Լրահոս
Օրվա լրահոսը

Խաթարված ներկայից ելք գտնելու թելադրանքը

Հունվար 20,2021 14:00

«Առավոտը» ԵՊՀ Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, Հանրային խորհրդի անդամ Հայկ Սարգսյանի հետ զրուցել է մեզ պատուհասած ճգնաժամի եւ այն հաղթահարելու հայեցակարգային լուծումների շուրջ:

– Պարոն Սարգսյան, դուք ի սկզբանե խանդավառված էիք եւ գործուն մասնակցություն ունեցաք տնտեսական հեղափոխության գաղափարի ընկալման եւ գործարկման հարցում, սակայն հետագայում արձանագրեցիք, որ հեղափոխության ուղեծիրը բեկվեց՝ հայտնի պատճառներով: Մի առիթով էլ ասել եք, որ խորը ճգնաժամի մեջ ենք: Կմանրամասնե՞ք՝ ինչ նկատի ունեք:

– Չեմ խոսի հումանիտար, դիվանագիտական, բարոյահոգեբանական ճգնաժամերի մասին, բայց մեր երկրին պատուհասած անորոշություններն ու անվտանգային առկա ազդակները, որքան էլ լավատես լինենք, սթափեցնող են: Մեզ պարտադրվում է խորամուխ լինել իրողությունների ախտորոշման հարցում եւ նախանշել ճգնաժամից դուրս գալու ելքերը: Ավելին, նման հարցադրման անտեսումն ու խնդիրների լուծման հետաձգումը գործնականում կարող է կործանարար լինել: Ողբերգականը՝ COVID-19-ի եւ ետպատերազմյան հոգեմաշ իրավիճակի չգիտակցումն է իշխանության եւ հասարակության որոշ շերտերի մոտ: Դա հաստատվում է գնալով խորացող ատելության ու թշնամանքի իրողություններով, ինչը ամենացավագինն է: Սա մի կողմից:

Մյուսը՝ գրեթե բացակայում են հասարակության համախմբմանն ուղղված ռեալ գործողությունները, որոնք կարող են իրականացվել ընդունելի գաղափարի շուրջ ամրագրված ծրագրերով: Վերջիններս, ցավոք, նույնպես չկան հրապարակի վրա: Շրջանառվող տարաբեւեռ գաղափարները կամ սաղմնավորման փուլում են, կամ դեռեւս քողարկված են: Խոսվում է երկիրը ինչ-որ միությունների կազմ տանելու՝ գուբեռնիական խառնածին կամ մաքուր կարգավիճակներով, խոսվում է քաղաքակիրթ, ապաբլոկավորված խաչմերուկում դիրքավորվելու նպատակադրումների մասին եւ այլն: Սակայն հնչեցվող նպատակային ծրագրերը դեռեւս հրահեղուկ են, որոնց հիմնական պատճառներն են.

ա) իշխանությունների մոտ գրեթե բացակայում է նպատակային խելամիտ գործելակերպը (առնվազն լուրջ չեն ոչ վաղ անցյալում երկչոտ հռչակումները՝ 30 տարում ՀՆԱ-ն տասնհինգապատկելու, բնակչությունը 5 մլն-ի հասցնելու, այսքան օլիմպիական մեդալակիրներ թողարկելու եւ այլ բնագծերը, եթե դրանք չեն ամրագրվում իրատեսական ծրագրերով):

բ) ընդդիմությունը, այդ թվում արտախորհրդարանական, չի ձեւակերպում գաղափարաբանական այն առանցքային վեկտորը, որի շուրջ կարող էին համախմբել հասարակության լայն շերտերին՝ արտահերթ ընտրություններում մեծաթիվ քվե ստանալու համար:

Արդյունավետ կառավարման, մասնավորաբար, ճգնաժամի հաղթահարմանն ուղղված գործելակերպը դիտարկելիս ակներեւ է դառնում հետեւյալը. գործող իշխանական բուրգը չի լուծել երկրի զարգացման առաջնահերթ խնդիրները: Նոր Ազգային ժողովի ձեւավորումը պետք է իրականացվի հնարավորինս արագ: Կառավարության՝ ընդամենը կառավարման իմիտացիա ստեղծելու գործելակերպը պետք է հիմնովին վերափոխվի: Բերեմ ընդունած որոշումներից մեկ օրինակ, որը, ճիշտ է, մասշտաբային էֆեկտ չուներ, սակայն տիպիկ է:

Սպանդանոցների գործարկման կառավարության որոշումը «ետողորմյա» եղանակով հետաձգվեց կես տարով, որն էլ ամբողջովին չիրագործվեց: Կառավարությունը ՀՀ դրոշը սենյակի անկյունում փոշոտ պահելու համար արժանիորեն մաքսային ծառայողին պատժեց, սակայն նույն կառավարության անկազմակերպվածության արդյունքում 44-օրյա պատերազմից հետո առանձին բնակավայրերում դրոշներ են փոխարինվում: Առկա են բազում այլ օրինակներ:

Գործող իշխանությունները իրականացնելով իշխանափոխությունը «թալանածի ետբերում», հընթացս՝ արդար ընտրություններ պլյուս կոռուպցիայի վերացում կարգախոսներով, չհաջողեցին: Կոռուպցիայի վերացման իրագործելիությունը, մեր խորին համոզմամբ, խաթարվեց ինստիտուտների՝ մասնավորապես դատական համակարգի արդյունավետ չգործարկման հետեւանքով, իսկ ապագա արդար ընտրությունների շուրջ նորից հառնում է կասկածամտությունը առնվազն բնակչության ոչ պատշաճ կենսամակարդակի պատճառով:

