Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր սպառնալիք Հայաստանի համար. Էրդողանի խորամանկ ծրագրերը

Հունվար 20,2021 12:00

Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան եռյակն ընդդեմ տարածաշրջանային անվտանգության

Ուշագրավ զարգացումներ են ընթանում մեր տարածաշրջանում: Թուրքիայի ու Ադրբեջանի հետպատերազմյան ռազմաքաղաքական ակտիվությունը բուռն շարունակվում է:

Անցյալ շաբաթ Իսլամաբադում հանդիպեցին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Պակիստանի արտգործնախարարները: Այդ ձեւաչափով ԱԳ նախարարները երկրորդ անգամ էին հանդիպում, առաջին հանդիպումը կայացել էր 2017թ. նոյեմբերին Բաքվում:

Մինչ հանդիպումը Պակիստանում Թուրքիայի դեսպան Իհսան Մուսթաֆա Երդակուլը, խոսելով կայանալիք եռակողմ հանդիպման մասին, շնորհակալություն է հայտնել Պակիստանին՝ «Ղարաբաղյան ճգնաժամի ընթացքում Ադրբեջանին աջակցող դիրքորոշման համար»։ Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Ռամիզ Թաիրովը Պակիստանի ռազմաօդային ուժերի հրամանատարին իր գոհունակությունն է հայտնել ադրբեջանցի ռազմական օդաչուների՝ Պակիստանում ստացած կրթության վերաբերյալ։ Ըստ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության՝ զինվորական բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկու երկրների համագործակցությունը զինվորական, ռազմատեխնիկական եւ ռազմական կրթության ոլորտներում։ Հանդիպման ավարտին ընդգծվել է, որ երկու երկրների համագործակցությունը կնպաստի ադրբեջանական եւ պակիստանյան բանակների ռազմական ներուժի հզորացմանը։

Քննարկվել է նաեւ ռազմական օդուժի համատեղ զորավարժությունների անցկացումը։ Պակիստանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում էր, որ կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում կողմերը տեսակետներ են փոխանակելու համաշխարհային եւ տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ՝ ներառյալ տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանն առնչվող «նորահայտ հարցերը»՝ առանց մանրամասնելու, թե ինչ հարցերի մասին է խոսքը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը չճանաչող Պակիստանը տնտեսական, քաղաքական եւ մշակութային ամուր կապեր ունի թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ։ Ադրբեջանն ու Պակիստանը միմյանց համարում են ռազմավարական դաշնակիցներ, մի շարք խոշոր համատեղ ծրագրեր են իրականացնում ռազմական ոլորտում։

Դեռ 2020թ. հոկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշեց, որ ըստ հայկական կողմի տեղեկությունների՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններում թուրքական հատուկ ստորաբաժանումներից բացի, ներգրավված են նաեւ Պակիստանի բանակի հատուկջոկատայիններ։

Եվ այսպես, Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Պակիստանի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում հանդիպեց Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Չավուշօղլուն այս մասին գրառում էր արել եւ լուսանկարներ հրապարակել Twitter-ում՝ օգտագործելով՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հեշթեգը: «Մենք կշարունակենք աջակցել ադրբեջանցի մեր եղբայրներին խաղաղության հաստատման գործում»,-գրել էր Չավուշօղլուն:

Հայտնի է, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Իսլամաբադում քննարկել են ղարաբաղյան կարգավորման ընթացքը։ «Նախարարները քննարկել են ընթացիկ իրավիճակը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացումը, ինչպես նաեւ հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարության իրականացման հետ կապված հարցերը», – ասվում էր Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում։

Այսինքն, պաշտոնական Անկարան՝ որպես Ադրբեջանի «մեծ եղբայր», շնորհակալություն է հայտնում Պակիստանին: Իսկ Բաքուն ու Իսլամաբադը վստահեցնում են, որ երկու երկրների համագործակցությունը կնպաստի ադրբեջանական եւ պակիստանյան բանակների ռազմական ներուժի հզորացմանը, գումարած այս ամենին՝ քննարկում են ռազմական օդուժի համատեղ զորավարժությունների անցկացումը։

Առայժմ հրապարակված պաշտոնական հաղորդագրություններից հայտնի է, որ Իսլամաբադի բանակցությունների շրջանակներում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին զարգացումները: Թե ինչ որոշումներ են ընդունել, կամ ինչ պայմանավորվածությունների են եկել՝ հայտնի չէ:

Ակնհայտ է, որ Արցախում պատերազմից հետո էլ ադրբեջանական եւ պակիստանյան բանակների ռազմական ներուժի հզորացման խնդիր է դրված: Ու հարց է ծագում՝ ինչո՞ւ, նոր պատերազմի՞ են պատրաստվում… Իսկապես վտանգավոր իրավիճակ է ստեղծվել արդեն Հայաստանի համար, իսկ եռյակի համագործակցությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար:

Թուրքական խաղ՝ ընդդեմ ռուս խաղաղապահների

Պարզվում է, Թուրքիան «ցանկանում է համակեցության պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղում՝ առանց խաղաղապահ ուժերի անհրաժեշտության», օրերս նշել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

