Լրահոս
Օրվա լրահոսը

Երկու պատասխանատու պաշտոն մեկ հաստիքո՞վ․ ո՞ւմ է անցնում Շիրակի մարզի իշխանությունը

Հունվար 19,2021 21:55

Ինչպես հայտնի է, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որն, ամենայն հավանականությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կստորագրվի կառավարության առաջիկա նիստում։

Թե ինչո՞ւ է հրաժարական տալիս, Տիգրան Պետրոսյանը խոստացել է պարզաբանել իր դիմումի ստորագրումից հետո։ Այսպիսով, Շիրակի մարզպետարանը ճանապարհում է ամենակիրթ երիտասարդներից մեկին, որն աչքի է ընկնում իր շփման բարձր կուլտուրայով։

Թե ինչո՞ւ է լքում պաշտոնն, այս մասին տարբեր խոսակցություններ են շրջանառվում, օրինակ՝ կադրային ոչ ճիշտ քաղաքականության, հատկապես առողջապահական հիմնարկների ղեկավարներ նշանակելու հարցում, որը, բնականաբար, չի վրիպել իշխանությունների աչքից։

Հիշեցնենք, որ Գյումրու Մոր ու մանկան ավստրիական հիվանդանոցում անցած տարի ճիշտ այս ժամանակ տնօրենի պաշտոնում նշանակեց իր թիմակցին, ընկերոջ քեռու որդուն՝ Ժորժիկ Սերոբյանին։ Այն խիստ քննադատության արժանացավ գյումրեցիներից շատերի կողմից, և ոչ թե նրա համար, որ այս քաղաքի բնակչությունն անչափ հիացած էր դաշնակցական տնօրեն Աշոտ Կուրղինյանի աշխատանքով, այլ` ծանոթ-բարեկամի պաշտոնի նշանակելով՝ արժեզրկվում էր թավշյա հեղափոխությունը, նշանակում էր՝ երկրում ոչինչ չի փոխվել։

Սա, ի դեպ, հարուցել էր ՀՀ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի դժգոհությունը ևս։

Ինչևէ, մարզպետի հրաժարականի հիմքում տեսնում են նաև գերիների վերադարձի դեռևս չլուծվող հարցը․ ի՞նչ պատասխանել նրանց հարազատներին, ինչպե՞ս նայել նրանց աչքերի մեջ, սա, թերևս, ամենաբարդն է։ Շիրակի մարզից 62 գերիներ կան, որոնց ադրբեջանական իշխանությունները կալանավորել են շինծու մեղադրանքով՝ նրանց համարելով ՀՀ զինված ուժերի դիվերսիոն խմբի անդամներ։

Վարկածներից մեկն էլ սա է, որ հենց այդ պատճառով էլ Տիգրան Պետրոսյանն ինքնակամ լքում է պաշտոնը։ Նշենք, որ որդիներից գեթ մի լուրի սպասող հարազատներն անընդհատ մարզպետարանում են ու նրանց հստակ պատասխան է պետք։

Պիտի խոստովանել, որ նման պայմաններում Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելը ռիսկի հարց է․ այս մարզը միշտ էլ դժվար է եղել կառավարելը․ նախ ամենաաղքատն է, ամենաանհնազանդը։ Ու պատահական չէր, որ նախորդ իշխանությունները մարզպետի պաշտոնում բերում էին ուժային կառույցների ներկայացուցիչների՝ օրինակ՝ գեներալների, որոնց խոսքը արժեք ուներ գյուղապետերի ու այլ պաշտոնյաների շրջանակում։

Ո՞ր համարձակը կփոխարինի Տիգրան Պետրոսյանին։ Ի սկզբանե մարզպետի պաշտոնում շոշափվում էր ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանի անունը։

Սակայն, մեզ հայտնի դարձավ, որ նրան վաղը կամ մյուս օր կնշանակեն փոխմարզպետ՝ մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները որոշ ժամանակով դնելով նրա ուսերին։

Սա կլինի քննություն բժշկի համար․ եթե արդարացրեց իրեն, կնշանակվի մարզպետ՝ տեղ ազատելով փոխմարզպետի թեկնածուների համար։

Նշենք, որ Շիրակի մարզի առողջապահական հիմնարկների պատասխանատուների բնութագրմամբ՝ վերջինս առողջապահության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում բավական քաղցր աչքով է նայել մարզին․ չի եղել որևէ խնդիր, որն արագ լուծում չի ստացել։

Ի դեպ, փոխմարզպետի պաշտոնի համար, որը գրեթե երկու ամիս է՝ ազատ է Վարդան Գրիգորյանի հրաժարականից հետո, ևս անուններ են շրջանառվում։

Շրջանառվում են ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնականի՝ մասնագիտությամբ լրագրող Էմմա Պալյանի, ինչպես նաև միջազգային լայն կապերով աչքի ընկնող, կրթության ու երիտասարդության ոլորտի փորձագետ Արթուր Նաջարյանի անունները։

Վերջինս անկուսակցական է, ղեկավարում է «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը, նաև Շիրակի պետական համալսարանի դասախոս է։

Երկուսն էլ երիտասարդ են։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Արթուր Նաջարյանի և Էմմա Պալյանի լուսանկարները՝ նրանց ֆեյսբուքյան էջերից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031