Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտավոր ենք դիվերսիֆիկացնել մեր արտաքին քաղաքականությունը՝ Արևմուտքի հետ առևտրատնտեսական ու խորհրդատվական կապերը հագեցնելով ռազմաքաղաքական բովանդակությամբ. Արամ Սարգսյան

Հունվար 19,2021 23:45

Հունվարի 20-ին, կեսօրին, Վաշինգտոնում երդմնակալությամբ պաշտոնն է ստանձնում ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենը: Դոնալդ Թրամփի սկանդալային նախագահությունից ու սկանդալային հեռացումից հետո համաշխարհային մակարդակով գեներացվում են մեծ սպասումներ ԱՄՆ նոր նախագահից:  Ջո Բայդենը ԱՄՆ ամենափորձառու քաղաքական գործիչներից է, Սպիտակ տուն է հասել քաղաքական հիերարխիայի բոլոր աստիճանները հաղթահարելով:  Մաղթելով նրան արդյունավետ աշխատանքի նվազագույնը չորս տարիներ Սպիտակ տանը, կարծում եմ, որ ԱՄՆ նոր վարչակարգից կարող ենք ակնկալել արտաքին քաղաքականության գերակայությունների փոփոխություն մեր տարածաշրջանում:

ԱՄՆ-ից կամ Արևմուտքից որևէ ակնկալիք ունենալուց առաջ մենք ինքներս պետք է ձևավորենք փոխշահավետ հարաբերությունների օրակարգ: Գլոբալացված աշխարհում պետությունները սովորաբար գործում են աշխարհաքաղաքական կարծրատիպերով՝ ըստ ձևավորված միությունների ու դաշինքների գերակայությունների: Փաստացի՝ երկկողմ հարաբերությունները ժամանակակից աշխարհում էլ կառուցում են ըստ այս կամ այն պետության այս կամ այն դաշինքին ու միությանը պատկանելության:

Հայաստանի պարագայում դա ունեցել է բացասական ազդեցություն, որովհետև համաշխարհային ասպարեզում Հայաստանը համարվել է Ռուսաստանի ուղեծրում գործող պետություն՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով: Բայց դա չի նշանակում, որ սպառված են այլ պետությունների հետ փոխադարձ կարևորություն ունեցող օրակարգերի ձևավորման հնարավորությունները: Միանգամայն հակառակը՝ մենք կարող ենք ու պարտավոր ենք՝ մեր բնական ու արտադրական ռեսուրսների հաշվառումով՝ Արևմուտքի ու Հայաստանի շահերի համադրումներ գտնել և փոխշահավետ համագործակցության հիմքեր ստեղծել: Դա է ներդրումներ ու նոր տեխնոլոգիաներ Հայաստան բերելու ճանապարհը, որի արդյունքն է դառնալու Հայաստանի իմիջի փոփոխությունը աշխարհում և քաղաքական կշռի վերականգնումը իբրև տարածաշրջանում կարևոր գործընկեր:

Մենք չենք կարող անտեսել փաստը, որ ներդրումներն ու նորագույն տեխնոլոգիաները Արևմուտքում են, ու դրանց առկայությունից է կախված մեր՝ որպես պետություն հնարավորինս արագ ոտքի կանգնելու հնարավորությունը և գոյություն ունեցող սպառազինություններով ու բանակով  անվտանգությունը ու արժանապատվությունը պահելու ունակությունը: Ի վերջո՝ Ռուսաստանն ու ԵԱՏՄ երկրներն առանձին-առանձին փորձում են հնարավորինս շատ ու ծավալուն պայմանագրեր կնքել Արևմուտքի հետ ֆինանսների ու տեխնոլոգիաներ ձեռքբերելու համար:

ՀՀ իշխանության ակտիվ աշխատանքի և ԱՄՆ-ի ու համաեվրոպական հայկական սփյուռքի հետ նպատակային աշխատանքի դեպքում Հայաստանը հաջողության անհամեմատ մեծ հնարավորություններ ունի:

Ստեղծված պայմաններում մենք պարտավոր ենք հանուն քաղաքական ինքնիշխանության, ազգային անվտանգության և տնտեսության զարգացման դիվերսիֆիկացնել մեր արտաքին քաղաքականությունը՝ Արևմուտքի հետ առևտրատնտեսական ու խորհրդատվական կապերը հագեցնելով նաև ռազմաքաղաքական բովանդակությամբ:

Ավելի կոնկրետ՝ ԱՄՆ 46-րդ նախագահի պաշտոնակալության ընթացքում մենք ակնկալում ենք, որ լիարժեք կգործի ԵԱՀԿ Մինսկի խումբը, և ԱՄՆ-ը՝ իբրև համանախագահ երկիր, կթոթափի անցած տարիների պասիվությունը ու գործուն մասնակցություն կունենա Արցախի Հանրապետության կարգավիճակի որոշարկման ու ճանաչման գործընթացներում՝ նվազագույնը ԼՂԻՄ-ի սահմաններով, կնպաստի Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը և տնտեսական զարգացմանը:

Աշխարհը փոփոխվում է չափազանց արագ, մենք այդ արագությունից պետք է օգտվենք, և վստահաբար օգտվելու ենք՝ ոչ միայն այլընտրանք չունենալու, այլև մեր ձայնով մեր խոսքն ասելու համար սերունդներին, որ արժանի են արժանապատիվ ու զարգացող երկիր ունենալու:

Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ

Մեր ձայնով մեր խոսքն ասելու անբեկանելի իրավունքը Հունվարի 20-ին, կեսօրին, Վաշինգտոնում երդմնակալությամբ պաշտոնն է...

Posted by Արամ Սարգսյան on 2021 թ. հունվարի 19, երեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031