Մհասուր օտելը հավաս ա, վեռը քորելը պըտըհաս»:

  2. henri says:

    Մեր ողբերգութիւնը կրնայ պարբերաբար նորոգուիլ մեր որդեգրած կառավարման ձեւին պատճառով ։ Ինչ ըսել է ազգի մը ճակատագիրը կախում ունենայ Մէկ անձի մը քմահաճոյքէն ,ըլլայ վարչապետ կամ նախագահ . Մանաւանդ մեր պարագային երբ յեղափոխական ցոյցերով /թաւշեայ ըլլայ թէ կարծրատիպ/ անյարմար անձ մը կը դառնայ Միահեծան տէրը երկրին և բռնապետի վայել ՛՛լոզունքներով՛՛ ամբողջ ազգը կրակի մէջ նետէ …։ Պետութիւնը պէտք է ՛՛ԻՄԱՍՏՈՒՆՆԵՐՈՒ ՄԱՐՄԻՆ ՄԸ՛՛ունենայ Ծերակոյտ կամ ՛՛գոնկրէս ՛՛ նման շատ մը յառաջադէմ երկիրներու ,որ վաւերացնէ /
    նախագահին /կամ վարչապետին/ որոշումը ,այլապէս կ՛ունենանք այն ինչ ունինք և ոչ աւելին / և դուք իրաւունք պիտի ունենաք ցաւօք գրելու որ ՛՛ յաջորդ պատերազմը անխուսափելի պիտի ըլլայ ՛՛ ։

  3. Լավատես says:

    Եթե մենք ոչինչ էլ չանենք, միեւնույնն է, հիմա փոփոխությունների ժամանակն է, երբ ուժդ եւ ոգիդ տասնապատիկ ոժեղացնում է եւ միաժամանակ, եթե թուլություն ես ցուցաբերում, ապա տասնապատիկ թուլացնում է, այնպես որ, եթե հստակ միասնական գործենք’ կունենանք հաջողություն, հաղթանակ եւ բարգավաճում, եթե ոչինչ չանենք կամ առավել եւս գզվռտվենք’ շատ ավելի վատ կլինի, քան հիմա է:
    Ի՞նչ անել: Եկեք ոչ միայն պատերազմի ժամանակ միավորենք, այլեւ խաղաղության ժամանակ միավորվենք եւ պատրաստվենք հայրենական պատերազմի եւ երբ պատրաստ լինենք պատերազմի, պատերազմ հայտարարենք ամբողջ ազգով ու հայրենիքի տարածքներն ու պատիվը վերադարձնենք մեր սերունդներին:
    Դրա համար’ հայտարարում ենք քաղաքացիական զորահավաք, որտեղ ամեն քաղաքացի նոր երդում է տալիս, ամեն ընտանիք իր հրամանատարին է նշանակում եւ ենթարկվում հրամանատարի հրամաններին, ընտանիքը ամենափոքր զորամիավորն է, ռազմական արվեստի դասընթացներ ու քննություն հաջող հաձնելուց հետո մարտական զենք կրելու իրավունք ստանում, միաժամանակ խստացվում են օրենքները’ ռազմական տրիբունալ ռազմական դրությանը համապատասխան: Սփյուռքն ապահովում է թիկունքը’ պարենամթերք, զինամթերք, աշխատավարձ, ռազմական փորձված գործող եւ թոշակի անցած մասնագետները ստեղծում են քաղաքացիական բանակ, որի նպատակն է շատ արագ ազգը քաղաքացիական ռելսերից ռազմական ռելսերի վրա դնելն է: Փոփոխությունների ժամանակ չգործող օրենքները պատմության աղբարկղն են շպրտվում, ինչքան էլ դրանք քաղաքակիրթ լինեն եւ հայտնվում են նոր օրենքներ, որոնց թիկունքին իրական ուժ կա’ եթե նույնիսկ վայրենի լինեն: Այսօր մենք պետք է զորագրվենք եւ որոշենք, թե որ օրենք սկզբունքների համար ենք պատրաստ ապրել արարել եւ հավասարապես զոհվել անմահանալ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031