«Մենք ցանկանում ենք ստեղծել պայմաններ, որոնք կապահովեն համակեցությունը Լեռնային Ղարաբաղում՝ առանց խաղաղապահ ուժերի կամ դիտորդական գործողությունների անհրաժեշտության: Երբ դա տեղի ունենա, հուսով եմ, որ մենք եւս մեկ անգամ աշխարհին ցույց կտանք թուրք-ռուսական գործընկերության կառուցողական արդյունքները», – գրել է Էրդողանը Telegram- ի իր ալիքում: Էրդողանը պատմել է, որ Պուտինի հետ զրույցի ընթացքում գնահատական է տրվել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու թուրք-ռուսական համատեղ կենտրոնի աշխատանքին:

Պաշտոնական Անկարան, փաստացի, շեշտում է՝ «Լեռնային Ղարաբաղն առանց խաղաղապահների» իր ձգտումների մասին արդեն անթաքույց: Ավելին, այդ հեռանկարով է պայմանավորում ռուս-թուրքական գործընկերության «կառուցողական արդյունքները»:

Արցախում «խաղաղ համակեցության» մասին խոսում է մի երկրի ղեկավար, որի բանակը պատերազմական հանցագործություններում թեւ ու թիկունք էր Ադրբեջանին, այժմ ռազմագերիներ ու պատանդներ են պահում, չեն վերադարձնում հայկական կողմին, իսկ խաղաղ պայմաններում քաղաքացիական անձանց են գերեվարում:

Ինչեւէ, Էրդողանը մի կողմից սիրաշահում է Պուտինին, նրա մոտ՝ «խոսքը պահող» առաջնորդի համբավ է ձեռք բերել, բայց կան բոլոր նախադրյալները ենթադրելու, որ առաջիկայում Արեւմուտքի հետ ուս ուսի տված՝ նա ընդդեմ Ռուսաստանի քայլերի կգնա: Իսկ այդպիսի զարգացումների համար մեր տարածաշրջանում Էրդողանն ունի «հիմնավորում»՝ ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում ընդունելի չէ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ հեռախոսազրույց կայացավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ: «Թուրքիայի նախագահի հետ զրույցում Պուտինը նշել է, որ մոսկովյան հանդիպման գլխավոր արդյունքը Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից՝ հարաբերությունների բարելավման տրամադրվածության հաստատումն է», – հաղորդում էր Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում Պուտինն ու Էրդողանը անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկման համատեղ ռուս-թուրքական կենտրոնի ստեղծման որոշ նրբերանգների», – հաղորդում էր Կրեմլը։

Թե ինչ խնդիրներ կան ռուս-թուրքական կենտրոնի ստեղծման շուրջ՝ Թուրքիայի ԱԳ նախարարն օրերս որոշ բացահայտումներ արեց: Լեռնային Ղարաբաղում կրակի վերահսկման ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը կտեղակայվի Աղդամում՝ շփման գծից 8 կմ հեռավորության վրա, օրեր առաջ հայտնեց Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն: «60 թուրք, 60 ռուս զինվորականներ կվերահսկեն Լեռնային Ղարաբաղում կրակի վերահսկումը: Արդեն սկսվել է թուրք զինվորների տեղակայումն Ադրբեջանում»,- ասել է Չավուշօղլուն: Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտության դեպքում երկկողմ բանակցություններ կանցկացվեն Ադրբեջանի հետ: «Մենք հետագայում էլ կշարունակենք Ադրբեջանի հետ գնահատել կրակի դադարեցման մասին հարցերը»,- նշել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ իրենք խրախուսում են Ռուսաստանին ստորագրել համաձայնագիր Արցախում խաղաղապահ ուժերի կարգավիճակի մասին: Նրա խոսքով՝ Ադրբեջանի կողմից որեւէ բողոք չեն ստացել: «Հիմնական հարցն այն է, որ ռուս խաղաղապահները թույլտվություն են տալիս տեղաշարժվել Լաչինի միջանցքով: Դրա համար անհրաժեշտ է ստանալ Ադրբեջանի թույլտվությունը: Ղարաբաղն ադրբեջանական տարածք է: Եթե վաղը կսահմանվի ինչ-որ ստատուս քվո, ապա դա նույնպես կլինի Ադրբեջանի սահմանների շրջանակում: Ուստի չի կարելի դա անել առանց Ադրբեջանի թույլտվության: Մենք ասել ենք, որ «դուք ներկայացված եք որպես խաղաղապահներ, բայց լիազորված չեք որոշում կայացնել այն հարցում, թե ով կարող է ներսուդուրս անել»,- ասել է Չավուշօղլուն: Ըստ Չավուշօղլուի՝ Նախիջեւանի միջանցքի հարցում նման խնդիր չի լինի: Ըստ նրա՝ դա հաստատվել է Մոսկվայում Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանդիպմանը:

Նկատվում է, որ ռուս-թուրքական բավական խնդրահարույց քննարկումներ են ընթանում այդ կենտրոնի գործունեության պայմանների ու պարտավորությունների շրջանակներում: Եթե ռուսական եւ թուրքական կողմերն իրենց շահն են հետապնդում, ապա հստակ չէ, թե հայկական կողմը կարողացե՞լ է իր մոտեցումներն ու շահը հասցնել ռուսական կողմին՝ ակնկալելով ինչ-ինչ հարցերում առավել հայանպաստ որոշումներ՝ ռուս-թուրքական բանակցությունների հիմքում:

Հավելենք, որ անցյալ շաբաթվա վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը ներկայացրել էր ավելի վաղ կայացած՝ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքների մասին: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են նաեւ Ռուսաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության արդիական հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել էին՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը, Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը, ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 19.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031