Ավելին, իշխանությունները էյֆորիայի ալիքի վրա հռչակեցին տնտեսական հեղափոխության օրակարգը, որին, ի դեպ, ջանասիրաբար արձագանքեց տնտեսագիտական համայնքը, սակայն, ինչպես պարզվեց հետագայում, այդ հարցում հանդես չբերվեց որեւէ հետեւողականություն, եթե չասենք, որ ըստ էության այդ գաղափարը կաղապարվեց:

– Ո՞րն է այն հայեցակարգային տեսլականը, որի միջոցով հնարավոր կլինի մշակել կոնկրետ ծրագրեր եւ դուրս գալ ստեղծված իրավիճակից՝ սոցիալ-տնտեսական ճգնաժամի «մասով»: Հատկապես, գտնում եք, որ տնտեսական անկումը դոլարային գնահատականով հասնելու է շուրջ 20 տոկոսի (10 տոկոս տնտեսական անկումը, 10 տոկոս՝ փոխարժեքինը):

– Հակիրճ կներկայացնեմ, թե ինչ պետք է արվի կամ որն է իրողություններից բխող թելադրանքը: Հայաստանի գոյաբանական եւ հետճգնաժամային կառավարման խնդիրների լուծումն ու հեռանկարում անվտանգ ու բարեկեցիկ երկիր ունենալը իրագործելի են դառնում հետեւյալ եռամիասնական խնդիրների լուծմամբ.

1. Երկրում սահմանադրականության մակարդակի բարձրացմամբ:
Կենսական ու առաջնահերթ այս դրույթը զուտ ակադեմիական ձեւակերպումներից եթե դուրս գանք, ավելի պարզ կնշանակի, որ գրավոր Սահմանադրությունում ամրագրած նորմերը, որոնք վերաբերում են մեր հանրային կյանքը բովանդակող, այդ թվում՝ տնտեսական հարաբերությունների սահմանադրական-ինստիտուցիոնալ սկզբունքներին ու կանոններին, բավարար չեն կենսագործվում:

Սկզբունքներն ու կանոնները կարող են վերաբերել պատշաճ կենսամակարդակին, սեփականության իրավունքին, բնօգտագործմանը, զսպման ու հակակշիռների մեխանիզմներին, ժողովրդավարությանը, ֆինանսական կայունությանը եւ ամենատարբեր այլ բնագավառներին, որոնք իրական կյանքում լրիվ չեն իրացվում: Այդ նորմերի չիրացման չափերը (դեֆիցիտները) պետք է էապես կրճատվեն, որը իրականանալի է միայն խորը իրավատնտեսական ռեֆորմների ու կարգավորումների շրջանակում: Այստեղ է, որ ամբողջ թափով պետք է առաջադրվեն լուծումներ նորընտիր պառլամենտում:

2.Դիվանագիտության, մտածողության ու վարքագծային վերափոխումներով: Խաղաղության եւ անվտանգության կոնցեպտի հարցում ճիշտ կողմնորոշումների գործելակերպի որդեգրում այն հաշվով, որ ապահովվի առնվազն համակեցությունը տարածաշրջանի հարեւանների հետ եւ անորոշությունները մաքսիմալ չեզոքացվեն ապաշրջափակումների ու կոմպլեմենտարության, խելամիտ արտաքին քաղաքականության, մարդկանց մտածողության ու վարքագծային վերաիմաստավորումների միջոցով:

3.Ռեսուրսային ապահովմամբ ու զարգացման նոր ուղեգծի որդեգրմամբ:

Ճգնաժամի արագ հաղթահարման դիմակայության եւ զարգացման համադարմանը պետք է տեսնել տնտեսության, առողջապահության, գիտակրթական եւ ռազմարդյունաբերական համակարգերին զարկ տալու, ինչպես նաեւ սփյուռքի ներուժի համախմբման՝ նյութական աջակցման մասով ցանցային էֆեկտիվ մեխանիզմների գործադրմամբ, երկրում ներդրումային հոսքերի ապահովմանն ուղղված համալիր գործողությունների ու նախադրյալների ստեղծմամբ:

Վերը բերված կոնցեպտուալ մոտեցումները հիմնավորված ու մշակված են մեր տնտեսագիտական համայնքի գիտական հրապարակումներում, եւ համոզված եմ, որ պահանջված կլինեն ապագա իշխանությունների ռազմավարական ծրագրերի մշակման գործընթացում:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
19.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Կարեն Եղոյան says:

    Շատ արժեքավոր և խորհելու տեղիք տվող հոդված։ Իմ կարծիքով, հոդվածի ամենամեծ արժանիքները հավասարակշռված լինելն ու էական հարցադրումների առկայությունն են։
    Անկեղծ ասած ինձ երբեք դուր չեն եկել մերկապարանոց քննադատությունները ոչ նախկին և ոչ էլ ներկայիս իշխանությունների հասցեին։
    Կարելի է չհամաձայնել հեղինակի դիրքորոշման հետ, բայց հաստատ սխալ կլինի այն արհամարհելը։ Առավել ևս, պետք է հիշել, որ սրանք ընդամենը «կոնցեպտուալ մոտեցումներ» են (հենց հեղինակի բնորոշմամբ), որոնց տրամաբանորեն պետք է հաջորդի դետալացված ծրագիր, որի շուրջ ակնկալում եմ, որ կլինեն շահագրգիռ տարաբևեռ քննարկումներ։

  2. Դմիտրի Առաքելյան says:

    Առաջարկվող 3 խնդիրներն էլ հրատապ և արդիական են: Մասավորապես, համաձայն եմ դիվանագիտության, մտածողության և վարքագծային վերափոխումների անհրաժեշտության հետ: Վաղ թե ուշ տարածաշրջանի հարևանների հետ անհրաժեշտ է նվազագույն համակեցության կաննոններ սահմանել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031