Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը գեղեցիկ փաթեթավորում է, մինչդեռ, գործ ունենք թուրքական 100-ամյա երազանքի իրականացման նախափուլի հետ». Վարդան Ոսկանյան

Հունվար 19,2021 20:44

«Միամտություն կլիներ մտածել, թե Իրանը չի աշխատում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Նրանք աշխատում են տարածաշրջանի բոլոր հարեւանների հետ, այդ թվում նաեւ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի: Որոշ դեպքերում կնքվում են նաեւ չգրված ժամանակավոր դաշինքներ: Օրինակ, Սիրիայում թուրք-իրանական համագործակցության մասին: Սակայն թուրք-իրանական առկա  հիմնական խնդիրները չեն վերանում: Դրանք ոչ թե վերացվել, այլ՝ սառեցվել են: Սառեցվել են նաեւ Ադրբեջանի հետ նման հարաբերությունները, որոնք հսկայական բուրգ են ընդգրկում, քաղաքականից, մինչեւ՝ մշակութային:

Խնդիրների այս ամբողջ համատեքստում ուզում եմ կարեւորել հատկապես Հայաստան-Իրան հարաբերությունների մեջ Սյունիքի դերակատարումը: Տեսեք, հիմա խոսվում է զանազան հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին: Դա գեղեցիկ փաթեթավորում է: Իրականում մենք գործունենք Թուրքիան Ադրբեջանին կապող ցամաքային միջանցքի՝ մոտ 100-ամյա թուքական երազանքի իրականացման նախափուլի հետ: Եթե, այսպես կոչված նախիջեւանյան ճանապարհը կյանքի կոչվի, մենք ունենալու ենք շատ զգալի ռիսկեր եւ մարտահրավերներ՝ կապված Սյունիքի տարածաշրջանի հետ: Եթե դա կյանքի կոչվի, ըստ էության Սյունիքի տարածաշրջանը կարող է կորցնել տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, անվտանգային առումով իր այն նշանակությունը, որն այժմ ունի եւ դառնալ լուսանցքային, ինչը ուղղակիորեն ոչ միայն չի բխում, այլեւ հակասում է ՀՀ ազգային եւ պետական շահերին:

Սա շատ լավ գիտակցում են իրանցիները, որովհետեւ նրանց համար էլ Մեղրիի հատվածով Իրանի ամենակարճ սահմանը ցավալիորեն մենք կորցրեցինք արցախաիրանական սահմանում: Եվ այդ ամենակարճ սահմանը Իրանի համար էլ ունի կենսական նշանակություն: Հենց այս համատեքստում պետք է կառուցվի հայ-իրանական հարաբերությունները տնտեսական ոլորտում: Դրա վերաբերյալ արդեն իսկ կան ազդակներ Իրանից զանազան ոլորտներում, մասնավորապես, Մեղրիի տարածաշրջանի տնտեսական զարգացման համատեքստում:

Բոլորովին վերջերս Արեւելյան Ատրպատականի թյուրքախոս բնակչություն ունեցող նահանգի ղեկավարը հայտարարել է, որ Իրանը եւ հատկապես Արեւելյան Ատրպատական նահանգը շահագրգիռ է, որպեսզի ստեղծվի համատեղ շուկա՝ սահմանի երկու կողմերում: Թուրքիան Ադրբեջանին կապող այս ցամաքային միջանցքը Իրանը դիտարկում է հակասության մեջ իր շահերի հետ: Եթե այդ միջանցքն սկսի աշխատել, Իրանը կորցնում է ազդեցությունը Ադրբեջանի վրա: Էլ չխոսենք, որ այդ միջանցք կոչվածը կարծես բազմաբաղարիչ է՝ երկաթուղի, ավտոճանապարհ, նույնիսկ գրում են գազամուղի մասին»,-ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031