Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Զորիկը գլուխը բարձր պահած է գնացել բանակ»

Հունվար 20,2021 13:00

Հարազատները պատմում են հերոսի մասին

Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ անմահացավ նաեւ նաեւ Զորիկ Շահրամանյանը:

Զորակոչվել էր բանակ 2020թ. հուլիսի 20-ին:

Մայրը` Մանուշ Սահակյանը պատմում էր, որ համավարակով պայմանավորված` ընտանիքը չէր ցանկանում ծառայության մեկնելու նախօրեին միջոցառում կազմակերպել, բայց քանի որ հունիսի 30-ին Զորիկի ծննդյան օրն էր եղել, հարազատների նեղ շրջապատով նշեցին այն. «Տղայիս ծնունդը նշելուց հետո՝ հուլիսի 20-ին, զինկոմում եղել է վերջին հանդիպումս: Մտերիմներս ասացին`քեզ պինդ կպահես, հանկարծ չլացես, ու էդպես փորձեցի հազիվ զսպել ինձ, որ ցույց չտամ, թե ինչ էր կատարվում ներսումս։ Մի տեսակ վստահ եմ ուղարկել բանակ, ինքն էլ զինվոր դառնալու մեծ ցանկություն ուներ: Գլուխը բարձր պահած է գնացել բանակ, որովհետեւ իր հայրն էլ 20 տարի ՊԲ-ում ծառայել է: Ես շատ վստահ էի, որ ամեն բան լավ կլինի եւ հպարտ էի, որ զինվորի մայր եմ…»:

Ծառայության ընթացքում տղան պարբերաբար խոսել է ընտանիքի հետ, մայրը հիշում է, որ որդին շատ էր սիրում պատմել իր բանակային առօրյայից: «Այնքան ուրախ էր, ինքն էր մեզ զանգում եւ ամեն զանգի մեջ կարոտած ձայնն էի լսում, բոլորից հարցնում էր։ Մեր կյանքից էր ուզում իմանալ։ Իսկ ինքն իր առօրյայից էր ոգեւորված խոսում: Անկեղծ` ես չէի թողնում, իրա անվտանգության համար էի անհանգստանում, որ պետք չէ ամեն բան պատմել»:

Հոկտեմբերի 11-ին Զորիկի մայրը բարեգործական աշխատանքների նպատակներով տնից դուրս էր եկել` արցախցիներին օգնությունները հասցնելու: Կես ճանապարհին զանգ ստանալով ամուսնու կողմից` շտապ վերադարձել է տուն. «Ամուսինս որ զանգեց, ես կես բառից հասկացա, թե ինչ է կատարվել։ Սեւ օրս սկսվեց: Եկա տուն, տեսա լիքը բարեկամներ, ընկերներ արդեն հավաքված են մեր տանը։ Ամուսինս ինձ հանգստացրեց, ասաց, որ դեռ հստակ չգիտենք ուր է երեխան, իրեն ասել էին վիրավորվել է, ուղարկել են Հայաստան»:

Զորիկ Շահրամանյանը ծնունդով Արցախից է, ծնվել է 2002թ. հունիսի 30-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Տան ավագ զավակն էր: Հաճախել է տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցը, որտեղ մասնակցել է տարատեսակ մրցույթների, այնուհետեւ ուսումը շարունակել նույն քաղաքի ֆիզմաթ դպրոցում: Մայրը պատմում է, որ Զորիկը փոքր տարիքում շատ չարաճճի, էներգիայով լի ու ուրախ երեխա է եղել, մեծանալով` փոքր-ինչ փոխվեց. «7 տարի հաճախեց մշակույթի տան փայտամշակման խմբակը: Հաճախում էր կարատեի, հետո 3 տարի զբաղվում էր ֆուտբոլով, այնուհետեւ` բասկետբոլով, բայց այս ամենը կիսատ թողեց… »:

Զորիկը նաեւ մի քանի տարի հաճախել է Ստեփանակերտի «Թումո» կենտրոնը, որտեղ ըստ տնեցիների` լավ առաջընթաց ուներ: Այնուհետեւ ընտանիքը տեղափոխվեց Երեւան:

Զորիկի հայրը` Վախթանգ Շահրամանյանը, հիշեց, որ դպրոցն ավարտելու վերջին ամիսներն էին, սակայն Զորիկը դեռ չէր կարողանում կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում. «Մոտ մեկ տարի պարապում էր, բայց շատ ուշ ընտրեց մասնագիտությունը, եւ ընդունվեց Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետական ֆակուլտետը։
Շատ էր հետաքրքրվում աշխարհի հայտնի ճարտարապետներով»:

Զորիկի մորաքրոջ աղջիկը` Մարիան, սիրով է հիշում, թե ինչպես էին թոռներով հավաքվում Արտո պապիկի տանը, սահնակ քշում, ինչ անմոռանալի օրեր էին անցկացնում Շուշիում, Գանձասարում ու Արցախի մյուս հրաշք վայրերում:

Զորիկի մտերիմ ընկերներից Գուրգենը ընկերոջ մասին միշտ ներկայով է խոսում, ասում է` հերոսները չեն մահանում. «Ինքը հիմա մեր սրտերում ու հուշերում է ապրում: Շատ ենք զգում նրա պակասը։ Ոնց որ երեկ լիներ, որ հավաքվում էինք, զրուցում, կիսվում իրար հետ։ Գնում Արցախի տատիկ-պապիկի հուշարձանի մոտ նստում, խորասուզվում լռության մեջ։ Այդպես մեր Զորիկը հավերժ հեռացավ, հավերժացավ»:

Ֆիզմաթ դպրոցի դասղեկ Իրինա Պետրոսյանն առանձնացրեց Զորիկի կարգապահ ու համեստ լինելը: Իր խոսքով` Զորիկը շատ էր սիրում փոքրիկ, հաճելի անակնկալներ անել բոլորին. «Հիշում եմ իր պատրաստած փայտից նվերները, մինչ այժմ դասարանում են: Նաեւ հաճելի անակնկալ եղավ բոլորիս համար, երբ Զորիկը գրքերի փոխարեն, մրգերով լի պայուսակով մտավ դասարան ու հյուրասիրեց բոլորին»:

Զորիկը, ըստ դասղեկի, հատուկ վերաբերմունք ու սեր է ունեցել զինվորների ու զինծառայության նկատմամբ: Ամեն տարի դպրոցում մեծ ոգեւորությամբ ու պատրաստակամությամբ մասնակցում էր զինվորների համար ծանրոցների պատրաստման գործընթացին: Բանակ զորակոչվելուց առաջ դասղեկի հետ հանդիպման ժամանակ նրան խոստացել էր բանակից հետո մի լավ քեֆ անել…

Օֆելյա ՊՈՂՈՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031