Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի ընթացքում նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը դատական սանկցիա կիրառեց գործով ամբաստանյալներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ: Նախագահող դատավորը հայտարարեց. «Անհարգալից վերաբերմունք է դրսևորվել դատարանի նկատմամբ, որը դրսևորվել է դատավարության մասնակցին՝ Գևորգ Բաղդասարյանին վիրավորելով»:
Հիշեցնենք՝ մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի, Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի միջև վիճաբանություն ծագեց այն ժամանակ, երբ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, թե ինքը չի պաշտպանում Շուշին հանձնողներին, ու ի պատասխան Ռոբերտ Քոչարյանն ու Յուրի Խաչատուրովն ասացին, որ Շուշին հանձնողներից մեկն էլ ինքն է:
Այս առիթով Աննա Դանիբեկյանը նաև ասաց. «Դատարանն արձանագրում է, որ այսօրվա նիստում Գևորգ Բաղդասարյանի և Արամ Վարդևանյանի կողմից թույլ են տրվել գործողություններ, որի պատճառով դատական նիստի կարգն է խախտվել, նախագահողի օրինական կարգադրությունը չի կատարվել: Գևորգ Բաղդասարյանի և Արամ Վարդևանյանի նկատմամբ կիրառվում է սանկցիա՝ նկատողության տեսքով, դատական կարգը խախտելու, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար»:
Նախագահող դատավորը հայտարարեց՝ հաշվի առնելով տեղի ունեցած միջադեպը, որոշեց փոփոխել միջնորդությունների քննարկման կարգը ու մանրամասնեց. «Դատարանը սկզբից որոշել է մեղադրողների դիրքորոշումը լսելուց հետո ևս կես ժամվա ընթացքում հնարավորություն ընձեռել կողմերին լրացնել իրենց դիրքորոշումը: Բայց հաշվի առնելով տեղի ունեցածը՝ դատարանը որոշեց, որ միջնորդությունների քննարկումը համարվում է ավարտված»:
Կարդացեք նաև
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