Լրահոս
Օրվա լրահոսը

«Սատանայի ընտրությունը»` ամեն ինչ այլ լույսի ներքո

Հունվար 20,2021 13:30

Կամ՝ ըստ Հարություն Քեշիշյանի, ինչու խախտվեց դրախտի հավասարակշռությունը

Օրերս «Արմավ» հրատարակչությունում լույս է տեսել Հարություն Քեշիշյանի վեպը, որը հեղինակը վերնագրել է այսպես` «Սատանայի ընտրությունը»։

Հարությունը վեպը սկսել է գրել 2019թ. վերջին եւ այն ավարտել է 2020 թվականին։

Վեպն ունի փիլիսոփայական եւ աստվածաբանական բովանդակություն:

Թեեւ վեպում առկա են որոշակի քաղաքական կերպարներ, բայց ժամանակակից հայկական քաղաքականությունը հեղինակը փորձել է չդարձնել վառ, արտահայտիչ:

Բայց եւ այնպես, քանի որ վեպի գրման նպատակը հեղինակի ներքին անհանգստությունն էր, իսկ ինքը հրապարակներից խոսելու բնավորություն չունի, սիրում է մտքերը թղթին կամ Ֆեյսբուքի պատին հանձնել, այդ իսկ պատճառով Հայաստանից եկող անհանգստացնող խժդժությունները, պառակտող ու թուլացնող ալիքները բաց նյարդի պես ցավացնում էին Հարությունին:

Այդ իսկ պատճառով վեպում կարելի է նաեւ տեսնել ներհայաստանյան որոշակի իրականություն: Բայց Հայաստանը դարձել է վեպում աշխարհի փոքրիկ մակետը:

«Այն դառնությունը, խնդիրները, մարտահրավերները, որոնց որ անդրադառնում եմ վեպում, դրանք միեւնույն ժամանակ համամարդկային են: Վեպում օգտագործված են այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Սբ. Երրորդությունը իր երեք անձերով: Բայց մի կարեւոր դիտարկում այս հարցի շուրջ: Վեպում որքան էլ կա նրանց անձը, որքան էլ Աստվածաբանական որոշակի լույսի ներքո են ներկայացված, ամեն դեպքում վեպը նպատակ չունի ներկայացնել Երրորդության անձերի իրական էությունը, բնությունը: Քանի որ, ըստ իս, պետք չէ դառնալ նոր Էռնեստ Ռենան եւ ստեղծել պարականոն: Աստվածային անձերը գրականությունում Ռոմանական շրջանից հետո միշտ կադրի ետեւում են ի հայտ գալիս: Իսկ ես այլ մեթոդ եմ կիրառել, վեպի առաջին տողերից խախտվում է դրախտի ամբողջ հավասարակշռվածությունը, ինչի պատճառով էլ Աստված ներկայանում է այլեւս ոչ կատարյալ էակ, այլ կատարելության ձգտող: Այս համատեքստում ինձ իրավունք եմ վերապահել Աստծո շուրթերին խոսքեր դնել, որոնք իրականում Աստվածային խոսքեր դառնալու, այլ բանիվ ավետարան դառնալու հակում չունեն»,-մեզ հետ զրույցում ասել է Հարություն Քեշիշյանը։

Վեպը սկսվում է դրախտում, այնուհետեւ Հրեշտակապետը առաքվում է Երկիր մոլորակ, սխալմամբ Հայաստանի փոխարեն ընկնում է միջնադարյան Իտալիա, բախվում հավատաքննիչների հետ, հանդիպում շատ կարեւոր խորհրդավոր կերպարի, այնուհետեւ վերադառնում դրախտ, նորից ճանապարհ ընկնում Հայաստան։ Հայաստանում լինում է Երեւանում, Էջմիածնում: Հիմնական գործողությունների մասնակիցները դառնում են Միքայել հրեշտակապետը եւ նրան իր աջակցությունը հայտնած Աստղիկը, մի հասարակ երեւանցի աղջիկ: Որոշակի զգացմունքային խաղեր կան Աստղիկի ու Միքայելի հարաբերություններում, բայց սիրո չի վերածվում` Միքայելի հրեշտակապետ լինելու պատճառով: Այսինքն՝ զգացմունքայնություն նկատվում է Աստղիկի կողմից, բայց Միքայելը մնում է իր մտահոգությունների մեջ: Կարծես չի էլ նկատում այդ զգացմունքները:

«Սատանայի ընտրությունը» վեպում գրողը պատկերում է մի իրականություն, երբ ասես հայելիները սենյակում ամրացված են դիմահար պատերին եւ արտացոլվում են միմյանց մեջ (անվերջ օբյեկտներ եւ անվերջանալի տարածություն, ինչն էլ դրանց սահմանափակում է)։ Միեւնույն ժամանակ ստեղծվում են բազմաթիվ պատկերներ, որոնցից յուրաքանչյուրը տալիս է միայն մասնակի օբյեկտի ընկալում, բայց դրան հատուկ են ճշմարտությունն արտահայտելու անփոփոխ հատկություններ»,-ասում է գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031