Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք երկրի գլխավոր բժիշկ չենք նշանակում կամ՝ գլխավոր մասնագետ, որ մտահոգվենք». Արարատ Մկրտչյանը՝ առողջապահության նոր նախարարի մասին

Հունվար 19,2021 19:05

Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ առողջապահության նախարար է նշանակվել ոչ թե բժիշկ կամ հանրային առողջության կազմակերպիչ, այլ՝ իրավաբան:

Հիշեցնենք, որ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով հանրապետության նախագահը առողջապահության նախարար նշանակեց Անահիտ Ավանեսյանին, որը արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի օրոք զբաղեցրել էր առաջին փոխնախարարի պաշտոնը: Նոր նախարարի՝ բժշկական կրթություն չունենալու հարցը քննարկումների տեղիք տվեց: Նրա կենսագրականից տեղեկանում ենք, որ նա մասնագիտությամբ իրավաբան է, Երեւանի պետական համալսարանում ստացել է քաղաքացիական իրավունքի մագիստրոսի կոչում, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ իրավունքի մագիստրոսի կոչում։ Փաստաբանների պալատի անդամ է։

Aravot.am-ը առողջապահության նախկին նախարար, հանրային առողջության կազմակերպիչ Արարատ Մկրտչյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիրներ կարող են ծագել, երբ ոլորտը համակարգողը մասնագիտական կրթություն չունի:

«Այո, Հայաստանում առաջին անգամ է՝ մասնագիտությամբ ոչ բժիշկ նշանակվում նախարարի պաշտոնում, բայց համաշխարհային մեծ փորձ կա, որ առողջապահությունը ղեկավարում են ոչ բժիշկները, բժշկական կրթություն չունեցողները: Օրինակ՝ երկար տարիներ Ռուսաստանի առողջապահության նախարարը բժիշկ չէր, հիմա նա՝ Տատյանա Գորիկովնան, ՌԴ կառավարության վարչապետի տեղակալն է, տնտեսագետն է: Մոլդովայում նախարարը տնտեսագետ է: Մերձբալթյան երեք հանրապետություններում, Գերմանիայում՝ նույնպես: Ցանկը կարող եմ շարունակել»,-ասաց Արարատ Մկրտչյանը: Նրա խոսքով, մանավանդ այն երկրներում, որտեղ խորհրդարանական կառավարման համակարգ է, գրեթե բոլոր այդ երկրներում հիմնականում ոչ բժշկական կրթություն ունեցողներ են, քաղաքագետներ են, քաղաքական կարիերա ունեցած մարդիկ են, տնտեսագետներ են, իրավաբաններ են.

«Այնպես որ արտառոց բան ես չեմ տեսնում, մանավանդ՝ հաշվի առնելով վերջին երեք տարիներին նոր նախարարի կառավարման փորձը առողջապահական համակարգում: Նա, որպես փոխնախարար, կառավարման տեսանկյունից փորձ ունի»:

Ըստ պարոն Մկրտչյանի, այսօր առողջապահական ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը լուրջ փոփոխությունների խնդիր ունի.
«Կոպիտ պետք է ասեմ՝ առողջապահության ոլորտը կանոնակարգող ողջ օրենսդրությունը բռնաբարված է, հնացած, կոտրված, աղճատված: Բազմիցս հնչեցրել եմ այդ մասին: Լրջագույն վերանայման կարիք ունի, ուստի, հաշվի առնելով նոր նախարարի իրավական կրթությունը եւ փորձառությունը իրավաբանության բնագավառում, երեւի թե նախարարին կօգնի նաեւ այդ կարեւոր խնդիրը լուծել: Որոշումը քաղաքական է, եւ, ի վերջո, մենք երկրի գլխավոր բժիշկ չենք նշանակում կամ՝ գլխավոր մասնագետ: Երկրներ կան, որտեղ մինչեւ հիմա շարունակում են խորհրդարանով հաստատել նախարարների թեկնածությունները, մեզ մոտ նախագահի հրամանագրով: Քաղաքական թիմի ղեկավարը վարչապետն է, առաջարկել է: Նրա՝ վերջին տարիներին անցած հմտությունները հնարավորություն կտան աշխատել, մնացածը ցույց կտա ժամանակը»:

Մեր դիտարկմանը՝ գուցե ձեր տեսակետն այն երկրների պարագայում է ընդունելի, երբ առողջապահության համակարգը եւ մնացած համակարգերն, այսպես ասած՝ «ռելսերի» վրա դրված են եւ ոլորտի զարգացումը պայմանավորված չէ անձերով եւ պարտադիր չէ, որ ոլորտը համակարգողը բժշկական կրթություն ունենա: Սակայն մեզ պես զարգացող երկրների դեպքում, երբ լուրջ բարեփոխումներ են տեղի ունենում, արդյոք պետք չէ՞ որ նախարարը նաեւ մասնագետ լինի: Որպես օրինակ նշեցինք Գարդասիլի պատվաստանյութի ներդրման շուրջ առաջացած աղմուկը կամ՝ երբ որոշում էին հացը համատարած հարստացնել ֆոլաթթվով ու երկաթով, որը նույնպես լուրջ տարաձայնությունների առիթ էր առաջացրել ոլորտի մասնագետների շրջանում եւ այլն:

