Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոտ մեկ տարի է ապրում ենք՝ կամ արտակարգ, կամ ռազմական դրության պայմաններում, դատախազները կես բառ ասացի՞ն». Ռոբերտ Քոչարյան

Հունվար 19,2021 19:15

«Երբ 2,5 տարի է փորձում են դատել Շուշին ազատագրողներին, Քելբաջարն ազատագրողներին և այլն, դա ուղիղ նպաստել է այն ամեն ինչին, ինչ կատարվեց հիմա՝ երկու ամիս առաջ»,- Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի ընթացքում հայտարարեց գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ մտահոգություն հայտնեց՝ դրանով վարկաբեկել են  բանակը, երեք գեներալ, գնդապետներին և հիշեց մի ասացվածք, երբ ազգը չի մեծարում իր հերոսներին, մնում է առանց հերոսների: Նա շարունակեց. «Եթե մարդիկ նպաստում են այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի պատասխանատու են այս ամենի համար՝ հողերի կորստի և զոհերի, անհետ կորածների համար, կամա թե ակամա՝ մտածելով չարամտությամբ, թե չմտածելով հետևանքների մասին, նպաստում են այդ ամենին»:

Խոսելով այս գործով իրեն առաջադրված մեղադրանքի մասին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Իմ մեղադրանքի մեխը արտակարգ դրություն մտցնելն է 20 օրով և մամուլի սահմանափակումները: Մոտ մեկ տարի է մենք ապրում ենք կամ արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում: Երկուսուկես ամիս պատերազմ չկա, կա ռազմական դրություն, դատախազներն այստեղ անելիք ունե՞ն, թե՞ չունեն: Կորոնավիրուսի դեմ պայքարի մասկիրովկայի տակ քանի՞ ամիս պահեցին արտակարգ դրությունը: Մեկ անգամ դատախազներն արձագանքեցի՞ն, կես բառ ասացի՞ն:

Սա նորմա՞լ եք համարում, կամ որևէ մեկն այս դահլիճում նստածներից սա նորմա՞լ է համարում: Փորձում էի հասկանալ, թե հիմա ռազմական դրությունն ում, ինչի, ինչ սահմանափակումների համար է պետք: Ռազմական դրությունը պահելով՝ Շուռնուխում թուրքը գալիս, ասում է այս տները պիտի ազատեք: Եվ մեր սահմանը պահողը գյուղապետն է իր մի քանի գյուղացիներով: Պետության ֆունկցիան է երկրի սահմանները պահելը: Ո՞վ է անում այս ֆունկցիան: Սահմանադրական կարգն այդտե՞ղ, թե՞ մարտի մեկին է տապալվել: Ես կարող եմ առնվազն մեկ ժամ սենց թվարկել նման կարգի օրինակներ և նաև այս գործից: Այս մեղադրանքն ուղղակի ծիծաղելի է»:

Խոսելով հպարտ քաղաքացիներ կարգախոսի մասին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Պետականությունը վարկաբեկեցինք: Այս իշխանափոխության հիմնական կարգախոսը եղել է հպարտ քաղաքացիները: Ավելի նվաստացած քաղաքացիներ ՀՀ-ն իր պատմության մեջ երբեք չի ունեցել: Եվ ոչ միայն ՀՀ քաղաքացիները, այլև յուրաքանչյուր հայ աշխարհում: Մոսկվայում ամաչում են, չեն կարողանում մի տեղ ռեստորան գնալ, քանի որ մի ադրբեջանցի են տեսնում, ամոթից դուրս են գալիս, սեղանը փակում: Այս ամենը սկսվեց նաև այս քրեական գործից»:

Անդրադառնալով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանի ու իր միջև վիճաբանությանը  և դատախազի պահվածքին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց.  «Տղամարդու կեցվածքի մեջ ամենաանընդունելին լաչառությունն ու գոռգոռալն է: Բան եմ ասել, այո, մտածել եմ, ասել եմ: Կարող էր ընդմիջման ժամանակ մոտենալ, ասել՝ պարո′ն նախագահ, ինչո՞ւ եք այդպես մտածում, հանգիստ կզրուցեինք: Այս ի՞նչ պահվածք էր: Իմ ուղեղի մեջ չի տեղավորվում այս աստիճանի պաշտոնյայի այսպիսի պահվածքը: Դա գալիս է այնտեղից, որ այս երկրում մենք ունենք թիվ մեկ լաչառ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031