Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ոսկանյան. «Թուրքիային Նախիջեւանով Ադրբեջանին կապող ճանապարհով զինտեխնիկա, տանկ տեղափոխել թույլատրվելո՞ւ է»

Հունվար 19,2021 22:55

Իրանագետ Վարդան Ոսկանյանը խոսելով արցախյան պատերազմում Հայաստանին պարտադրված փաստաթղթի ստորագրումից հետո ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների մասին՝ նշեց, որ այսօր, որպես թուրք-ադրբեջանական տանդեմին հակակշիռ, Հայաստանը պետք է եռակողմ դաշինք կազմի Իրանի եւ Ռուսաստանի հետ, որի ուղղությամբ անհրաժեշտ է գիշեր ու ցերեկ տքնաջան աշխատել: Նրա համոզմամբ, Հայաստանի իշխանությունը պետք է առաջնային պլան մղի հյուսիս-հարավ ավտոմայրուղին օր առաջ շահագործելը, որը Հայաստանի հարավային՝ Իրանի հետ սահմանը պետք է կապի հյուսիսային՝ Վրաստանի հետ սահմանին: Սակայն դրա փոխարեն այսօր Հյուսիս-հարավ ավտոմայրուղու գործընթացը, ըստ էության սահմանափակվել է ինչ-որ կոռուպցիոն գործարքների մասին հայտարարություններով: Ու կարծես, որեւէ դատական գործ էլ ավարտին չի հասել:

«Փաստն այն է, որ այդ մայրուղու շինարարությունը դուրս է եկել քննարկման օրակարգից: Այո, գոնե այդ մայրուղին պետք է կառուցվի: Պետք է քննարկվեն բոլոր այն հնարավոր ճանապարհները, որոնք կօգնեն  հաղթահարել մեզ նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի հայտարարություններով պարտադրված խայտառակ  եւ ամոթալի կետերը: Թուրքիան՝ Նախիջեւանին, Նախիջեւանը՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանին կապող այդ ճանապարհը միանշանակ թուրանական միջանցքն է: Դա հստակ քաղաքական ծրագիր է, որը մոտ է իրականություն դառնալուն»,-ասաց Վարդան Ոսկանյանը եւ բերեց վտանգները փաստող օրինակ. «Հայաստանում չկա մի մարդ, որն անհանգստացած չլինի Նախիջեւանը Հայաստանի հարավով Ադրբեջանին կապող ճանապարհի շինարարությունով, որով Մեղրու տարածաշրջանով պետք է անցնեն թուրքական մեքենաներ: Իսկ գուցե զինտեխնիկա՞ կտեղափոխեն: Դրա մասին խոսք կա՞: Արդյոք թուրքական տանկերը Նախիջեւանից Ադրբեջան տեղափոխել թույլատրվելո՞ւ է այս կոմունիկացիաների ապաշրջափակման արդյունքով ի հայտ եկող ճանապարհով: Եվ եթե այո, ո՞վ պետք է թույլատրի: Նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով ասվում է, որ վերահսկողությունն իրականացնելու են ռուսական սահմանապահները»:

Հարցին՝ ստեղծված իրավիճակից շահած դուրս գալ ցանկանում ու ձգտում են տարածաշրջանի բոլոր երկրները: Տպավորություն է ստացվում, թե միայն Հայաստանն է, որ կարծես նման ցանկություն չունի, համենայն դեպս տեսանելի ջանք չի երեւում, Վարդան Ոսկանյանը պատասխանեց. «Հայաստանում իրենց իշխանություն համարողները, շատերն այլեւս նրանց Հայաստանում իշխանություն չեն համարում, նույնիսկ չեն գիտակցում, թե ինչ ասել է  Հայաստանի Հանրապետության շահ, ուր մնաց՝ հետամուտ լինեն այդ շահերին: Մի իշխանություն, որը ունակ չէ ժամանակին կազմելու եւ միջնորդ երկրին ներկայացնելու ադրբեջանական գերության մեջ գտնվող  մեր քաղաքացիների ցանկը, ինչպե՞ս կարող է պատկերացնել Հայաստանի Հանրապետության շահը, գիտակցել՝ որտեղ են այդ շահերը եւ աշխատել այդ շահերի բավարարման ուղղությամբ: Եվ սա ցավալի է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031