Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ոչ միայն բում չեղավ, այլեւ պակաս ներդրումներ եղան

Հունվար 20,2021 15:00
hark

2018 թվականի հեղափոխությունից հետո մեր երկրում, ինչպես խոստանում էին նոր իշխանությունները, ներդրումային բում, հատկապես՝ օտարերկրյա, այդպես էլ տեղի չունեցավ: Ոչ միայն ներդրումները չավելացան, այլեւ՝ պակասեցին: Այս մասին փաստում է Հայաստանի վիճակագրական կոմիտեն:

Օրերս հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2020 թվականի հունվար-նոյեմբերին» զեկույցը, որտեղ կոմիտեի մասնագետները վերլուծել են 2019-ի եւ 2020 թվականի տվյալները:

2019 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումները մեր երկրում կազմել են 137 միլիոն 836 հազար դրամ, որից ուղղակի ներդրումները՝ 38 միլիոն 384 հազար դրամ է: 2020 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը զգալի նվազեց: Անցյալ տարի օտարերկրյա ներդրումները կազմել են 52 միլիոն 633 հազար դրամ: Այսինքն՝ 85 միլիոնով ավելի պակաս: 2019-ից հետո կտրուկ նվազել են Ռուսաստանի Դաշնությունից եկող ներդրումային գումարները: Եթե երկու տարի առաջ հունվարից մինչեւ նոյեմբեր ՌԴ-ից Հայաստան է եկել 61 միլիոնից ավելի ներդրում, որից 4 միլիոն 892 հազարը՝ ուղղակի ներդրումներ են կազմել, ապա անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ռուսական ներդրումները 35 միլիոն 456 հազարով պակաս են եղել:

Գերմանիան ներդրումների չափով ՌԴ-ից հետո երկրորդ տեղում է: 2019-ին Գերմանիայից Հայաստան են հոսել մոտ 41 միլիոն դրամ օտարերկրյա ներդրումներ: 2020-ին այս երկրից ներդրումները մոտ 5 միլիոնով ավելին են եղել՝ կազմելով 45 միլիոն դրամ: Ուղղակի ներդրումները սակայն, Գերմանիայից պակասել են 1 միլիոն 832 հազարով:

Իտալական ներդրումները 2019-ին կազմել են 25 միլիոն 955 հազար դրամ: Այս թիվը սակայն կրճատվել է. անցյալ տարի Իտալիայից հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում մեր երկիր է հոսել 18 միլիոն 502 հազար դրամ, որից 6 միլիոն 405 հազարը կազմել են ուղղակի ներդրումները: 2019 թվականին օտարերկրյա ներդրումներ ենք ունեցել նաեւ Լյուքսենբուրգից՝ 4 միլիոն 478 հազար դրամ: 464 հազարը եղել է ուղղակի ներդրում: 2020-ին Լյուքսեմբուրգից ներդրումները կազմել են մոտ մեկ միլիոն դրամով ավելի:

Արգենտինայից ներդրումները կազմել են 2 միլիոն 789 հազար դրամ, ուղղակի ներդրումները՝ 6 միլիոն 597 հազար դրամ: 2020 թվականին 7 միլիոն 273 հազար դրամով արգենտինյան ներդրումները պակասել են: Շվեյցարիայից 2019 թվականին մեր երկիր է եկել 1 միլիոն 988 հազար դրամի ներդրում, 2020-ին կիսով չափ պակաս՝ 732 հազար դրամ: Կիպրոսից գումարների արտահոսքը մեր երկիր նշյալ ժամանակահատվածում նույնպես կրճատվել է:

Եթե 2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին այդ երկրից օտարերկրյա ներդրումները կազմել են 1 529.6 եւ ուղղակի ներդրումները՝ 3 միլիոն 689 հազար դրամ, անցյալ տարի 3 միլիոն 464 հազար դրամով այդ գումարները պակաս են եղել: Կիպրոսից հետո օտարերկրյա ներդրումների չափով կոմիտեն նշել է Նիդերլանդներին: 2019 թվականին Նիդերլանդներից մեր երկիր է հոսել 1 միլիոն 447 հազար դրամ: 1 միլիոն 644 հազար էլ ուղղակի ներդրումներն են եղել:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածում այս երկրից ներդրումները կազմել են ընդամենը 239 հազար դրամ: Ֆինլանդիայից Հայաստան է եկել 1 միլիոն 63 հազար դրամ: Ուղղակի ներդրումները կազմել են 1 միլիոն 947.8 հազար դրամ: 2020-ին Ֆինլանդիայից ոչ մի լումա ներդրում չենք ունեցել:

Գրեթե նույնչափ ներդրում 2019-ին ունեցել ենք Արաբական Միացյալ Էմիրություններից ու Կուբայից: Այդ թիվը համապատասխանաբար կազմել է՝ 837 հազար եւ 812 հազար դրամ: 2020 թվականին ԱԷՄ-ից 23 հազար դրամով պակաս են եղել ներդրումները: Նույն թվականին Կուբայից էլ 715 հազար դրամ է ներդրում կատարվել:

ԱՄՆ-ից սակայն 2019 թվականին ավելի քիչ ներդրում է եղել, քան՝ 2020-ին: Երկու տարի առաջ Միացյալ նահանգներից ներդրումները կազմել են 341 հազար դրամ, անցյալ տարի՝ 1 միլիոն 207 հազար դրամ:

Նույն աղբյուրից տեղեկանում ենք, որ օտարերկրյա ներդրումները կատարվել են բուսաբուծության ու անասնաբուծության, որսորդության եւ հարակից ծառայությունների ոլորտներում: Ինչպես նաեւ ձկնորսության ու ձկնաբուծության, մետաղական հանքաքարի արդյունահանման, հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման ոլորտներում, սննդամթերքի եւ խմիչքների արտադրության, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունում, կաշվի, կաշվե արտադրատեսակների արտադրության, քիմիական նյութերի եւ քիմիական արտադրատեսակների արտադրություններում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.01.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031