Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պետական-ծառայողական գաղտնիքի եւ ամերիկյան «Ուոթերգեյթյան սկանդալի» զուգահեռները

Հունվար 20,2021 14:30

Կառլ Բեռնշտեյնի եւ Բոբ Վուդվորդի իրականացրած լրագրողական հետաքննությունը ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնին ստիպեց հրաժարական տալ:

Արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցները, հանրությունը, քաղաքական ուժերն ակտիվ քննարկում են ԱԺ նախագահի՝ երկու երկրների գործակալ լինելու մասին նախկին պաշտոնյայի հայտարարած տեղեկությունները, որին կից ներկայացվել էր նաեւ նրա ձեռագիր-դիմումը, եւ նաեւ ՀՀ ԱԱԾ վայրկյաններ հետո տարածած «տեղեկանքը» այն մասին, որ այդ տեղեկությունները սուտ են:

Շատերն ասում են, որ հավաքագրված լինելու մասին հրապարակմամբ խախտվել է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» հայրենի օրենքի տասնյակ հոդվածներ, օրենք, որը կարգավորում է Հայաստանի անվտանգության (քաղաքացիների, հանրության եւ պետության կենսական կարեւոր շահերի) ապահովման նպատակով որոշակի բնագավառի տեղեկություններ պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, գաղտնազերծելու եւ պաշտպանելու կապակցությամբ ծագող հարաբերությունները, գաղտնիության աստիճանները, գաղտնիք կազմող տեղեկությունները պետական եւ ծառայողական գաղտնիքի շարքին դասելու, պահպանելու, գաղտնազերծելու, օգտագործելու իրավական հիմքերը, գաղտնիքին առնչվող հարաբերություններում պետական մարմինների լիազորությունները: Ոմանք հարցնում են, թե նման տեղեկություններն ինչպե՞ս են դուրս եկել ԱԱԾ-ից, ինչն, ի դեպ, առաջին դեպքը չէ:

Այդ ինֆորմացիան տարածողն էլ, ըստ գործող օրենքի՝ «տեղեկակիրը» պնդում է, որ ճիշտ է վարվել, որ հրապարակել է եւ այն դարձրել հանրության համար հասանելի: Ի դեպ, օրենքով սահմանված է «մամուլում եւ լրատվության մյուս միջոցներում, ինչպես նաեւ արտասահման առաքվող նյութերում պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների տարածման նկատմամբ պետական վերահսկողության իրականացման կարգը»: Հոդված 27-ով էլ սահմանված է «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենսդրության խախտման համար պատասխանատվությունը, համաձայն որի. «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման մեջ մեղավոր անձինք, գործող օրենսդրությանը համապատասխան, կրում են քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվություն»:

ՏԱ օրենքի համաձայն՝ «Տեղեկատվություն տնօրինողն անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձեւով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական եւ հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին եւ ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանը սպառնացող վտանգը»։

Սեպտեմբերյան պատերազմի օրերին, եթե լրատվամիջոցներին վարչական պատասխանատվության չենթարկեին, պատերազմի մասին ճշգրիտ լուրերը չորակեին «խուճապ առաջացնող», հավանաբար, պատկերն այլ կլիներ:

Իսկ այդ տեղեկությունները թաքցնող պետական պաշտոնյաներն էլ կկրեին քրեական կամ վարչական պատասխանատվություն՝ կախված Պետությանը եւ առանձին քաղաքացիներին պատճառված նյութական եւ բարոյական վնասի ծավալից։

Այս օրերին հաճախ եմ մտաբերում ԱՄՆ-ում հետաքննող լրագրողների հետ անցկացրած օրերս, եւ մի աղմկահարույց պատմություն, որ ինձ ներկայացրեցին Վաշինգտոնում լինելուս ժամանակ, որը հայտնի է «Ուոթերգեյթյան սկանդալ» անվանմամբ, ինչն առիթ է դարձել ԱՄՆ նախագահի հրաժարականին, դատավարությունների: Ուոթերգեյթի հետաքննության արդյունքում 69 անձանց մեղադրանքներ էին առաջադրվել, իսկ 48-ը դատապարտվել էր տարբեր հանցագործությունների համար: Հետագայում «Ուոթերգեյթյան սկանդալի» մասին «Նախագահի ամբողջ խումբը» անվամբ նկարահանվում է ֆիլմ՝ «Վաշինգտոն Փոստ» օրաթերթի լրագրողներ Բոբ Վուդվորդի եւ Կառլ Բեռնշտեյնի (նկարում) հետաքննության հիման վրա: Եվ այդ իրադարձությունը հետագայում պատմության մեջ է մտնում ինչպես՝ «Ուոթերգեյթյան սկանդալ»:

ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը պատրաստվել էր իր վերընտրության քարոզարշավին: Նրա նախընտրական շտաբը տեղավորվել էր Վաշինգտոնի Ուոթերգեյթ կոչվող վարչական շենքերից մեկում (հյուրանոցում), որտեղ ելումուտ անողները՝ հատուկ ստորաբաժանման գործակալները պահում էին պետական փաստաթղթեր, գաղտնալսում էին բարձրաստիճան պաշտոնյաներին եւ ԱՄՆ Կոնգրեսի անդամներին, իրականացնում էին ֆինանսական գործարքներ: Որոշ փաստաթղթեր, տեղեկություններ հայտնի դարձան «Վաշինգտոն Փոստի» նշյալ լրագրողներին, ապա «Նյու Յորք Թայմզ»-ին, որոնք դատի տրվեցին:

Սակայն ԱՄՆ գերագույն դատարանը որոշում կայացրեց լրագրողների օգտին՝ նշելով, որ նրանք իրավունք ունեին հրապարակելու այդ փաստաթղթերը:

Լրատվամիջոցների փաստարկված այդ հրապարակումներն ավելացրին ԱՄՆ իշխանությունների նկատմամբ անվստահությունը:
Ի դեպ, Նիքսոնը սովորություն է ունեցել «լայվ մտնել»՝ արձանագրել այն ամենը, ինչ տեղի էր ունենում Սպիտակ տանը, ինչը հետագայում դարձավ անհերքելի ապացույց քննիչների ձեռքին նրա իսկ դեմ:

Հայտնի է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեն ընդունեց իմպիչմենթի մասին առաջին հոդվածները, որով Նիքսոնը դատապարտվելու էր: Նա 1974-ի օգոստոսի 8-ին պաշտոնապես հեռացավ նախագահի պաշտոնից, որով եւ ավարտվեց հետաքննությունը:

Հետաքննող լրագրողները տեղեկություններ ստացել էին կառավարական աղբյուրից, ով թաքնվել էր «Խորը կոկորդ» կեղծանվան տակ:
Ամերիկյան հետազոտող Սամուել Հանթինգտոնն իր զեկույցում գրել է. «Նիքսոնյան վարչակազմի շրջանում ծագած երկու ներքաղաքական սկանդալներում` Պենտագոնի փաստաթղթերի հրապարակումն ու Ուոթերգեյթյան սկանդալի մեջ մասսայական լրատվության միջոցները մարտահրավեր նետեցին երկրի գործադիր ղեկավարությանն ու պարտության մատնեցին դրան: Մամուլը փաստացի կարեւոր դեր խաղաց անելու այն, ինչ ամերիկյան պատմության մեջ դեռեւս չի հաջողվել անել որեւէ այլ առանձին կառույցի, կազմակերպության կամ էլ մի խումբ հաստատությունների, այն է` իշխանությունից զրկել նախագահին, ով երկու տարի առաջ էր ընտրվել երկրի բնակչության մեծամասնության կողմից»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Մի քանի տարի առաջ տպագրվեց «Ես Թրամփի վարչակազմում գոյություն ունեցող դիմադրության մաս եմ կազմում». «Նյու Յորք Թայմզ»-ում: Հեղինակը Սպիտակ տանն աշխատող բարձրաստիճան պաշտոնյա էր: Անանուն աղբյուրը հայտնել էր, որ Սպիտակ տանը Թրամփին հակազդող խումբ կա, որն աշխատում է թույլ չտալ նրան իրագործել իր օրակարգի որոշ հատվածներն ու բացասական մտադրությունները: Թրամփն անձամբ էր արձագանքել այդ հրապարակմանը եւ պահանջել բացահայտել աղբյուրը, իսկ հանրության մի մասը գտնում էր, որ անանուն աղբյուրի «բացահայտումը» տեղին չէր:

«Առավոտ» օրաթերթ
19.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Հարգելի Ռուզան Մինասյան, հանգուցյալ մայրս հաճախ էր ասում ․” Ախար մենք ո՞վ եղանք”։ Հիմա ես կրկնեմ ․ ախար համեմատության ի՞նչ եզերքներ կան Ամերիկայի և Հայաստանի մեջ։ Այն, ինչ Ամերիկայում սպորադիկ է, որով և հայտնվել է պատմության մեջ, Հայաստանում, ի վերուստ համատարած է։ Ցավոք։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031