Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկրաշարժերը Սերկեւիլում

Հունվար 20,2021 12:30

Սերկեւիլ գյուղատեղին գտնվում է Օհանավան գյուղի հյուսիս-արեւելյան մասում, Քասախ գետի կիրճի աջ եզրին: Այն Արագածոտնի նշանավոր բնակավայրերից էր, որը միջնադարում կապված էր հարավից՝ Հովհաննավանքի, արեւմուտքից՝ Ուշիի, հյուսիսից՝ Սաղմոսավանքի, իսկ արեւելքից՝ Քասախի կիրճով Եղվարդի հետ:

Այստեղով անցել է Արարատյան դաշտից դեպի հյուսիս ուղղված արքունական հին ճանապարհը:

Գյուղը առաջին անգամ հիշատակվում է 1021թ., այստեղ տեղի ունեցած ճակատամարտով, որի ընթացքում Վասակ Պահլավունին կասեցրել է դեպի Անի արշավող սելջուկ-թուրքերին: Այս մասին տեղեկացնում են պատմիչներ Մատթեւոս Ուռհայեցին, Վարդան Վարդապետը, Մխիթար Այրիվանեցին եւ ուրիշներ: Այն իր արտահայտությունն է գտել Մարմաշենի 1029թ. արձանագրությունում, որպես «թուրքաց պատերազմ»:

Ինչպես պատմիչներն են գրել, թուրքերը, կոտորելով Սերկեւիլի բնակիչներին, շրջապատել են եկեղեցին ու անխնա սրախողխող արել պատսպարված հավատացյալներին: Այս լուրն առնելով, Բջնիի իր ամրոցից այստեղ է շտապել Վասակ Պահլավունին, որի տիրույթների մեջ էր մտնում Արագածոտնի այս հատվածը եւ մոլեգնաբար հարձակվելով, կոտորել է թուրքերին ու փախուստի մատնել նրանց: Քաջ Վասակի անունով էլ տեղանքը երբեմն անվանվել է «Վասակամուտ»:

Սերկեւիլ գյուղատեղի միջնադարյան մշակութային շերտը նստած է մ.թ.ա. 2-1 հազ. թվագրվող հին բնակավայրի վրա: Այստեղ պահպանվել է նաեւ նույն ժամանակաշրջանի կիկլոպյան ամրոցի հենապատերը եւ վաղ միջնադարյան ամրոց-դղյակը: Ներկայումս գյուղատեղին ամբողջովին պատած է բնակելի շինությունների ավերակներով: Սերկեւիլը միջնադարում բազմիցս հիշատակվում է: 1029թ. այստեղից մի այգի սպարապետ Վահրամ Պահլավունին նվիրել է Մարմաշենին, 13-րդ դարում իշխանաց իշխան Վաչե Վաչուտյանը՝ Հովհաննավանքին: Իսկ 1350թ. Թեոդորոս Չրքինը ամբողջ գյուղն է նվիրել Հովհաննավանքին: Գյուղը 13-րդ դարի սկզբից պատկանել է Վաչուտյաններին:

Գյուղատեղիի արեւելյան մասում, կիրճի եզրին, կիսակործան կանգուն է Սբ Հովհաննես (անվանվում է նաեւ Սբ Գրիգոր Լուսավորիչ) եկեղեցին՝ կառուցված 10-րդ դարում Պահլավունիների կողմից: Նրան հարավից կից է գավիթը, որը ենթադրվում է՝ կառուցվել է 13-րդ դարում Վաչուտյանների կողմից: Եկեղեցին արտաքինից ուղղանկյուն հատակագծով միանավ սրահ է, երկթեք տանիքով, որտեղ թաղը նստած է զույգ կամարների վրա: Նրա արեւելյան մասում կիսաշրջան խորանն է: Մուտքը եղել է արեւմտյան կողմում: Եկեղեցու պատերին կան արձանագրություններ եւ խաչաքանդակներ:

Եկեղեցին մեծ չափով վնասվել է այստեղ պարբերաբար տեղի ունեցած երկրաշարժերից: Հատկապես ավերվել է 1827թ. Կեչառիսի (կամ Ծաղկաձորի) երկրաշարժից, որից հետո՝ 1831թ., այստեղ այցելած Հայկական մարզի տնտեսական մասի կառավարիչ Իվան Շոպենը գրել է. «Բավականին լեռնոտ տեղանքում գտնվում է հրաշալի Սուրբ Հովհաննես վանքի ավերակները, փլված 1827թ. երկրաշարժի ժամանակ»: Այդ երկրաշարժից փլվել էր նաեւ հարեւան Ուշիի Սբ Սարգիս վանքի շինությունները, վնասվել Հովհաննավանքը եւ այլն:

Սբ Հովհաննես եկեղեցին վնասվել է նաեւ 1840թ. Արարատյան երկրաշարժից, իսկ արեւմտյան պատը՝ քանդակազարդ խաչքարով (ինչպես նկատելի է հին լուսանկարից), փլվել է 1918թ. հունվարի 6-ի գիշերը՝ երկրաշարժից:

Ներկայումս Սերկեւիլի համալիրը ավերակ վիճակում է, արեւմտյան ճակատը կործանված, ծածկի երեսապատի քարերը թափված, շրջակայքը՝ փլատակներով լցված: Անձրեւաջրերը սպառնում են կործանել ամբողջ ծածկը, եթե շուտափույթ միջոցներ չկիրառվեն:

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

գիտաշխատող

Լուսանկարը՝ հեղինակի
«Առավոտ» օրաթերթ
19.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031