Ի պատասխան, Արարատ Մկրտչյանն ասաց՝ իմ կարծիքով՝ ընդունելի է, մի օր պե՞տք է քայլ անե՞նք թե՝ չէ. «Իսկ կա՞ այդ չափորոշիչը՝ երբ ենք համարվելու այն երկիրը, որ այս կամ այն քայլը կատարեն՝ թեկուզ կառավարման, մասնագետների ընտրության հարցում, թեկուզ համակարգերի բարեփոխման, վերափոխման տեսանկյունից: Շատ բարդ է ֆիքսել այդ պահը՝ քայլերի ժամանակավրեպությունը կամ ժամանակին անելը: Բայց այս իրականության մեջ, իրոք, այդ քայլը համարձակ քայլ է, նախադեպը չի եղել, բայց համաշխարհային պրակտիկայում արդեն կա»:

Արարատ Մկրտչյանը հիշեցրեց 2000 թվականներին ներդրված քաղաքացիական ծառայության համակարգը, որի նպատակն էր ողջ մասնագիտական կառավարման խնդիրները լուծել ապարատի կողմից, այսինքն՝ նախարարությունների մասնագիտական ստորաբաժանումների կողմից. «Նախարար եւ խորհրդականներ դրանք արդեն քաղաքական պաշտոններ էին, որոնք գալիս եւ գնում էին կառավարիչների հետ եւ մեծ ազդեցություն չէին թողնում քաղաքականության մեջ: Ողջ նախարարությունը զբաղվում է տվյալ ոլորտի քաղաքականության մշակմամբ, իսկ նախարարները, տեղակալները դրանք քաղաքական պաշտոններ են, որոնք անընդհատ փոփոխվում են:

Նրանք մասնագիտական որոշումներ կայացնելիս պետք է հիմնված լինեն ողջ նախարարության աշխատակիցների եւ մասնագիտական ստորաբաժանումների կատարած քաղաքական մշակումների հիման վրա: Նախարարը քաղաքական որոշում կայացնողն է, քաղաքականության մշակումն իրականացնում են նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից, ուստի այդ մտավախությունները տեղին են, բայց պետք չէ խուսափել մեր իրականության մեջ համարձակ քայլեր անելուց»:

Մեր այն հարցին, որ մամուլում փաստեր հրապարակվեցին, որ Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանն ունեն բիզնես շահեր։ Որ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ, արդյոք չկա՞ շահերի բախում: Հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ է համատեղելի նախարարի պաշտոնի հետ ամուսնու, ընտանեկան բիզնեսը:

Արարատ Մկրտչյանն ի պատասխան ասաց. ««Արմֆարմացիան» նախկին պետական կառույց է 90-ականներին ապապետականացվել է, եւ տիկին Ավանեսյանի ամուսինը կառույցի սեփականատերն է: Այդ կառույցը գոյություն ունի խորհրդային տարիներից սկսած, հավանաբար սեփականության ձեւն է փոխել, կառույցը միշտ եղել է առողջապահության համակարգի հիմնական մատակարարը՝ տարբեր դեղամիջոցների, թմրանյութերի ստացման եւ պահպանման հատուկ պայմաններ ուներ նախկինում, հիմա տեղյակ չեմ գուցե ուրիշներն էլ ունեն: Մրցույթ է, գալիս՝ հաղթում են, գնում են: Թող այդ ամենը կանոնակարգված լինի»:

Մեր ճշտող հարցին՝ չե՞ք տեսնում շահերի բախում, պարոն Մկրտչյանն ասաց՝ ի՞նչ անեն, թող ամուսնալուծվեն, թող ձեւը գտնեն՝ ինչպես անեն: «Մենք այնպիսի բաներից ենք վախենում, որ երբեք էլ չենք կայանա որպես երկիր: Ամեն մեկն էլ մի սեփականություն կունենա: Մեկը կարող է խանութ ունենա, հիվանդանոցներում որ սնունդ են տալիս, ասի՝ եկեք այդ խանութից հացը գնեք: Այն ծավալի գումարը, որ պետական պատվեր է կատարել այդ կառույցը այդքան մեծ ծավալի գնում չէ, որ տեսակարար կշիռ ունենա առողջապահության դեղորայքային պարագաների ապահովման գործում: Առողջապահությունը Ավելի մեծ ծավալների գնումներ է անում: Ինձ թվում է հետաքրքրությունների բախման պահեր չեն առաջանա: Կարող է նախարարը ավելի հզոր՝ դեղատնային կամ արտադրական ձեռնարկություն ունեցող մտերիմ մի մարդ ունենա եւ գնումներն այնտեղից անի եւ ինչ որ բոլորի մտքով անցնում է՝ իրականացնի: Այսինքն՝ դա երաշխիք չէ՝ այս կամ այն չարաշահումների մասին խոսելու: Ավելի լավ է թողնել նախարարը սկսի աշխատել եւ իր լիազորությունները կատարել»:

Պարոն Մկրտչյանը շնորհավորեց նորանշանակ նախարարին. «Այս դժվարին պայմաններում մաղթում եմ ամենահաջող աշխատանքային մթնոլորտ եւ հնարավորինս լավագույն արդյունքներ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031